Հա

Հասարակական

06/02/2019 - 15:00

Շտապի՛ր, կոտրիր լռութեան տանդեմը

Եթէ քեզ հարցնեն, թէ դու ինչի ես ձգտում հասնել կեանքում եւ դու պատասխանես «երջանկութեան», կը ներես, բայց դու շատ տափակ ես՝ մակերեսային։ Ինչո՞ւ։ Դրանում քեզ պարգեւն է հետաքրքրում այլ ոչ թէ պայքար, արդիւնքը, ոչ թէ ընթացքը։ Դու տրւած ես միայ յաղթանակի, այլ, ոչ թէ պայքարի գաղափարին։

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Եթէ քեզ հարցնեն, թէ դու ինչի ես ձգտում հասնել կեանքում եւ դու պատասխանես «երջանկութեան», կը ներես, բայց դու շատ տափակ ես՝ մակերեսային։ Ինչո՞ւ։ Դրանում քեզ պարգեւն է հետաքրքրում այլ ոչ թէ պայքար, արդիւնքը, ոչ թէ ընթացքը։ Դու տրւած ես միայն յաղթանակի, այլ, ոչ թէ պայքարի գաղափարին։

Բոլորն են ուզում ապրել երջանիկ ու անհոգ, որպէսզի իրենց մօտ ամէն ինչ լաւ լինի։ Բոլորն են ուզում ունենալ բազմաթիւ լաւ ընկերներ, մեծ շրջապատ, հասարակական բարձր դիրք:

Իսկ հասարակական կեանքում, ո՞վ է, որ կը հրաժարւի աշխոյժ համայնք՝ զարգացած երիտասարդներով եւ լաւ միութիւններով գաղափարից: Եւ այսպէս շարունակ... Բոլորն են դա ուզում, ուզելը հեշտ է:

Լաւ է որ մի, քանի օր առաջ «ՀՈՒՍԿ» հաստատութիւնը կազմակերպեց «Հասարակութիւնը, միութիւնը եւ … թեմայով «Talk show», որում մեզ, նոյն երջանկութիւն փնտրող հասարակութեան հին ու նոր երիտասարդութեանը առիթ տրւեց խօսելու։ Հէնց սկզբից ասեմ որ շնորհակալ եմ «ՀՈՒՍԿ»-ին ու բոլոր, այն կազմակերպութիւններին, (նրանց անունները նկարում նշւած է), ովքեր կազմակերպեցին, այն ամէնը, որի արդիւնքում մեզ ստիպեցին խօսել: Չէ՞ որ մենք միշտ էլ սպասում ենք նման «պաշտօնական» հաւաքների, որ խօսենք խնդիրների մասին:

Վերադառնանք երջանկութեան թեմային։

Խնդիրն այն է որ, յանուն երջանկութեան, ոչ բոլորս ենք պատրաստ բարդ՝ պարտաւորեցնող զրոյցների, անյարմար հայեացքների, զգացմունքների, կոնֆլիկտների կամ էլ դրամայի։ Անգամ չենք էլ փորձում խօսել մեր ունեցած պարզ խնդիրների մասին։ Մեկուսացել ենք մեր աշխարհներում ու իբր «պաշտպանւում» ենք մէկս միւսից, եւ այստեղ, ճշմարտութիւնն այն է որ, բոլորս էլ տապակւում ենք նոյն տապակում:

Բոլորիս էլ մանկուց սովորեցնում են զսպել զգացմունքներն ու զգոյշ խօսել, եւ դրա հետեւանքով սովորաբար բարդանում է մեր կեանքն ու այդպէս շարունակ։

Պատահական չէ որ, ոչ մէկն իր ընդդիմախօսի հետ չի խօսում խնդիրների մասին: Կամ ժխտում են դրանց գոյութիւնը, կամ էլ զոհի կարգավիճակում են։ Ոչ մէկը չի համարձակւում նայել իրականութեան աչքերին, իսկ նայելուց էլ ստիպւած ենք անընդհատ խաբել ինքներս մեզ, ի սրտէ համոզւած լինելով առ այն, որ մեր խնդիրները սկզբունքօրէն անլուծելի են, իսկ մենք իրօք «բացառիկ» ենք:

Բայց խնդրի էութիւնը միայն այսքանը չէ: Մենք յաճախ վախենում ենք ձախողումից, մերժւելու, կամ էլ «չէ» բառը լսելուց:

Այնքան ենք տրւում մեր համոզմունքների «բացառիկութեանը», որ վախենում ենք կասկածել դրանց իսկութեանը կամ հրաժարւել դրանցից, քանի որ, նոյն, այդ համոզմունքներով են պայմանաւորւած մեր յետագայ քայլերը:

Իհարկէ մերժում ստանալը ցաւալի է, ձախողումն էլ մի բան չէ:

Այդուհանդերձ, դրա հետեւանքները բոլորիս է վերաբերում անգամ հէնց նրանց, ովքեր ինչ-որ կերպ գտել են հասարակութիւնում կամ համայնքում ազդեցիկ լինելու ճանապարհը: Սակայն, նրանց մօտ այս ամէնը մի այլ կերպ է աշխատում: Նրանք համոզւած են, որ անում են իրենցից կախւած ամէն ինչ: Եւ ինչ-որ տեղ իրօք այդպէս էլ կայ: Նրանք գործում են յանուն համայնքի եւ հասարակութեան զարգացմանը, յանուն դրա, որ մեր վաղւայ օրը աւելի լաւ լինի: Միայն թէ ամենից քիչն են զբաւում խնդիրների մասին խօսելով:

