Հա

Հասարակական

07/02/2019 - 10:20

«Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

«alikonline.ir» - Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` ակնարկի հեղինակը նշում է, որ Վահէն մէկն է տասնեակ հազարաւոր քրիստոնեայ հայերից, ովքեր պատերազմի հետեւանքով Սիրիայից տեղափոխւել են Հայաստան` փախստականի կարգավիճակով:

«Երկու տարի առաջ Վահէն ապրում էր Հալէպում եւ աշխատանքի գնալու ճանապարհին խուսափում էր դիպուկահարների կրակոցներից»,- գրում է հեղինակը, իսկ Վահէն նշում է, որ աշխատանքի ճանապարհին գիտէր, որ չպէտք է թեքւի դէպի աջ:

«Ես պետք է միշտ գնայի դէպի ձախ, այլապէս ինձ կարող էին սպանել: Մեր բնակավայրում ոչ մեծ մի տարածք կար, որը ես պէտք է անցնէի, որպէսզի հասնէի աշխատավայր: Ես գիտէի, որ այնտեղ դիպուկահար կայ, եւ այնպէս էի վազում, որ նա չկարողանար ինձ կրակել: Ամէն օր ես ստիպւած էի լինում վազել»,- պատմում է Վահէն:

2016 թ. Յովհաննիսեանի տան դիմաց հրթիռ է պայթել:

«Հրթիռն ընկաւ ուղիղ մեր տան դիմաց: Անիմաստ էր փախչելը կամ թաքնւելը: Մեր տունը գետնին հաւասարեցրեց, հէնց այդ ժամանակ հասկացայ, որ պէտք է թողնեմ Հալէպը»,- նշում է ոսկերիչը:

Վահէն բնակարանում ապրում է եղբօր եւ ծնողների հետ: Նրա ծնողները` Անդրանիկ Յովհաննիսեանն ու Վերջինէ Խաչատուրեանը 1946 թ. Թուրքիայի հարաւ-արեւելքից տեղափոխւել են Հալէպ, որտեղ ապրել են 70 տարի:

Մինչեւ սիրիական հակամարտութիւնը ոչ Վահէն, ոչ էլ նրա ծնողները Հայաստանում չեն եղել: Վահէի խօսքով` փախստականի կարգավիճակով Հայաստան գալը շլացուցիչ էր:

«Երեւանում իմ առաջին օրերը բաւական բարդ էին: Թէեւ ես հայերէն գիտէի, բայց չէի կարողանում հասկանալ մարդկանց, երբ խօսում էին ինձ հետ: Նրանք շատ ռուսերէն բառեր են օգտագործում խօսքում, ես երբեւէ որեւէ ռուսերէն բառ չեմ լսել»,- ասում է Վահէն:

Ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանն իր եղբօր` Զարեհի հետ այժմ օրւայ մէջ շուրջ 12 ժամ աշխատում է Երեւանում գտնւող ոսկերչական տաղաւարներից մէկում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։