Հա

Հասարակական

04/02/2019 - 10:00

Արաքսի տատի «պայմանն» Աստծոյ հետ, կամ նրա ցանկութիւնը միայն թուրքերը կարող են իրագործել

83-ամեայ Արաքսի տատը հանգիստ չունի: Նա անգամ Հայ Դատի գրասենեակ նամակ է ուղարկել եւ պատասխանին է սպասում:

«alikonline.ir» - 83-ամեայ Արաքսի տատը հանգիստ չունի: Նա անգամ Հայ Դատի գրասենեակ նամակ է ուղարկել եւ պատասխանին է սպասում:

Արաքսի տատն Աստծոյ հետ պայման ունի: Որքան էլ տարօրինակ հնչի, իր երազանքի կատարողը հարեւան Թուրքիան է: Բայց ամէն ինչի մասին սկզբից: Գրում է «Sputnik» Արմենիան:

Արաքսի Դեմիրճեանը 83 տարեկան է: Ասում է՝ առաջին հայրենադարձներից է եղել: 1946 թւականին Սիրիայից են եկել: «9 տարեկան էի, երբ եկանք Հայաստան: Ես այստեղ եմ մեծացել: Ծնողներս մեզ՝ 3 քոյրիկներիս, բերեցին Հայաստան:

Հայաստանը հայի տունն է, հայի օջախն է, հայն այստեղ պէտք է ապրի»,- պատմում է Արաքսի տատն աւելացելով՝ «Դպրոցում յատուկ ձեւով էին մեզ ներկայացնում Հայաստանը, անընդհատ խօսում ու պատմում էին մեր հայրենիքի մասին: Երբ մի օր պապաս եկաւ ու ասաց՝ մենք պէտք է Հայաստան գնանք՝ ուրախութեանս չափ չկար: Փոքր էինք, ամենափոքրը ես էի: Մենք բոլորս սիրով եկանք, թէեւ այն ժամանակ «սովետ» էր, հաւատ ու կրօն չկար, շատ դժւար էր, բայց եկանք ու ապրեցինք: Պապաս ասում էր՝ մենք հայրենիքում պէտք է ապրենք, թէկուզ նեղութեան մէջ»:

Ընտանիքը տեղափողւում է Գիւմրի, ապա տիկին Արասքեան ամուսնանում գալիս է Երեւան: Երկար տարիներ է ապրում Երեւանում, ամուսնու մահից յետոյ որոշում եւ տեղափոխւում է Գիւմրի, որտեղ ապրում էր միակ հարազատը՝ քոյրը:

Արքասի տատը 13 տարեկանից աշխատել է. 45 տարի՝ տեքստիլ մանւածքային ֆաբրիկայում, հիմա թոշակի է անցել: Ճիշտ է, Գիւմրիում վարձով է բնակւում, բայց չի դժգում, գոհ է:

Տարիներ անց էլ տատը չի մեղադրում ծնողներին՝ իրեն ու քոյրերին Սիրիայից Հայաստան բերելու համար, բայց ասում է՝ հիմա էլ, աչքերը փակ էլ տանեն, ինքն իր ծննդավայրի տունը կը գտնի:

Տարիների ընթացքում եղել է նաեւ ԱՄՆ-ում, բայց չի կարողացել օտար ափում մնալ, շտապել է Հայաստան:

Երբեք էլ չի փոշմանել Հայաստան վերադառնալու համար, միակ բանը, որին երկար տարիներ սպասում է՝ թուրքերից իր մօր կտակի վերադարձն է: «Ես կտակ ունեմ՝ մամայիս կտակը: Մամաս՝ Մարիամ Խաչիկեան-Դեմիրճեանը, Թուրքիայից էր ՝ Խարբերդից: Կտակը տարել եմ Ցեղասպանութեան թանգարան: Ես չպէտք է մեռնեմ այնքան ժամանակ, մինչեւ Թուրքիան ընդունի Ցեղասպանութիւնը, ու ես վերադարձնեմ մօրս փողերը: Այդ ժամանակ նոր հանգիստ կը մեռնեմ»,- պատմում է Արաքսի տատը՝ վստահեցնելով վերադարձւած փողերը մանկատներին ու ծերանոցներին է ուզում տալ: «Ինձ ոչ մի բան այս տարիքիս պէտք չէ, միայն ոչ մի բան թուրքերին չմնայ: Ես նամակ եմ ուղարկել Հայ Դատի գրասենեակ ու սպասում եմ պատասխանին»:

Իսկ մինչ այդ երազանքի իրականցումը, տիկին Արասքեան մանկատան երեխաների համար գուլպաներ ու հաստ ժակետներ է գործում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։