Ասեմ աւելին, դա նրանց, ժամանակին հէնց հասարակութիւնն է թելադրել, որպէսզի մի կերպ խուսափի, իր հոգում կուտակւած հակասութիւնների ճչացող ձայնից, փորձելով փնտրել երեւելի կամ աներեւոյթ մեղաւորներ:

Ու այսպէս շարունակ, չխօսելը, երբեմն էլ չլսւելը նրանց հոգին է կրծում:

Արդիւնքում, նրանք հասարակութեան հանդէպ լցւում են նեղւածութեամբ: Քանի, որ, այնտեղ նրանց անվերջ ստիպել են պաշտպանւել ու չխօսել, եւ չեն արժեւորել նրանց կառուցողական մօտեցումները:

Իրական ու ենթադրեալ մեղաւորներ փնտրելու ճանապարհին զոհերը շատ են: Դա կարող են դառնալ նրանք, ովքեր չեն դաստիարակել ղեկավար սերունդ, երբեմն էլ մեղաւոր են դառնում նրանք ովքեր կառչած են «աթոռ»-ին:

Պատահական չէ որ, այսօր քչերն են տեղեակ որ, մեր համայնքում կայ շատ լաւ երիտասարդութիւն, միայն թէ մենք բոլորս, այնքան տարւած ենք մեր կամֆորտ զոնը վայելելով, որ անգամ նրանց գոյութեան մասին չգիտենք: Դրա փաստը, հէնց փետրւարի 1-ի լսարանն էր:

Շարունակելով նոյն համոզմունքս, պատահականութիւն չէ, նաեւ, որ այդ երիտասարդներից շատերը սահմանափակւում են, միայն իրենց անդամակցած միութեան աշխատանքներով:

Ի շարս այլ պատճառների հիմնականում, նրանցից շատերին չի յաջողւում տւեալ միութիւնից բացի, ինտեգրւել հասարակութեան այլ կառոյցներում: Դա եւս խօսում է մեզ մօտ «համաճարակ» դարձած լռութեան տանդեմի հետեւանքներից:

Իրականում, խնդիրները ՖՌԱՑՆԵԼ-ով չի լուծւում, որքան շատ ես Ֆռացնում, այնքան շատ է անտեսւում պրոբլեմները, որոնց  յաջորդում են նորերը, իսկ առաջանում է անտեսումների կարիքը: Որքան խուսափենք իրականութեան մասին խօսելուց, որքան շատ ցաւազրկող, թմրեցնող ընդունենք, այդքան ցաւօտ է լինելու խնդիրներին առերեսւելը։ Սա դառը ճշմարտութիւն է:

Փետրւարի 1-ի «Talk show»-ն լաւ էր, նաեւ այն իմաստով, որ կրկին անգամ համոզւեցիք, թէ միշտ պէտք է հաշւի նստել նաեւ այն տեսակէտների հետ, որոնց հետ համաձայն չենք: Դա երեւի հասարակական գործունէութեան պարտադիր բաղադրիչն է: Կարելի է ասել, թէ նոյնիսկ դա է համակարգի ամբողջ իմաստը:  

Թէեւ, կարծես  թէ շատերս ենք սկսել մոռանալ դրա մասին եւ, նոյնիսկ, մի փոքր տարբերւող կարծիք արտայայտողին պախարակում ենք:

Այս բոլոր հակասութիւնները մի կողմ թողնեմ. անկեղծ ասած ես հաւատում եմ թէ՛ «խռովածների» թէ՛ «ակտիւ»-ների, եւ թէ՛ «պասիւ»-ների ներուժին: Հաւատում եմ դրան, որ աւելի լաւ ապագան մաքառում է պահանջում։

Միայն թէ դուրս գանք մեր կոմֆորտ զոնից, պատրաստւենք առերեսւելու խնդիրներին, ԽՕՍԵՆՔ՝ վեր հանենք դրանք:

ԽՕՍԵԼ բառն, այստեղ պատահական չէ, այլ առանցքային, բանալի հասկացութիւն է: ԽՕՍԵԼ-ը տւեալ դէպքում նշանակում է համարձակւել ճեղքել սեփական հանրութեան հոգում արդէն «բնազդային» յատուկութիւն դարձած լռութեան կարծրատիպը:

Ի դէպ, աւելի հետաքրքիրը ցաւերի մասին խօսելն է, սա է այն առանցքային անհրաժեշտութիւններից, որը կարող է մեզ տեղ հասցնել, կարող է բարեփոխել մեր աշխարահայեացքը, համայնքը եւ երիտասարդնութեանը:

Ու վերջում ասեմ, որ երջանկութիւն ասւածը տափակ չի հնչի, եթէ այն նւաճելու համար խնդիրներով մագլցել պահանջւի: Եթէ քեզ թւում է, որ երբեք պէտք չէ տանջւել, ուրեմն ինչ որ կարեւոր բան ես բաց թողել. Շտապի՛ր:

Իրանականում ամբողջ հաճոյքը մագլցելն է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։