Հա

Հասարակական

19/02/2019 - 16:20

But first, coffee

Եթէ դու ամէն անգամ ոգեւորւում ես անկապ ապուշութիւնների պատճառով ապա հաւանաբար քո կեանքում առաձնապէս կարեւոր ոչիչ չկայ, որի համար արժի իրօք ոգեւորւել:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Եթէ դու ամէն անգամ ոգեւորւում ես անկապ ապուշութիւնների պատճառով ապա հաւանաբար քո կեանքում առաձնապէս կարեւոր ոչիչ չկայ, որի համար արժի իրօք ոգեւորւել:

Լուն ուղտ դարձնող, մանրուքների վրայ նեարդայնացող մարդկանց ցաւն այն է, որ նրանք մտահոգութեան աւելի կարեւոր առարկայ չունեն:

Կեանքում ժամանակն ու էներգիան ծախսելու ամենաարդիւնաւէտ միջոցը կարեւոր ու իմաստալից մի բան գտնելն է, որն, ինչ խօսք, այսօր բարդագոյն առաջադրանք է դարձել:

Դրա պատճառներից մէկը սպառողական մշակոյթն է: Դա մեզ ստիպում է աւելին ցանկանալ, եւ մենք, յաճախ, սկսում ենք կարեւորել մակերեսային արժէքներին, այլ ոչ թէ իրական արժէքները:

Անցնեմ բուն թեմային: Համայնքում աշխատող, մի քանի միութիւններում արդէն կը մեկնարկեն ընդհանուր ժողովները, որտեղ ժողովականներն ամփոփում են նախորդ շրջանի իրենց կատարած աշխատանքն ու տալիս դրանց գնահատականը:

Այս ժողովները, երբեմն ընթանում են խիստ, ոչ մէկին չխնայող, բուռն քննադատութիւններով: Դրանք լաւագոյն առիթն են վերանայելու մեր անցած ուղին, գտնելու թերութիւնները եւ ընդգծելու յատկապէս կարեւոր բացթողումները:

Անշուշտ որեւէ կառոյց ապահովագրւած չէ քննադատութիւնից: Դա բնական գործընթաց է, որն առողջ մթնոլոտում կոչւած է շտկելու բացթողումները՝ ընդգծելով ուշադրութեան արժանի ուղղութիւնները, որոնք կարող են նպաստել կազմակերպական աշխատանքների առաւել սահուն ընթացքին:

Քննադատութիւնների մէջ, եթէ, իհարկէ, դրանք առարկայական են, չարութեամբ ոչ լեցուն ու միտւած են աշխատանքներն ուղղելուն, միշտ կարելի է գտնել ռացիոնալութեան հատիկ եւ իրօք դէպի առաջ շարժւելու շարժիչ ուժ:

Այլ կերպ ասած, բացասական զգացմունք առաջացնող, այս երեւոյթը՝ քննադատութիւնը, իրականում անհրաժեշտ հետեւութիւններ անելու առաջ շարժւելու կոչ է: Այն ԷԼԻ ԲԱՆ ԿԱՅ ԱՆԵԼՈՒ կոչնակն է:

Պատահական չէ որ, այս ժողովներն էլ աւելի արդիւնաւէտ կաշխատեն, յատկապէս, այն դէպքում, երբ դրանց խորքում ընկած լինեն ԻՐԱԿԱՆ արժէքները, այլ ոչ թէ սեփական ԵՍ-ն ինքնահաստատելու հերթական փորձը, կամ էլ՝ գոռոզամտութիւնը: Քանի որ ոչ ԻՐԱԿԱՆ-ները նարցիսային փուչիկի էֆեկտ ունեն, ուռչում են անընդհատ եւ աղաւաղում ամէն ինչ:

Դրանք պատճառ են դառնում, որ մարդը ցանկացած իրավիճակ դիտարկի որպէս սեփական ԵՍ-ի «մեծութեան» հաստատում, կամ էլ դրան սպառնացող վտանգ:

Եթէ ինչ-որ լաւ բան է եղել, ուրեմն դա միայն նրա «հերոսութեան» արդիւնքն է, իսկ վատի հետ էլ, բնականաբար, նա որեւէ կապ չունի: Ամէն ինչում ճիշտ լինելու «ցաւ»-ը, չես հանի նրանց միջից:

Եւ, ցաւօք, սթափեցնելու ցանկացած փորձ նրանք ցաւագին են ընդունում: Նման մարդիկ որքան աւելի շատ են բախւում հակառակ տեսակէտների, այդքան շատ են դժգոհում դրանցից, իսկ նրանց համար, ցանկալին, անշուշտ, իրավիճակային այն մթնոլորտն է, որտեղ նրանք այսպէս կոչւած «շնչելու» կամ «ինքնադրսեւորւելու» հնարաւորութիւն կը ստանան... Ցաւօք...

