Հա

Հասարակական

11/06/2019 - 09:50

Նախաճաշ կամ ընթրիք ամպերի ներքոյ. Երեւանում կը բացւի առաջին կախովի ռեստորանը

Մի գաւաթ անուշաբոյր սուրճ` ֆրանսիական թխւածքով, Արարատ լեռան ֆոնին, եւ այդ ամէնը երկնքում` 55 մետր բարձրութեան վրայ. սա արդէն իրականութիւն է։ Հայաստանում յունիսի 20-ից կը սկսի գործել առաջին կախովի ռեստորանը։

«alikonline.ir» - Սուր զգացողութիւնների սիրահարները եւ նրանք, ովքեր վաղուց էին երազում անսովոր ընթրիքի կամ նախաճաշի մասին, կարող են այլեւս արկածներ չորոնել արտասահմանում։ Հայաստանում բացւում է առաջին կախովի ռեստորանը։

Մի գաւաթ անուշաբոյր սուրճ` ֆրանսիական թխւածքով, Արարատ լեռան ֆոնին, եւ այդ ամէնը երկնքում` 55 մետր բարձրութեան վրայ. սա արդէն իրականութիւն է։ Հայաստանում յունիսի 20-ից կը սկսի գործել առաջին կախովի ռեստորանը։

Նման ռեստորան բացելու գաղափարն առաջացել է երկու տարի առաջ։ Այդ մասին «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց «Dine Sky Armenia»-ի մարքեթինգի գծով տնօրէն Վիկտորեա Մատթէոսեանը։

«Սա բոլորովին նոր ռեստորանային հարթակ է։ Այցելուները կարող են նախաճաշել, ընթրել կամ ճաշել 55 մետր բարձրութեան վրայ։ Միաժամանակ, հիանալի տեսարան է բացւում քաղաքի վրայ։ Մուտքը տոմսերով է, անհրաժեշտ է նախօրօք ամրագրել»,- ասաց Մատթէոսեանը։

Տոմսի արժէքում ներառւած են ուտելիքն ու ոչ ալկոհոլային խմիչքը։ Նախատեսւած է օդում անցկացնել մէկուկէս ժամ։ Ռեստորանում 22 նստատեղ կայ, աթոռները գերամուր են եւ պտտւում են իրենց առանցքի շուրջ։ Մի աթոռը կարող է դիմանալ մինչեւ 140 կգ. ծանրութեան։ Երեխաները նոյնպէս կարող են այցելել ռեստորան, սակայն նրանց հասակը պէտք է առնւազն 140 սմ. լինի։ Կախովի ռեստորան չեն կարող գնալ յղի կանայք։

Վերգետնեայ ռեստորանի այցելուներին սպասարկելու են երեք մատուցողներ։ Մատթէոսեանն ընդգծում է, որ ցանկացողները կարող են ռոմանտիկ ընթրիք կազմակերպել, ծննդեան օրը նշել։ Ճաշացանկում մի քանի տեսակ տաք ճաշատեսակ, աղցաններ եւ աղանդերներ կան։

«Այցելուներն իրենք են ցուցակից ընտրում, թէ ինչ են ուզում ուտել։ Հորթի մսով, հաւի մսով ճաշատեսակներ, տարատեսակ աղցաններ, չիզքէյք եւ մի շարք աղանդերներ ունենք։ Առաւօտեան մատուցում ենք աղցան, կրուասան` տարբեր մրգային միջուկներով, սուրճ, թէյ»,- ասաց Մատթէոսեանը։

Նա նշեց, որ առանց նախօրօք պատւիրելու անհնար է գնալ եւ դառնալ հաստատութեան այցելու։ Պատւիրելուց յետոյ պէտք է նշւած ժամից կէս ժամ շուտ գնալ։ Ռեստորանի աշխատակիցները հրահանգներ են տալիս այցելուներին, ծանօթացնում անվտանգութեան կանոններին եւ միայն յետոյ ուղեկցում ռեստորան։

Գիշերը հիասքանչ տեսարանից բացի, տպաւորիչ է նաեւ հարթակը, որը լուսաւորւում է ներսից։ Կախովի ռեստորանի հիմնադիրները երաշխաւորում են 100 տոկոս անվտանգութիւն։

«Մինչեւ լիցենզիա ստանալը, թեստաւորում ենք անցել մի քանի միջազգային կազմակերպութիւնների կողմից։ Մեր կռունկավարը վեց ամիս շարունակ վերապատրաստւել է ԱՄԷ-ում»,- ասաց Մատթէոսեանը։

Նրա խօսքով` ռեստորանը սեզոնային չէ։ Այն գործելու է նաեւ ձմռանը, սակայն մի քանի ամիս անց պարզ կը դառնաձ, թէ ինչ ձեւաչափով։

Տւեալ պահին մասնագէտների թիմն աշխատում է հարթակի վրայ եւ բոլոր անհրաժեշտ միջոցառումներն անցկացնում գործարկման համար։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։