Հա

Հասարակական

09/05/2019 - 09:30

Տօնածառից փողոցային խորովածի տիրոյթը կամ աղքատութեան յաղթահարման` քաղաքապետի մոդելը

Տարեվերջին, երբ բախւեցինք մի շարք նախարարութիւնների եւ յատկապէս ՊԵԿ-ի պարգեւավճարների շքահանդէսին, հանրութիւնը շատ արդարացիօրէն ընդվզեց։ Ընդվզեց՝ մխիթարւելով յոյսով, որ ճիշտ պահն է, որ «Նոր Հայաստանի» խոստումով իշխանութիւն իրականացնող քաղաքական ուժն անդրադառնայ պետական համակարգում գործող աշխատավարձերի սահմանման սկզբունքներին եւ փիլիսոփայութեանը։

Տարեվերջին, երբ բախւեցինք մի շարք նախարարութիւնների եւ յատկապէս ՊԵԿ-ի պարգեւավճարների շքահանդէսին, հանրութիւնը շատ արդարացիօրէն ընդվզեց։ Ընդվզեց՝ մխիթարւելով յոյսով, որ ճիշտ պահն է, որ «Նոր Հայաստանի» խոստումով իշխանութիւն իրականացնող քաղաքական ուժն անդրադառնայ պետական համակարգում գործող աշխատավարձերի սահմանման սկզբունքներին եւ փիլիսոփայութեանը։

Որքան էլ ջանաք, դժւար է հասկանալ կամ բացատրել, թէ ինչու պիտի պետութիւնը նոյն հասարակութեան անդամ հանդիսացող գրադարանավարի, դասախօսի կամ բժշկի համար 70000 աշխատավարձ սահմանի, մէկ այլ պետական հատւածում քարտուղարուհին կամ ինչ-որ տեսուչ դրա քառապատիկը ստանայ կամ աւելին։ Ճիշտ այդպէս՝ անկարելի է հասկանալ կամ պատկերացնել, թէ ինչ աճպարարութեամբ է հնարաւոր գոյատեւել այդ աշխատավարձով կամ 40000 միջին կենսաթոշակով։

Եւ ուրեմն տրամաբանական էր եւ արդար հանրութեան սպասումը, որ «հետյեղափոխական» եւ մանաւանդ Սահմանադրութեամբ սոցիալական յայտարարւած պետութեան առաջնահերթութիւնների ցանկում տեղ կը գտնեն սոցիալական արդարութեան, աղքատութեան յաղթահարման ու աշխատանքի արժանի վարձատրութեան խնդիրները։ Նաեւ թւում էր, թէ աղքատութեան եւ գործազրկութեան ներկայիս համատեքստում երկրի բարձր պաշտօնէութիւնը կը զսպի գայթակղութիւնը, որոշ նրբանկատութիւն կը դրսեւորի սեփական պարգեւատրումներն ու աշխատավարձը սահմանելիս, բայց՝ ոչ։

Ինչպէս երեւում է՝ առաջնահերթութիւններն այլ են․ մինչ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը զբաղւած է իր համար խիստ օրակարգային 3-ից 6 տարեկանների «սեռական դաստիարակութեան» խնդիրներով, մինչ օպտիմալացման հնձող սուրը կախւել է մի քանի նախարարութիւնների գլխին, ու հերթական որակեալ գործազուրկների բանակը փորձում է հասկանալ՝ աղքատութիւնն իրենց գլխո՞ւմ է, թէ՞ գլխաւերեւում, ու մինչ փորձ է արւում սոցիալական քաղաքականութիւնը տեղաւորել գրանտային համոզումով եւ ինտրիգներով լի բազմագույն ու բարձրաձայն մի փոքր հատւածի շրջանակներում, մինչ մեր հասարակութեան բազմաչարչար ուշադրութիւնը շեղւում է կեղծ օրակարգերով ու սերիալի միտող դատավարութիւններով, մինչ սոցիալական քաղաքականութիւնն ու հպարտ քաղաքացին ընկալւում են տօնածառից փողոցային խորոված տիրոյթում, Երեւանի քաղաքապետը որոշել է աղքատութեան յաղթահարման անհատական մոդել մշակել՝ լրջօրէն տնօրինելով քաղաքի բիւջէն։

