Հա

Հասարակական

20/06/2019 - 12:30

Հայաստանի եւ Իրանի փաստաբանների պալատների նախագահները մասնագիտական քննարկումներ կանցկացնեն

ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին ու իրեն ընկերակցող պատւիրակութիւնը Երեւանում հանդիպել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբեանին:

«alikonline.ir» - ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին ու իրեն ընկերակցող պատւիրակութիւնը Երեւանում հանդիպել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբեանին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Կողմերը հանդիպման ժամանակ ձեռք են բերել յունիսի 20-ին մասնագիտական քննարկումներ ծաւալելու պայմանաւորւածութիւն։

Պատւիրակութեան կազմում են ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին, Պալատի նախագահի տեղակալ Ջաֆար Քուշան եւ ԻԻՀ փաստաբանների պալատի իրաւական աջակցութեան վարչութեան պետ Հոսէյն Մոհամադը: Պատւիրակութեան հետ Փաստաբանների պալատ է այցելել ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

Յունիսի 19-ին հայ գործընկերների հետ հանդիպման ընթացքում հայ եւ իրանցի գործընկերները միմեանց ներկայացրել են իրենց կառոյցները:

Ողջունելով հիւրերին՝ ՀՀ փաստաբաների պալատի նախագահ Արա Զոհրաբեանը նշել է. «Յուսով եմ մեր շփումները կը նպաստեն փորձի փոխանակմանը: Փաստաբանի գործն, անկախ ազգութիւնից եւ եպետութեան տարածքներից, միեւնոյնն է: Մենք կոչւած ենք մարդկանց իրաւունքները պաշտպանել, իսկ պետութիւնն էլ մեզ համար պայմաններ է ստեղծում, որպէսզի այդ գործունէութիւնն իրակացնենք: Չնայած որ շատ յաճախ հէնց պետական մարմիններից ենք պաշտպանում քաղաքացիներին»:

Իրանի դեսպանը իր պատասխան խօսքում հայտնել է. «Այս այցը շատ կարեւոր էր մեզ համար եւ ես էլ, առիթը պատեհ համարելով, մեր պատւիրակութեան հետ ցանկացայ այցելել ձեզ: Վստահ եմ՝ մեր համագործակցութեան սկիզբը մեր երկու երկրների ժողովուրդների համար շատ մեծ դեր է ունենալու»:

Իրանի փաստաբանների պալատի նախագահը ողջոյնի իր խօսքում նշել է, որ ինքը իր տանն է գտնւում, որովհետեւ ցանկացած երկրում, որտեղ էլ որ լինի փաստաբանն, այդ երկրի փաստաբաննների պալատ այցելելով, գտնւում է իր տանը:

Իրանի փաստաբանների պալատի նախագահի խօսքով՝ փաստաբանութիւնը Իրանում ունի 111 տարւայ պատմութիւն: 1953 թւականից Իրանի փաստաբանների պալատը աշխատում է ազատ եւ կախւածութիւն չունի ոչ մէկից:

Իսա Ամինիի խօսքով՝ Իրանի փաստաբանների պալատի նախագահի պաշտօնը հաւասարեցւած է գլխաւոր դատախազի պաշտօնին:

Երկու կողմերն ընդհանուր դրոյթներով ներկայացրել են իրենց կառոյցները։ Աւարտին իրանցի գործընկերները շրջայց են կատարել ՀՀ փաստաբանների պալատի շէնքում:

Նշենք որ, Իրանի Իսլամական Հանրապետութեան փաստաբանների պալատի պատւիրակութիւնը յունիսի 19-23-ը հիւրընկալւում են ՀՀ փաստաբանների պալատում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։