Հա

Հասարակական

24/06/2019 - 10:00

«Ես չէի հաւատում հանգստեան օրերին, չէի հաւատում նաեւ արձակուրդին». Բիլ Գէյթս

«Microsoft»-ի համահիմնադիր Բիլ Գէյթսը պատմել է, թէ որպէս ընկերութեան ղեկավար՝ որ սխալի համար է նա դեռեւս իրեն մեղաւոր համարում: «Forbes»-ի ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրած մարդը համոզւած է, որ «Microsoft»-ը, ոչ թէ «Google»-ը, պէտք է ստեղծէր բջջային յաւելւածների համար «iOS»-ի այլընտրանքը, որը համարւում է «Android»-ը:

«alikonline.ir» - «Microsoft»-ի համահիմնադիր Բիլ Գէյթսը պատմել է, թէ որպէս ընկերութեան ղեկավար՝ որ սխալի համար է նա դեռեւս իրեն մեղաւոր համարում: «Forbes»-ի ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրած մարդը համոզւած է, որ «Microsoft»-ը, ոչ թէ «Google»-ը, պէտք է ստեղծէր բջջային յաւելւածների համար «iOS»-ի այլընտրանքը, որը համարւում է «Android»-ը: Ըստ «News.am»-ի՝ գրում է «Forbes»-ը:

Գէյթսը նշել է, որ ծրագրային ապահովման շուկայում, յատկապէս բջջային հարթակի պարագայում, յաղթողը ստանում է ամէն ինչ. ընկերութիւնը, որն առաջինն է ներկայացրել որակեալ ապրանք, դառնում է առաջատար: Միլիարդատէրը գտնում է, որ աշխարհում կայ միայն մէկ օպերացիոն համակարգի համար տեղ, որը կարող է մրցել «Apple»-ի հետ: «Իմ մեծագոյն սխալը վատ կառավարումն է, որը թոյլ չի տւել «Microsoft»-ին դառնալ այն, ինչ այժմ «Android»-ն է՝ ոչ «Apple»-ի սմարթֆոնների համար ստանդարտ հարթակ»:

2000 թւականից «Microsoft»-ը զարգացրել է իր բջջային օպերացիոն համակարգը, որը սկզբում կոչւել է «Windows Mobile»: 2010-ին այն փոխարինւել է «Windows Phone»-ով, իսկ 10-րդ սերիան թողարկելիս այն վերադարձրել է «Mobile» հատւածը: Այդ օպերացիոն համակարգով թողարկւել են հիմնականում «Nokia» սմարթֆոնները, որը 2014-2016 թթ. պատկանել է «Microsoft»-ին: «Windows Phone»-ը զբաղեցնում էր երրորդ տեղն իր տարածւածութեամբ բջջային հարթակների շրջանում, որը մի քանի անգամ զիջում էր «iOS»-ին եւ «Android»-ին, քանի որ չէր տարբերւում յաւելւածների մեծ բազմազանութեամբ: Հասանելի ծրագրերը ստանում էին նոր գործառոյթներ եւ թարմացումներ զգալիօրէն աւելի դանդաղ, քան այդ երկու հարթակների պարագայում: Դրա արդիւնքում 2018 թւականի յունւարի 24-ին «Microsoft»-ը որոշել էր դադարեցնել իր «ОС»-ի ակտիւ ծրագրաւորումը, իսկ 2019 թւականի դեկտեմբերի 10-ին կաւարտի նաեւ պլատֆորմի հիմնական սպասարկումը:

Գէյթսի խօսքով՝ ծրագրային ապահովման շուկայում աննշան տարբերութիւնները որոշիչ են:

Գէյթսը յաւելել է, որ այդ շուկայում խիստ մրցակցութիւնը պահանջում է բազմաթիւ զոհեր դրանում ներգրաււած աշխատակիցների համար, եւ, նախեւառաջ, հանգստեան օրերից եւ արձակուրդներից հրաժարում:

Գէյթսն աւելի վաղ պատմել էր, որ երիտասարդ տարիքում չէր կարեւորում հանգստեան օրերը: Հարցին՝ փոխւել են արդեօք նրա հայեացքները տարիներ անց, գործարարը պատասխանել է՝ ոչ: «Ճիշտ է, որ ես չէի հաւատում հանգստեան օրերին, չէի հաւատում արձակուրդին: Ես գիտէի իւրաքանչիւր աշխատակցի աւտոմեքենայի պետհամարանիշը եւ կարող էի պատմել, թէ երբ են նրանք ժամանել կայանատեղի եւ մեկնել այնտեղից»,- ասել է Գէյթսը: Նա նշել է, որ 30-ին մօտ նա սկսել է սիրել հանգստեան օրերը, իսկ նրա ընկերուհին սիրում էր արձակուրդները:

Միլիարդատիրոջ խօսքով՝ այժմ նա շատ է հանգստանում, եւ եթէ նա լինէր 20 տարեկան, ներկայիս Գէյթսը նրա համար զզւելի կը լինէր: Նա նշել է, որ աշխատանքի առաջին տարիներին կարեւոր է հաւաքել թիմ, որն ամբողջովին կը նւիրւի ընկերութեանը: «Կը լինեն մարդիկ, որոնք կունենան խնդիրներ առողջութեան կամ բարեկամների հետ կապւած, որոնք կը շեղեն նրանց: Սակայն այո, ես լիովին համոզւած եմ. անհրաժեշտ են զոհեր, յատկապէս սկզբնական տարիներին, եթէ դուք փորձում էք իրագործել նոր ինժեներական գաղափարներ ծրագրերը կեանքի կոչելու համար»,- ամփոփել է գործարարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։