Հա

Հասարակական

30/04/2019 - 09:50

«Առաջին աշխատանքը, «ֆաստֆուդի» հանդէպ սէրը, վատագոյն գործարքն ու հին «Nokia» հեռախօսը». ուշագրաւ փաստեր միլիարդատէր Վորէն Բաֆէթի մասին

«Luxury Launches» կայքն ուշագրաւ անդրադարձ է կատարել աշխարհի ամենայայտնի ներդրողներից մէկին՝ ամերիկացի Վորէն Բաֆէթին, որի կարողութիւնը հասել է մի քանի տասնեակ միլիարդ դոլարի: Աղբիւրը որոշ հետաքրքիր փաստեր է ներկայացրել յաջողակ գործարարի մասին, որոնք քիչ յայտնի են եւ ոմանց համար կարող են շատ հարցերում ոգեւորիչ լինել:

«alikonline.ir» - «Luxury Launches» կայքն ուշագրաւ անդրադարձ է կատարել աշխարհի ամենայայտնի ներդրողներից մէկին՝ ամերիկացի Վորէն Բաֆէթին, որի կարողութիւնը հասել է մի քանի տասնեակ միլիարդ դոլարի: Աղբիւրը որոշ հետաքրքիր փաստեր է ներկայացրել յաջողակ գործարարի մասին, որոնք քիչ յայտնի են եւ ոմանց համար կարող են շատ հարցերում ոգեւորիչ լինել: Այս մասին գրում է «Tert.am»-ը:

Բաֆէթն աշխատել է դպրոցական տարիքից:

Նա սկսել է թերթերի առաքումից: Ամսական 175 դոլար աշխատավարձի դիմաց նա առաքել է թերթի մօտ 500 հազար օրինակ:

Նա «ֆաստֆուդի» եւ գազաւորւած ըմպելիքների սիրահար է:

Նրա սիրելի ուտեստը չիզբուրգերն է: Բաֆէթն օրական ուտում է 2500 կալորիա:

«Եթէ մէկն ինձ ասէր, որ մէկ տարով երկար կապրեմ միայն բրոկոլի եւ ծնեբեկ ուտելով՝ ամէն օրս տարւայ պէս երկար կը թւար: Ես նախընտրում եմ չիպս եւ «Կոլա»»,- ասել է միլիարդատէրը:

Բաֆէթը խոստովանել է, որ կեանքում կնքած վատագոյն գործարքը եղել է 443 մլն. դոլարով «Dexter Shoe Inc»-ի գնումը:

Միլիարդատէրը կանխատեսել էր, որ մեծահարուստ է դառնալու:

«Ես միշտ էլ գիտէի, որ հարստանալու եմ: Կարծում եմ, որ ես գէթ մէկ վայրկեան չեմ կասկածել այդ հարցում»,- նշել է նա:

Բաֆէթն ընդհանուր առմամբ բարեգործութեանը հատկացրել է 25 մլրդ. դոլար:

Միլիարդատէրը գումարը տւել է տարբեր հիմնադրամներին, կազմակերպութիւններին եւ պարտաւորւել է իր կարողութեան 99%-ը նւիրաբերել, այլ ոչ թէ ժառանգել երեխաներին:

Բաֆէթն օգտագործում է հին մոդելի «Nokia» բջջային հեռախօս:

«Ես երբեք որեւէ բան դեն չեմ նետում, քանի դեռ այն չեմ օգտագործել 20-25 տարի»,- անկեղծօրէն ասել է Բաֆէթը:

Գործարարն իր կեանքում ընդամենը մէկ անգամ է էլեկտրոնային նամակ ուղարկել:

Այն ուղարկւել է Ջէֆ Ռայկեսին եւ Բաֆէթն իմացել է, որ այն լինելու է իր առաջին եւ վերջին էլեկտրոնային նամակը:

Բաֆէթն օրւայ 80%-ը տրամադրում է ընթերցանութեանը:

«Ես ուղղակի նստում եմ գրասենեակումս ու ամբողջ օրը կարդում եմ: Իմ աշխատանքը կայանում է նրանում, որ աւելի ու աւելի շատ բան, փաստեր, տեղեկութիւն իմանամ եւ հասկանամ՝ արդեօք դա կարող է ինչ-որ գործողութեան յանգեցնել»,- ասել է Բաֆէթը՝ յաւելելով, որ աւելի երիտասարդ տարիքում օրական 600-1000 էջ էր կարդում:

Բաֆէթն իր առաջին արժեթուղթը գնել է 1941 թ., երբ ընդամենը 11 տարեկան էր:

Նա «Cities Service»-ի վեց արժեթուղթ է գնել իր եւ քրոջ համար: Եւ դա նրա խօսքով՝ իրեն տւել է համբերութեան առաջին դասերից մէկը: Երբ Բաֆէթն արժեթղթերը գնել է, դրանց գինն ընկել է, յետոյ բարձրացել՝ մի քիչ գերազանցելով այն գինը, որը նա վճարել էր դրանց համար: Նա վաճառել է արժեթղթերը, ինչից յետոյ դրանց գինն աւելացել է 500%-ով: Այդպիսով փոքրիկ Բաֆէթը հասկացել է, որ կեանքում պէտք է համբերատար լինել:

Իր կարողութեան 99%-ը նա վաստակել է 50 տարեկանից յետոյ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։