Հա

Հասարակական

22/01/2019 - 09:10

Ցեղասպանութեան մասին վկայող Գերգերեան արխիւն արդէն հասանելի է հետազօտողներին

ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ եւ թուրք հետազօտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարութեամբ ուսումնասիրել եւ դասակարգել են հայր Գրիգոր Գերգերեանի արխիւը։ Անթիւ փաստաթղթերից ու անգնահատելի վկայութիւններից կազմւած այդ արխիւը հայր Գերգերեանը հաւաքել է 1930-ական թւականներից մինչեւ իր կեանքի վերջը՝ 1988 թւականը։ Փաստաթղթերը վերաբերում են Հայոց Ցեղասպանութեանը, դրան նախորդող եւ յաջորդող ժամանակաշրջանին։

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ եւ թուրք հետազօտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարութեամբ ուսումնասիրել եւ դասակարգել են հայր Գրիգոր Գերգերեանի արխիւը։ Անթիւ փաստաթղթերից ու անգնահատելի վկայութիւններից կազմւած այդ արխիւը հայր Գերգերեանը հաւաքել է 1930-ական թւականներից մինչեւ իր կեանքի վերջը՝ 1988 թւականը։ Փաստաթղթերը վերաբերում են Հայոց Ցեղասպանութեանը, դրան նախորդող եւ յաջորդող ժամանակաշրջանին։ Տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը՝ յղում անելով «t24.com.tr»-ին:

Մինչ օրս թէեւ ցեղասպանագէտների եւ պատմաբանների մեծ մասին յայտնի էր Գերգերեանի արխիւի գոյութեան փաստը, սակայն այն գրեթէ չէր օգտագործւել հետազօտողների կողմից։ Պատճառն այն էր, որ բոլոր փաստաթղթերն այստեղ ուղղակի թղթերի կոյտ էին յիշեցնում, չկար որեւէ դասակարգում, խմբաւորում, հետեւաբար կոնկրետ իրադարձութեան վերաբերեալ այդ արխիւում փաստեր գտնելը անասելի դժւար էր։

Իսկ պրոֆեսոր Աքչամի եւ 11 հոգանոց խմբի աշխատանքների արդիւնքում արխիւի պարունակութիւնը խմբաւորւել ու դասակարգւել է, ըստ բովանդակութեան առանձնացւել են երեք բաժիններ, փաստաթղթերի մեծ մասը արդէն թարգմանւել է անգլերէն եւ թուրքերէն, դրանց վերաբերեալ կազմել են կատալոգներ։

Ներկայումս Գերգերեան արխիւի առաջին բաժնում տեղ են գտել բացառապէս օսմանեան փաստաթղթեր։ Դրանք հիմնականում Ցեղասպանութեան համար պատասխանատու «Միութիւն եւ առաջադիմութիւն» (İttihat ve Terakki) կազմակերպութեան ներկայացուցիչների դէմ 1920-21 թթ․ Ստամբուլում իրականացւած դատավարութիւնների ընթացքում ստացւած վկայութիւնների ու ցուցմունքների արձանագրութիւններն են։

Նշւում է, որ այդ փաստաթղթերի բնօրինակները գտնւում են Թուրքիայի ԶՈՒ գլխաւոր շտաբի արխիւում եւ հասանելի չեն ուսումնասիրութեան համար։ Սակայն այն ժամանակ նշւած դատավարութիւններում որպէս կողմ հանդէս եկող Պոլսոյ հայոց պատրիարքարանը իրաւունք է ունեցել ստանալու բոլոր փաստաթղթերի կրկնօրինակները, որոնք եւ այնուհետեւ փոխանցւել են Երուսաղէմի հայոց պատրիարքարանին եւ այդ կերպ պահպանւել։

Արխիւի երկրորդ բաժնում տեղ են գտել Գերերեանի անձնական հետազօտութիւնները։ Այն ներառում է մասնաւորապէս Եոզգաթում եւ Կեսարիայում անցկացւած դատավարութիւնների վերաբերեալ վկայութիւններ, ինչպէս նաեւ «Միութիւն եւ առաջադիմութիւն» կազմակերպութեան պատասխանատուների վկայութիւնները։

Երրորդ բաժնում ընդգրկւել են Գերգերեանի կողմից այլ երկրներից ձեռք բերւած արժէքաւոր փաստաթղթերի բնօրինակներ։ Պոլսոյ հայոց պատրիարքարանին պատկանող ֆրանսերէն եւ հայերէն փաստաթղթերն էլ այս բաժնի կարեւոր մասն են կազմում։ Կան նաեւ Աւստրիայի, Գերմանիայի, Անգլիայի եւ ԱՄՆ-ի արխիւներից ձեռք բերւած նիւթեր։

Պրոֆեսոր Աքչամն ու իր թիմը Գերգերեան արխիւի վերաբերեալ արժէքաւոր տեղեկութիւններ է հրապարակել նաեւ համացանցում՝ (https://wordpress.clarku.edu/guerguerianarchive/tr/arsiv-hakkinda-genel-bilgi/) PDF ֆորմատով։ Դրանց շարքում տեղ է գտել նաեւ 1911 թ. Սիվասի (Սեբաստիա) Գիւրուն նահանգում ծնւած Գրիգոր Գերգերեանի կեանքի պատմութիւնը, ում 16 քոյր-եղբայրներից 10-ը եւ ծնողները 1915 թ․ սպանւել են հէնց նրա աչքի առաջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։