Հա

Հասարակական

24/06/2019 - 09:30

«Eria» աւանը եւ հայկական մայրաքաղաքների հովիտը. որտեղի՞ց է ծագել «Երեւան» անունը

Արարատեան դաշտը իւրայատուկ վայր է, շատ առումներով` առեղծւածային։ Եւ միայն աստւածաշնչեան աւանդութիւններն չեն պատճառը, որ Հայաստանի տասներեք մայրաքաղաքներից մի քանիսը գտնւել են հէնց այստեղ։

«alikonline.ir» - Արարատեան դաշտը իւրայատուկ վայր է, շատ առումներով` առեղծւածային։ Եւ միայն աստւածաշնչեան աւանդութիւններն չեն պատճառը, որ Հայաստանի տասներեք մայրաքաղաքներից մի քանիսը գտնւել են հէնց այստեղ։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Երասխի հովիտը, Արարատեան կամ Տափերական դաշտ ու բազմաթիւ այլ անուններ կրող միջլեռնային տեկտոնական այս իջւածքը սկիզբ է դրել լեգենդների եւ քաղաքների, որոնք իրենց հերթին գրաւել են առեղծւածներ որոնողներին եւ զուտ երկրային գիտութիւնների ակադեմիկոսներին։

Սա նոյնիսկ ոչ թէ հովիտ է, այլ բարձրահարթ դէպի հարաւ-արեւմուտք՝ Մեծ ու Փոքր Արարատների կողմը։ Եւ նոյնիսկ եթէ Արարատներն անմիջականօրէն կապած լինէին Նոյ նահապետի եւ Համաշխարհային Ջրհեղեղի հետ, նրա բնական գեղեցկութիւնը եւ հողի առատաձեռնութիւնը միշտ կը գրաւէին մարդկանց։

Արտաշատ եւ Արմաւիր, Դւին եւ Վաղարշապատ, Երեւան, վերջապէս տասներեք հայկական մայրաքաղաքների մօտաւորապէս կէսը կառուցւել է այստեղ։ Արարատի շնորհիւ, իհարկէ, որը կարծես յատուկ այստեղ է դրւել ինչ-որ ահռելի, մոլորակի լանդշաֆտային դիզայնից հասկացող մէկի կողմից։

Եւ ոչ միայն միստիկները, էզոթերիկները, Աստւածաշնչի մեկնաբանները եւ կրօնական հետազօտողները, այլ նաեւ աւելի երկրային գիտութիւնների լուրջ ներկայացուցիչներ պնդում են, օրինակ, որ Արարատի առջեւ դեռ կան ջրհեղեղի ջրերը, իսկ աղուտների սպիտակ նիւթը, որն առկայ է նաեւ Երեւանի ծայրամասերում, որ դա հէնց այդ նախածին Երկրի աղն է։

Արարատեան դաշտում անհիշելի ժամանակներից գտնւել են հազարաւոր քաղաքներ եւ բնակավայրեր։ Մեր օրեր հասել են տասնեակ անուններ, թէեւ դրանք կրած բնակավայրերը դադարել են գոյութիւն ունենալ։ Մնացած հարիւրաւորների մասին ոչինչ չի մնացել պատմութեան յիշողութեան մէջ, բայց այդ հովտում որտեղ էլ փորի հնագէտը, անպայման ինչ-որ ուշագրաւ բան կը գտնւի։

Ճակատագիրը եւ պատմութիւնն այնպէս են տնօրինել, որ Արարատեան դաշտի ամենախոշոր քաղաքը պէտք է դառնար Երեւանը։ Առեղծւածները եւ հետաքրքիր գլուխկոտրուկները սկսւում են արդէն անւան ծագումնաբանութիւնը հասկանալու փորձից։ Ամենատարածւած տեսութիւնները լայնօրէն յայտնի են. Նոյը, տեսնելով Ջրհեղեղի ջրերից յետոյ երեւացող հողը, բացականչել է «երեւաց»։

Շատ հետազօտողներ չեն փորձում բարդացնել խնդիրը եւ էկզոտիկ վարկածներ որոնել. աւելի հասարակ եղիր, եւ մարդիկ կը ձգւեն դէպի քեզ։ Նրանք ասում են, որ քաղաքի անւանումը գալիս Ուրարտուի թագաւորութեան ժամանակներից եւ ծագում Էրեբունի անւանումից՝ քաղաք-ամրոցի, որը հիմնել է Վանի Արարատեան թագաւորութեան արքայ Արգիշտի Ա-ը։ Ժամանակի ընթացքում հնչիւնը հնչիւնաբանական ադապտացիայի հետեւանքով դարձել է «վ»։

