Հա

Հասարակական

15/05/2019 - 10:10

7 բան, որ պէտք է անել Հայաստանում. զբօսաշրջային ուղեցոյցն անդրադարձել է Հայաստանի տպաւորիչ զբօսավայրերին

Զբօսաշրջային ուղեւորութիւններին նւիրւած «Wanderlust» ամսագիրը յօդւած է հրապարակել Հայաստանի մասին՝ ներկայացնելով, թէ ինչ կարող են զբօսաշրջիկներն անել եւ տեսնել «քիչ այցելւած երկրում»՝ հետիոտն արշաւներից մինչեւ բացայայտող այցելութիւններ:

«alikonline.ir» - Զբօսաշրջային ուղեւորութիւններին նւիրւած «Wanderlust» ամսագիրը յօդւած է հրապարակել Հայաստանի մասին՝ ներկայացնելով, թէ ինչ կարող են զբօսաշրջիկներն անել եւ տեսնել «քիչ այցելւած երկրում»՝ հետիոտն արշաւներից մինչեւ բացայայտող այցելութիւններ: Այս մասին  տեղեկացնում է «Tert.am»-ը:

 

1. Զբօսնել եւ ուսումնասիրել մայրաքաղաք Երեւանը

Հայաստանի բարեհամբոյր, գեղեցիկ մայրաքաղաքը հանգիստ կարելի է ուսումնասիրել ոտքով՝ անցնելով սրճարաններով լի պողոտաներով, գեղեցիկ այգիներով, ուշագրաւ խանութներով եւ նրբագեղ հրապարակներով: Երեւանի փողոցների մշակոյթը Մարսէլի եւ հին Բէյրութի էկզոտիկ խառնուրդն է՝ պատւած խորհրդային ազդեցութեան ցողերով:

 

2. Քայլարշաւ դէպի Հայաստանի գեղեցիկ վանքերը

Հայաստանի բազմաթիւ միջնադարեան վանական համալիրները տեղակայւած են հեռաւոր լեռնային շրջաններում, այնպէս որ հետաքրքրութիւնը կրկնապատկւում է ե՛ւ արշաւի մասնակցելու, ե՛ւ պատմութեանն ու կրօնին ծանօթանալու առումով:

 

3. Տեսնել Գառնիի քարէ տպաւորիչ կազմաւորումները

Արշաւ կարելի է կազմակերպել տաճարից դէպի գիւղ՝ Ազատ գետի երկայնքով՝ սեփական աչքերով տեսնելու խողովականման քարէ կազմաւորումները, որոնք յայտնի են որպէս «Քարերի սիմֆոնիա»:

 

4. Հանդիպել հազւագիւտ ռուսական քրիստոնեայ բնակչութեանը

Ֆիոլետովոյ գիւղը, որտեղ մօտ 3000 մոլոկաններ են բնակւում, առանձին կրօնական ճիւղ է ներկայացնում, որն առանձնանում է Արեւելեան Ուղղափառութիւնից, Կաթոլիկութիւնից եւ Բողոքականութիւնից:

 

5. Այցելել արւարձանանման տների լաբիրինթոսը

Յետխորհրդային երկրում կայ աղքատութեան մեծ մակարդակ: Մինչ քաղաքի տպաւորիչ կենտրոնը կարող է քաղաքացիների կենսակերպի յստակ մակարդակ թելադրել, հինգ րոպէի ճանապարհի վրայ ամբողջովին այլ տեսարան է բացւում:

 

6. Հասկանալ Հայաստանի փոթորկոտ պատմութիւնը Ցեղասպանութեան զոհերի յուշարձանի մօտ

Երկրի պատմութեան ամենամութ էջերից մէկը ներկայացւում է Երեւանի կենտրոնական բլրի գագաթին գտնւող Ծիծեռնակաբերդում՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերին նւիրւած յուշահամալիրում:

 

7. Վայելել Երեւանի գիշերային կեանքը

Մայրաքաղաքում բարերի, ակումբների եւ ռեստորանների լաւ ընտրանի կայ, ինչպէս նաեւ տպաւորիչ Օպերան:

 

Եւ վերջում պարբերականն առաջարկում է պարզապէս վայելել Արարատ լեռան խորհրդաւոր տեսքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։