Հա

Հասարակական

21/05/2019 - 10:10

Ջարդերից ու կոտորածից փրկւող հայը, որ փրկւեց նաեւ «Տիտանիկ»-ից

Մի դաժան ճակատագրապաշտական խօսք կայ, թէ՝ ում վիճակւած է այրւել, ջրում չի խեղդւի: Բայց կեանքի կոնկրետ օրինակները, ինչպէս ասենք, «Տիտանիկ»-ի փրկւած ուղեւոր Նշան Գրիգորեանի դէպքում, ցանկացած ասոյթից շատ աւելի հետաքրքրական են: Թւում է, թէ էլ ինչ կայ անցեալ դարասկզբին՝ 1912-ի ապրիլին այսբերգին բախւած ու խորտակւած «Տիտանիկ» շոգենաւի հետ կապւած, որ անյայտ մնացած լինի:

«alikonline.ir» - Մի դաժան ճակատագրապաշտական խօսք կայ, թէ՝ ում վիճակւած է այրւել, ջրում չի խեղդւի: Բայց կեանքի կոնկրետ օրինակները, ինչպէս ասենք, «Տիտանիկ»-ի փրկւած ուղեւոր Նշան Գրիգորեանի դէպքում, ցանկացած ասոյթից շատ աւելի հետաքրքրական են: Թւում է, թէ էլ ինչ կայ անցեալ դարասկզբին՝ 1912-ի ապրիլին այսբերգին բախւած ու խորտակւած «Տիտանիկ» շոգենաւի հետ կապւած, որ անյայտ մնացած լինի:

Այն, որ «Տիտանիկ»-ի ուղեւորների մէջ հայեր էլ են եղել, նորութիւն չէ: Հասանելի կամ համացանցային բաց աղբիւրներում, այդ թւում՝ «Տիտանիկի հանրագիտարանում» այդ մասին էլ տեղակութիւններ կան: Բայց ամէն պարագայում, հետաքրքիր է, երբ կոնկրետ մարդու կենսագրութեան մասին պատկերացում հաղորդող տեղեկութիւնների ես հանդիպում: Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Արմէն Յակոբեանը:

Նշան Գրիգորեանը (անգլերէն տառադարձմամբ՝ Neshan Krekorian), ըստ այդ տեղեկութիւնների, ծնւել է 1886 թւականի մայիսի 12-ին, Էրզրումին մերձակայ Քղի գիւղում: Թէպէտ նրա մահւան վկայականում որպէս ծննդեան օր նշւած է դեկտեմբերի 1-ը:

Թէ ինչ վիճակ է եղել Օսմանեան կայսրութիւնում եւ ինչ հետապնդումներ, ջարդեր ու կոտորածներ են կազմակերպւել բնիկ հայութեան դէմ, մեր ընթերցողին ներկայացնելու լրացուցիչ անհրաժեշտութիւն չկայ:

Իսկ Նշան Գրիգորեանի կեանքին առնչւող յաջորդող մանրամասնութիւնները իսկապէս էլ հետաքրքիր են: Ափսոս, որ ոչ մէկը Ջէյմս Կեմերոնին մեր ազգակցի կեանքի մասին ոչինչ չի պատմել, այլապէս նման պատմութիւնը նրա ուշադրութիւնից չէր վրիպի: Ինչեւէ:

Հայերի, առհասարակ քրիստոնեաների դէմ հալածանքների հերթական ալիքից յետոյ, 1910-11 թւականներին Նշան Գրիգորեանը մի խումբ հայրենակիցների, համագիւղացիների՝ Արսէն Սիրքանեանի, Յարութիւն Տէր-Զաքարեանի, Մամփրէ Տէր-Զաքարեանի եւ Դաւիթ Վարդանեանի հետ հեռանում է հայրենի եզերքից՝ Կանադա մեկնելու նպատակով: Հետաքրքիր է նաեւ, որ ոչ թէ պարզապէս այլ երկիր էին պատրաստւում մեկնել, այլ կոնկրետ տեղ՝ Կանադայի Օնտարիօ նահանգի Համիլթոն քաղաք, Փօլ Մարտինի մօտ:

Կան յիշատակումներ, թէ Նշան Գրիգորեանն անտոմս ուղեւոր է եղել, նոյնիսկ, որ Մարսէլում ինչ-որ մէկին կաշառելով է յայտնւել ճակատագրական նաւում:

Բայց ի հակառակ այդ վարկածի, նշւում է, որ վաճառւած տոմսերի ցանկում առկայ է, որ Նշան Գրիգորեանի տոմսի համարն էր՝ 2654, իսկ տոմսն էլ արժէր 7 ֆունտ ստերլինգ:

Յայտնի է նաեւ, որ Նշան Գրիգորեանը Շերբուրում է նաւ բարձրացել՝ հեռաւոր ամերիկեան մայրցամաք ճանապարհ ընկնելով որպէս երրորդ դասի ուղեւոր: Հետագայում նա պատմել է հարազատներին, որ այդ երրորդ կարգի նաւախցում (E-57 սենեակ, F-տախտակամածում) ինքն ասես փակի տակ լինէր:

Ճակատագրական բախման ժամանակ Նշան Գրիգորեանը նաւախցում է եղել, իր մահճակալին պառկած: Նա, կարելի է ասել, արագ է կողմնորոշւել եւ կարողացել է հասնել վերին տախտակամած, աւելին, յաջողել է նստել փրկանաւակներից մէկը, աւելի ճիշտ՝ ցատկել դրանցից մէկի մէջ:

Ճիշտ է, հետագայում նա թոքերի բորբոքում է ստացել, բայց դա ոչինչ է, եթէ հաշւի ես առնում, թէ ինչից է փրկւել: Նիւ Եօրքի հիւանդանոցներից մէկում բուժւելուց յետոյ, Նշան Գրիգորեանը ի վերջոյ հասնում է Կանադայի Օնտարիօ նահանգի Բրենթֆորդ քաղաք, որտեղ շարունակում է բուժումը:

Վերջիվերջոյ, աղէտից փրկւելուց վեց տարի անց, 1918-ին Նշան Գրիգորեանը տեղափոխւում է Սենթ Քաթարինս քաղաք, ամուսնանում Պերսա Վարդանեանի հետ, աշխատում «Ջեներալ Մոթորս» ընկերութեան աւտոմոբիլների գործարանում, եւ  տիկնոջ հետ մեծացնում չորս զաւակների:

Ասում են, որ հետագայ ամբողջ կեանքի ընթացքում Նշան Գրիգորեանն այլեւս ոչ մի նաւ չի նստել, ինչը միանգամայն հասկանալի է մի մարդու պարագայում, որը «Տիտանիկ»-ից է փրկւել:

Իսկ մահացել է Նշան Գրիգորեանը պատկառելի տարիքում՝ 92 տարեկանում, մայիսի 21-ին, արդէն յիշատակւած Սենթ Քաթարինս քաղաքում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։