Արարատեան դաշտի իւրայատուկ էներգետիկան, որը, բնականաբար, արտացոլւել է այդ տարածքի ցանկացած բնակավայրում, գրաւել է անսովոր տեսութիւնների հեղինակներին, որոնք հակւած են դէպի առեղծւածը։ Դա սկսւել է ֆրանսիացի արեւելագէտ, գիտնական Աբրահամ Գիացինտ Անկետիլ Դիւպերոնից։ Նա ոչ սովորական մտածողութեան հակւած մարդ էր, 18-րդ դարում բաւական երկար ուսումնասիրել է հնդկացի պարսիկներին եւ ապրել նրանց մէջ։ Այսպէս, Դիւպերոնը վստահաբար կապում է Երեւան անւանումը հին արիացիների առեղծւածային նախահայրենիքի հետ, որը կոչւել է Արեանա-Վաեջա։

Դիւպերոնին քչերն են լուրջ ընդունել։ Եւ ահա՝ գաղտնիքների գաղտնիքը, առեղծւածների առեղծւածը. փիլիսոփայ եւ օկուլտիստ Ելենա Բլաւատսկայան համակարծիք է եղել այդ տեսակէտի հետ։ Նա որոշ ժամանակ ապրել է Երեւանում նախանցած դարի կէսին, հաւանաբար այստեղ ինչ-որ բան է բացայայտւել նրա համար՝ ոչ հասու հասարակ մահկանացուներին, եւ նա յայտարարել է, որ «վերջին Զրադաշտը» ընտրել է Արաքսի ափերը՝ իր կրօնը վերածնելու համար, նա կրկին ծնւել է Արարատեան դաշտում, թէեւ նա սկիզբ է առել Արեանա-Վաեջայում։

Բլաւատսկայայի ազդեցութիւնը ակադեմիական ուղեղների վրայ չի կարելի թերագնահատել, եւ ահա շուտով գիտական օղակների որոշ ներկայացուցիչներ իրենք են մշակում նման տեսութիւնները։ Մասնաւորապէս, խոշորագոյն ռուս արեւելագէտ, աստւածաշնչագէտ եւ քաղաքակրթութիւնների ուսումնասիրման հիմնադիր Միխայիլ Նիկոլսկին կարծել է, որ հին Երեւանը գտնւել է հէնց Արին Բերդ բլուրում։

Միաժամանակ Նիկոլսկին հերքել է բլրի անւանման թարգմանութիւնը՝ որպէս «արիւնոտ»՝ «Արին»։ Նրա կարծիքով՝ դա թարգմանւում է որպէս «արիական»։ «Արիական» քաղաք «արիական» բլրի վրայ. այդպէս է ստացւել ըստ Նիկոլսկու, չէ՞ որ ասորական ձեռագրերում յիշատակւում է Արարատեան հովտի Էրիանի քաղաքը, հէնց դա էլ Երեւանն է։ Գիտնականը վստահ է եղել դրանում, իսկ նրա հեղինակութիւնն այսօր էլ է բարձր։

Նիկոլսկուն շատ առումներով կրկնել է նաեւ Վեաչեսլաւ Իւանովը՝ ռուս եւ խորհրդային լեզւաբանն ու մարդաբանը։

Պատմաբան, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցեանը եղել է Նիկողայոս Մառի լեզւաբանական ուսմունքի սուր քննադատը, նոյնիսկ որոշ ժամանակ հատուցել է իր ընդդիմադրութեան համար աշխատատեղով։

Բայց Ղափանցեանը շարունակել է պնդել իր տեսակէտը, որը մօտ է եղել Նիկոլսկու եւ Իւանովի կարծիքներին։ Նա դիտարկել է Էրիանի եւ Էրիահի տեղանունները՝ համարելով, որ հէնց այդ անւանումներից է ծնւել «Երեւանը»։

Այդ անւանումներում է Ղափանցեանը առանձնացրել «eria» արմատը, որը գիտնականը համարել է արիական ցեղի անւանումը։ Ղափանցեանի կարծիքով՝ հայկական մայրաքաղաքի անունը ձեւաւորւել է՝ արիական արմատին աւելացնելով «avan» (երկիր) բառը, եւ հայոց լեզւի հնչիւնաբանական օրէնքների համաձայն էլ ձեւաւորւել է Երեւան անւանումը։

Ինչ էլ որ լինի, պարզ է, որ Արարատեան դաշտն աւելի շատ գաղտնիքներ է թաքցնում, քան արդէն կատարւած բացայայտումների թիւն է։ Միգուցէ մի օր կը գայ այդ գաղտնիքներով զբաղւելու ժամանակը՝ նպատակաուղղւած գիտական բացայայտումների ճանապարհով, այլ ոչ թէ թէկուզ բանիմաց, բայց էնտուզիաստների ջանքերի միջոցով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։