Հա

Հասարակական

05/05/2019 - 08:00

Ինչո՞ւ արձակուրդը պէտք է տեւի 4 շաբաթից ոչ պակաս

Հելսինկիի համալսարանի գիտնականները հետաքրքիր համայարաբերակցութիւն են յայտնաբերել արձակուրդի տեւողութեան եւ կեանքի սպասւող տեւողութեան միջեւ. մարդիկ, որոնց արձակուրդը տեւում է 4 շաբաթից պակաս, աւելի յաճախ են մահանում սիրտ-անօթային հիւանդութիւնների հետեւանքով:

«alikonline.ir» - Հելսինկիի համալսարանի գիտնականները հետաքրքիր համայարաբերակցութիւն են յայտնաբերել արձակուրդի տեւողութեան եւ կեանքի սպասւող տեւողութեան միջեւ. մարդիկ, որոնց արձակուրդը տեւում է 4 շաբաթից պակաս, աւելի յաճախ են մահանում սիրտ-անօթային հիւանդութիւնների հետեւանքով: Տեղեկացնում է «News.am»-ը:

Գիտնականների խօսքով՝ հանգստի պակասը եւ գերլարւածութիւնը կարող են մեածացնել սիրտ-անօթային հիւանդութիւնների հետեւանքով մահացութիւնը, ուստի խորհուրդ են տալիս արձակուրդ գնալ տարեկան 4 շաբաթից ոչ պակաս:

Այս կարծիքի օգտին են 1222 տղամարդկանց 40 տարի հետեւելուց յետոյ ստացւած տւեալները, որոնք ծխել են, ունեցել աւելորդ քաշ, արեան բարձր ճնշում եւ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ: Փորձարկւողներից իւրաքանչիւրը մտնում էր սիրտ-անօթային հիւանդութիւնների բարձր ռիսկի խմբի մէջ:

Կամաւորներին պատահականութեան սկզբունքով բաժանել են 2 խմբի: Առաջինում նրանց օգնել են հետեւել առողջ կենսակերպին՝ խորհուրդ են տւել որոշակի ֆիզիկական վարժութիւններ, դիետիկ ճաշացանկի հրահանգներ են տւել, պարբերաբար գնահատել են առողջական վիճակը եւ անհրաժեշտութեան դէպքում բարձր ճնշման ու արեան մէջ խոլեստերինի մակարդակի նւազեցման դեղեր նշանակել: Երկրորդ խմբում ներառւած մարդիկ հետեւել են իրենց սովորական սովորութիւններին:

Դիտարկումների ընթացքում զարմանալի փաստ է արձանագրւել. այն խմբի մարդիկ, որոնք հետեւել են առողջ կենսակերպի պահպանմանը, նրանցից աւելի յաճախ են մահացել, ովքեր վնասակար սովորութիւններից չեն հրաժարւել: Հետագայում մահացութիւնը երկու խմբերում հաւասարւել է:

Բոլոր հանգամանքները վերլուծելով, որոնք կարող էին մահացութեան վրայ ազդել, գիտնականները պարզել են, որ կեանքի տեւողութիւնը կարող է կապւած լինել ամենամեայ արձակուրդի տեւողութեան հետ: Ստացւում էր, որ եթէ անգամ մարդիկ առողջութեանը հետեւել էին, բայց տարեկան արձակուրդ էին գնացել 3 շաբաթից պակաս, նրանք 37 տոկոսով աւելի յաճախ էին մահանում:

Առայժմ չի կարելի միանշանակ պնդել, որ հէնց կարճատեւ արձակուրդն է նպաստում մահացութեան աճին՝ այս փաստը դեռեւս վերստուգման կարիք ունի: Այդուհանդերձ, գիտնականները նշում են, որ լիարժէք հանգիստը արդիւնաւէտ է որպէս ստրեսի դէմ պայքարի միջոց, որը սրտի եւ անօթների հիւանդութիւնների զարգացման հիմնական գործօնն է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։