Հա

Հասարակական

14/04/2019 - 11:50

Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ. այսօր Ծաղկազարդ է

Ս. Յարութեանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ:

«alikonline.ir» - Ս. Յարութեանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ:

Յիսուսի մուտքը Երուսաղէմ ժողովուրդն ընդունել է խանդավառութեամբ` ձիթենու եւ արմաւենու ճիւղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրայ եւ աղաղակելով. «Օւսաննա՜ Բարձեալին, օրհնեալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հօր` Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է: Խաղաղութիւն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Յիսուսի առջեւ հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր եւ ճիւղեր ընծայելն ընդհանրապէս առանձնակի պատիւներ եւ հանդիսաւորութիւն էր նշանակում: Ձիթենին ընկալւել է որպէս իմաստութեան, խաղաղութեան, յաղթանակի եւ փառքի խորհրդանշան: Մեռեալ Ղազարոսին հարութիւն տւած Քրիստոսին ձիթենու եւ արմաւենու ճիւղերի ընծայումը խորհրդանշում է մահւան հանդէպ յաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաեւ արարչութեան առաջին օրը, երբ Աստւած ստեղծեց երկինքն ու երկիրը, եւ լոյսը տարածւելով՝ հալածեց խաւարը: 

Այս օրը խորհրդանշում է նաեւ առաջին ժամանակաշրջանը, երբ բոյսերով ու ծաղիկներով զարդարւեց երկիրը, եւ Ադամն ու Եւան ուրախացան Դրախտում: Եւ ինչպէս առաջին ժամանակաշրջանում Կայէնը նախանձից սպանեց Աբէլին, այդպէս էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայէնի անէծքի ժառանգորդները:

Ծաղկազարդի օրը՝ հրէական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոսն իր կամքով եկաւ Երուսաղէմ՝ իր չարչարանքների վայրը, որպէսզի ցոյց տայ, որ ինքն է Աստծոյ Գառը, Ով կամենում է պատարագւել մեր փրկութեան համար: Քանզի, ըստ օրէնքի, հրեաները զատկական գառը Զատկի տօնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի նախօրէին` շաբաթ օրը, կատարւում է նախատօնակ, բացւում է խորանի վարագոյրը, իսկ յաջորդ օրը տօնական Ս. Պատարագը մատուցւում է բաց վարագոյրով:

Ծաղկազարդի առաւօտեան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայւելուց յետոյ: Ոստերի փափկութիւնը խորհրդանշում է Քրիստոսի հետեւողների խոնարհութիւնը: Ուռենու ճիւղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպէս Ս. Ծննդեան օրն Արեւելքից մոգերի բերած ընծաները:

Յիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղէմ որպէս Թագաւոր՝ խորհրդանշօրէն ցոյց տալով Իր՝ Փառքի թագաւոր լինելը, Ով վերացնում է անէծքը եւ կենդանութիւն պարգեւում: Յիսուս եկաւ աւետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկւածներին, ազատելու գերիներին եւ տեսողութիւն պարգեւելու կոյրերին, ինչպէս մարգարէացել էր Եսայի մարգարէն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։