Հա

Հասարակական

11/05/2019 - 10:10

Որքա՞ն հին է հայերի գէնոֆոնդը, եւ ինչո՞ւ է ԴՆԹ անալիզը մոդայիկ դարձել

Գիտնական Լեւոն Եպիսկոպոսեանը վստահեցնում է, որ հայերն անցած հազարամեակների ընթացքում կարողացել են պահպանել իրենց գէնոֆոնդը։

«alikonline.ir» - Գիտնական Լեւոն Եպիսկոպոսեանը վստահեցնում է, որ հայերն անցած հազարամեակների ընթացքում կարողացել են պահպանել իրենց գէնոֆոնդը։

Հայ ազգի գէնոֆոնդը ձեւաւորւել է հինգ հազար տարի առաջ, այնուամենայնիւ, դա դեռ հիմքեր չի տալիս պնդելու, որ ամենահինն է աշխարհում կամ տարածաշրջանում։ «Sputnik» Արմենիայի մամուլի կենտրոնում այս մասին ասաց կենսաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ԳԱԱ մոլեկուլեար կենսաբանութեան ինստիտուտի լաբորատոր էթնոգենետիկայի լաբորատորիայի վարիչ Լեւոն Եպիսկոպոսեանը։

«Քչերը կարող են հպարտանալ նման գէնոֆոնդով։ Մենք նաեւ գիտենք, որ մեր գէնոֆոնդը քիչ է փոխւել անցած հազարամեակի ընթացքում։ Սակայն սխալ է պնդել, որ մենք տարածաշրջանում ամենահին գէնոֆոնդով ժողովուրդն ենք։ Նոյն վրացիների կամ իրանցիների գէնոֆոնդը վատ է ուսումնասիրւած։ Միայն համապատասխան հետազօտութիւններից յետոյ կարելի է անել նման հետեւութիւններ»,- ասաց Եպիսկոպոսեանը։

Գիտնականը նշեց, որ հայերի «հնութեան» մասին վկայում են տարբեր երկրների մասնագէտների հետազօտութիւնները (այդ թւում` լեզւաբանութեան ոլորտում)։ Վերջին տւեալներով` հայերէնն առանձնացել է հնդեւրոպական նախալեզւից 4.5-5 հազար տարի առաջ։ «Դա եւս մէկ անգամ հաստատում է հայկական գէնոֆոնդի հնութիւնը»,- նշեց Եպիսկոպոսեանը։

Դարերի ընթացքում տեղի է ունեցել էթնիկ ընդհանրութեան առանձնացման գործընթաց. հայերն իրենց բնորոշ գծերով սկսել են տարբերել միւս ժողովուրդներից։

Գիտնականը նշեց, որ հայերը կարողացել են պահպանել իրենց ազգային ինքնութիւնը, գէնոֆոնդը չի ենթարկւել զգալի փոփոխութիւնների։ Նրա խօսքով` գէնետիկական օտարածին ազդեցութիւնից զերծ են մնացել Արցախն ու Սիւնիքը։ Այդուհանդերձ, չարժէ պնդել հայերի, վրացիների կամ չինացիների բացարձակ «զտարիւնութեան» մասին, թէկուզ այն պատճառով, որ մարդիկ ամբողջ աշխարհում գէնետիկօրէն շատ առումներով նման են իրար։

Եպիսկոպոսեանի խօսքով` վերջին շրջանում նորաձեւ է դարձել որպէս նւէր ԴՆԹ անալիզ պատւիրելը։ Այսպէս, ԱՄՆ-ում յոբելեարի ծննդեան օրը յաճախ ոչ թէ փող կամ օծանելիք են նւիրում, այլ նրա գէնետիկ գաղտնագրի վերծանումը. աւելի քան 10 միլիոն ամերիկացիներ արդէն ունեն գէնետիկ անձնագրեր։ Հարեւան Թուրքիայում 34.5 միլիոն մարդ պատրաստակամութիւն է յայտնել ստուգել ԴՆԹ-ն եւ պարզել իրենց նախնիների մասին տեղեկութիւնը։

Եպիսկոպոսեանը նաեւ նշեց, որ հիմա ԴՆԹ անալիզն աւելի յաճախ սկսել են օգտագործել քաղաքական նպատակներով։ Գիտնականը բացասաբար է գնահատում այդ միտումը։ Նրա կարծիքով` գիտութիւնը մեռնում է այնտեղ, որտեղ կայ քաղաքական պատւէր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։