Պարզ է, որ սեփական ԵՍ-ը բոլորից վեր դասող մարդն ի վիճակի չէ ազնւօրէն գնահատելու ո՛չ սեփական կարողութիւնն ու հնարաւորութիւնը, ո՛չ էլ միւսների կատարած աշխատանքը: Նա անընդհատ ընկած է սեփական գերազանցութիւնը փաստելու յետեւից՝ առաւել կտրւելով իրականութիւնից:

Որքան շատ է լինում մակերեսակայնութիւնը, այնքան շատ ենք սկսում հեռանալ իրական արժէքներից, այստեղ յայտնւում է իրական եւ անիրական խնդիրները վեր հանելու ընտրութեան պարադոքսը:

Իրականում, հասարակական արժէքները ճիշտ գնահատող մարդուն է միայն յաջողւում հրաժարւել մակերեսակայնութիւնից: Այդպիսով նա աւելացնում է իր ազատութեան տարածականութիւնը եւ դէպի առաջ շարժւելու հնարաւորութիւնը:

Նա սկսում է գնահատել հասարակական ակտիւ կեանքի ամենապարզ հաճոյքները. Պարզ՝ մարդկային շփումները, ընկերութիւնը, ստեղծագործելը, միմեանց օգնելը, միասին սրճելը, ծիծաղելը, պարզ ասած՝ իրար հետ, այլ, ոչ թէ իրար դէմ լինելը:

Սովորական, ինչ-որ տեղ ձանձրալի է հնչո՞ւմ, այդպէս չէ՞: Բայց, մէկ է ու միանշանակ. սա բացարձակ իրականութիւն է:

Պատահական չէ նաեւ այն, որ բոլոր մեր երկարատեւ ժողովներում ամենահաճելի պահը հէնց շունչ առնելու, դադարների պահն է, որոնց ժամանակ սովորական դիալոգներ է ընթանում մեր միջեւ:

Ապացուցւած փաստ է, որ միայն ԻՐԱԿԱՆ արժէքների վրայ հիմնւած հասարակական կառոյցներին է յաջողւում լուծել ամենաբարդ խնդիրների ռուբիկ կուբը: Միայն նման կառոյցներին է յաջողւում մարտահարւէրը հնարաւորութիւն դարձնել, իսկ պրոբլեմները՝ մի քիչ աւելի տանելի:

Երեւի թէ այս ամէնը աւելի արդիւնաւէտ կը դառնայ, միայն այն ժամանակ երբ մեզ յաջողւի վերափոխել մեր հասարակական-յարաբերական արժեհամակարգը, այն դարձնելով աւելի անմիջական, մարդամօտ եւ մտերմիկ:

Այս ունակութիւնն անկասկած կը նպաստի հաւաքական մտքի գործնականացմանը եւ արդիւնաւորմանը: Իհարկէ, շտապեմ նշել, որ սա չի նշանակում, թէ այն ինչ այսօր մեզնից շատերի մտահոգութիւնն է անկարեւոր է. ո՛չ, բացարձակապէս ո՛չ:

Այս բոլորն ասացի մեր արժեհամակարգի վերանայման ցանկութեամբ: Դա, ինչ խօսք, բարդ առաջադրանք է, որի իրականացման ժամանակ միանշանակ կը բախւենք ե՛ւ ներքին ե՛ւ արտաքին դիմադրութեան:

Մարդիկ կարող են զարմացած հարցնել, թէ այդ ինչպէ՞ս եղաւ, որ հէնց այսօր որոշեցի ՍՐՃԵԼ նրանց հետ հէնց այսօր, կիսւել մտքերով եւ մտահոգութիւններով: Դրանից միգուցէ «դաւադրութեան» հոտ առնեն: Բայց ոչինչ, մէկ է, թեթեւ ժպտանք եւ, այնուամենայնիւ, But first coffee:

Յարակից լուրեր

  • Շտապի՛ր, կոտրիր լռութեան տանդեմը
    Շտապի՛ր, կոտրիր լռութեան տանդեմը

    Եթէ քեզ հարցնեն, թէ դու ինչի ես ձգտում հասնել կեանքում եւ դու պատասխանես «երջանկութեան», կը ներես, բայց դու շատ տափակ ես՝ մակերեսային։ Ինչո՞ւ։ Դրանում քեզ պարգեւն է հետաքրքրում այլ ոչ թէ պայքար, արդիւնքը, ոչ թէ ընթացքը։ Դու տրւած ես միայ յաղթանակի, այլ, ոչ թէ պայքարի գաղափարին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։