Ես կը հասկանայի եւ անգամ կը գովերգէի քաղաքապետի` օրէնքով պատւիրակւած այդ լիազօրութեան իրացումը, եթէ բիւջէի միջոցներն ուղղւէին քաղաքի բազում կարիքներին՝ վերելակային պայթած տնտեսութեանը, հիսուն տոկոսն անցնող` բարոյապէս մաշւած բնակֆոնդին, փողոցների ու գարշահոտ ստորգետնեայ անցումների նորոգմանը, տրանսպորտի խնդիրներին․․․, բայց՝ ոչ։

Պարզւում է, որ սուպերքաղաքապետը սեփական աշխատավարձը 1 մլն. 200 հազար դրամ դարձնելու, ինչպէս նաեւ աշխատակազմը մեծացնելու ծրագիր ունի։ Իհարկէ, լաւ կը լինէր, որ մէկը, ասենք` քաղաքապետարանի իրաւաբանական բաժնից, քաղաքապետին տեղեկացնէր, որ իր աշխատավարձը սահմանւում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրէնքով եւ չի կարող գերազանցել ԱԺ պատգամաւորի աշխատավարձի /661 հազար 400 դրամ/ 90%-ը։ Եթէ անգամ մէկ այլ օրէնքով, այնուամենայնից քաղաքապետի աշխատավարձը բարձրացնելու հնարաւորութիւն կայ, միեւնոյն է, խնդիրն իրւական չէ, ոչ էլ օրէնքներին անտեղեակ քաղաքապետը: Խնդիրը միաժամանակ թէ' բարոյական, թէ' քաղաքական դաշտում է․ դժւարանում եմ հաւատալ, որ կառավարութիւնում անտեղեակ են այս յղացմանը կամ հաշտւել են այն մտքին, որ քաղաքը սեւերի ու սպիտակների բաժանելուց յետոյ սպիտակներին արժանի աշխատավարձի ժամանակն է եկել։ 

Ի վերջոյ, սոցիալական պետութիւնը, սէրն ու համերաշխութիւնն իբրեւ իշխանափոխութեան հիմնական կարգախօս դարձրած իշխանութիւնների եւ պետութեան համար բոլոր քաղաքացիները հաւասար արժէք պէտք է ունենան, նա պարտաւոր է բարեկեցութեան քաղաքականութեան վարել ոչ միայն իւրայինների, այլեւ, առանց բացառութեան, ամբողջ հասարակութեան եւ բոլոր քաղաքացիների համար։

Արդեօ՞ք այսպիսի հատւածական սոցիալական քաղաքականութեանը կանաչ ճանապարհ տալուց առաջ կառավարութիւնը հաշւարկել է սոցիալական մի խմբի աղքատացման եւ միւս խմբի հարստացման ռիսկի աստիճանը։

Տղանե'ր եւ աղջիկնե'ր, մի՞թէ դժւար է ընկալել, որ ինտրիգային ու հատւածական այս քաղաքականութիւնը կամ վարքագիծը հիւծիչ է, կեղծ օրակարգերով հանրութեան ուշադրութիւնը շեղելու փոխարէն բովանդակային գործ արէք, վաղուց հասարակութիւն եւ պետութիւն կերտող ծրագրեր մշակելու ժամանակն է, իրացրէք սոցիալական պետութեան յանձնառութիւնը, սոցիալական պետութեան հայեցակարգ մշակէք՝ կառուցւած կանխատեսելիութեան, բոլորի համար աշխատանքի արժանի վարձատրութեան, լաւակեցութեան եւ հասարակութեան մէջ սոցիալական արդարութեան ու համերաշխութեան հաստատման վրայ։

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։