Հա

Հասարակական

30/04/2019 - 11:30

Հայկական թեման Թուրքիայում տարիներ շարունակ տաբու է եղել։ Բայց հիմա կարծես սառոյցը կոտրւել է։

«alikonline.ir» - Հայկական թեման Թուրքիայում տարիներ շարունակ տաբու է եղել։ Բայց հիմա կարծես սառոյցը կոտրւել է։

Թուրքիայի հայերի հարցը, որոնց այդպէս էլ չեն կարողացել ձուլել, պէտք է յայտնւի Հայաստանի տեսադաշտում։ Երէկ մամուլի ասուլիսի ընթացքում նման կարծիք յայտնեց «Արեւմտահայոց ազգային համագումար միջազգային կազմակերպութեան» համանախագահ Արագած Ախոյեանը։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Նրա խօսքով` Թուրքիայի հայերը վերջին տարիներին ազգային ինքնագիտակցութեան զարթօնք են ապրում, բազում ծպտեալ հայեր, սկսում են բացայայտօրէն խօսել իրենց արմատների մասին։ Ախոյեանը կարծում է, որ սա պէտք է օգտագործել ու աջակցել հայրենակիցներին։ Նա յայտնեց, որ Մուշում վերջերս բացւել է, ըստ էութեան, առաջին հայկական կառոյցը՝ «Տարօն-Մուշ-Տուրուբերան» հայրենասիրական միութիւնը։ Կազմակերպութիւնը նոյնիսկ սեփական կնիք ունի։

Այս քայլի առանձնայատկութիւնն այն է, որ հայկական թեման Թուրքիայում տարիներ շարունակ տաբու է եղել։ Բայց հիմա կարծես սառոյցը կոտրւել է։ Սակայն Թուրքիայի հայերը հայրենիքի` Հայաստանի կողմից նիւթական ու գաղափարական աջակցութեան կարիք ունեն։ Իսկ հիմա նման աջակցութիւն չկայ։

«Ցաւօք, մենք յիշում ենք մեր կորցրած հայրենիքի ու մեր արմատների մասին տարին մէկ անգամ` Ապրիլի 24–ին։ Թուրքիայի հայերը ամէն օր յիշում են դա։ Նրանք չեն վախենում հզօր պետական մեքենայի, ռեպրեսիւ ապարատի դէմ գնալ, նրանք իսկական հայրենասէրներ են։ Իսկ մենք Հայաստանում բաժակաճառեր ասելու փոխարէն պէտք է գործենք, պէտք է օգնենք այդ մարդկանց»,- ասում է Ախոյեանը։

Օրինակի համար նա առաջարկում է Հայաստանի համապատասխան կառոյցներին հնարաւորութիւն տալ Թուրքիայի հայերին հայկական բուհերում սովորելու, կամ այնտեղ հայերէնի ուսուցիչների ուղարկել եւ այլն։

Թուրքիայի տարածքում շատ ծպտեալ հայերի գոյութիւնը ժամանակի ընթացքում կարող է հզօր աշխարհաքաղաքական յաղթաթուղթ դառնալ Հայաստանի ձեռքում։ Ախոյեանը խոստովանում է, որ այդ խաղաքարտն օգտագործելու Երեւանի հնարաւորութիւնները, մի շարք հանգամանքներից ելնելով, հիմա խիստ սահմանափակ են, բայց մշտական ու նպատակաուղղւած աշխատանքը կարող է իր պտուղները տալ։

Հայրենասիրական միութեան ղեկավար ծպտեալ հայ Հայրեթթին Ասլանն իր հերթին յայտնել է, որ կառոյցն իր առջեւ յստակ խնդիր է դրել պահպանել Թուրքիայում հայկական պատմամշակութային ու հոգեւոր ժառանգութիւնը։ Ասլանը գրեթէ հայերէն չգիտի, բայց դա չի խանգարում նրան հայ ժողովրդի մի մաս զգալ։ Ասլանը վստահ է, որ իւրաքանչիւր հայ պէտք է գոնէ տարին մէկ անգամ Արեւմտեան Հայաստան այցելի, տեսնի իր պատմական հայրենիքը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։