Հա

Հասարակական

09/01/2019 - 08:55

Համաշխարհային վարկանշային աղիւսակներում տեղ գտած հարուստ եւ յայտնի հայերը. «Rusarminfo»-ի անդրադարձը

Ամենահարուստ ու յայտնի հայերը 2018-ի ընթացքում ընդգրկւել են համաշխարհային վարկանշային աղիւսակներում:

«alikonline.ir» - Ամենահարուստ ու յայտնի հայերը 2018-ի ընթացքում ընդգրկւել են համաշխարհային վարկանշային աղիւսակներում: «Tert.am»-ը ներկայացրել է «Rusarminfo»-ի անդրադարձը, որում  ներկայացւել են նրանցից մի քանիսը:

«Forbes» բիզնես ամսագիրը յունւարին հրապարակել էր «Ռուսական անշարժ գոյքի արքաներ 2018» վարկանիշը, որում ընդգրկւել են ռուսաստանաբնակ գործարարներ Սամուէլ Կարապետեանը, Ռուբէն Վարդանեանը եւ Գագիկ Ադիբէկեանը:

«Տաշիր» ընկերութիւնների խմբի սեփականատէր Սամուէլ Կարապետեանն ընդգրկւել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ մարդկանց ցանկում, որը հրապարակել էր ԱՄՆ ֆինանսների նախարարութիւնը «Կրեմլի զեկոյցում»:

Նոյն ցանկում տեղ էր գտել նաեւ Ռուսաստանի «Մագնիտ» խոշորագոյն մանրածախ ցանցի հիմնադիր, միլիարդատէր Սերգէյ Գալիցկին (իրական ազգանունը՝ Յարութիւնեան):

Բացի դրանից, «Forbes»-ի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներ 2018» ցանկում ընդգրկւել էր միանգամից 8 հայազգի գործարար՝ Սամուէլ Կարապետեանը, Սերգէյ Գալիցկին, Ռուբէն Վարդանեանը, Դաւիթ Եանը, Նիկոլայ եւ Սերգէյ Սարկիսով եղբայրները, Ալբերտ Աւդոլեանը եւ Անդրէյ Անդրէեւը (Անդրէյ Օհանջանեանց):

«Forbes»-ի «Միլիարդատէրեր 2018» համաշխարհային վարկանիշում տեղ են գտել Սամուէլ Կարապետեանը, Սերգէյ Գալիցկին եւ արգենտինահայ գործարար Էդուարդօ Էռնեկեանը:

2018-ին ամերիկացի գործարար, «Reddit» կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանեանը հանրութեանն է ներկայացրել իր նոր «Initialized.com» նախագիծը՝ հայկական դրօշի գոյներով: Անցեալ տարի նա ներկայացրել է նաեւ իր ստեղծած կոնեակը՝ «Շախմատ» ապրանքնաիշի ներքոյ:

Յայտնի եւ հարուստ հայուհիների շարքում իր դիրքը շարունակում է պահպանել ամերիկեան հեռուստատեսութեան աստղ Քիմ Քարդաշեանը:

Նոյեմբերին յայտնի էր դարձել, որ Քարդաշեանը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել ամենաազդեցիկ յայտնիների եւ ապրանքանիշերի վարկանշային ցանկում՝ ըստ «Lyst.com»-ի: Առաջին տեղը զբաղեցրել էր Քիմի կրտսեր քոյրը՝ 20-ամեայ Քայլի Ջեննէրը՝ դառնալով ամենաերիտասարդ միլիարդատիրուհին աշխարհում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։