Հա

Հասարակական

07/07/2019 - 10:00

Էջմիածնում սրտի ձայների թանգարան է բացւել. հայերը գտել են յաւէրժական կեանքի բանալին

Սրտխփոցը մի ամբողջ սիմֆոնիա է, որը կարելի է ունկնդրել յաւէրժ։ Սրանում վստահ է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում եզակի սրտի ձայների թանգարանի հիմնադիր ու տնօրէն Գրիգոր Մաչանենց Բաբախանեանը։

«alikonline.ir» - Սրտխփոցը մի ամբողջ սիմֆոնիա է, որը կարելի է ունկնդրել յաւէրժ։ Սրանում վստահ է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում եզակի սրտի ձայների թանգարանի հիմնադիր ու տնօրէն Գրիգոր Մաչանենց Բաբախանեանը։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիան:

Տիկ-տակ-տիկ-տակ, դըմփ-դըմփ-դըմփ-դըմփ... Եթէ կարծում էք, որ սիրտն այսպէս է բաբախում, սխալւում էք։ Դա ապացուցել է Էջմիածնում (Վաղարշապատ) սրտի ձայների թանգարանի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանեանը։

Թանգարանն արդէն մէկ տարի է, ինչ գործում է ու աստիճանաբար յայտնի է դառնում հայաստանցիների ու զբօսաշրջիկների շրջանում։ Գրիգորի նախաձեռնութիւնը տարբեր կերպ են ընկալում․ ոմանք մերժում են, ոմանք գաղափարը հանճարեղ են անւանում, ոմանք էլ կարծում են, որ Հայաստանում մարդուն անմահացնելու ձեւ են գտել այն պարզ սկզբունքով, որ «Մենք ողջ ենք, քանի դեռ լսւում է մեր սրտի բաբախիւնը»։

«Թանգարանը իւրայատուկ սրտադարան է։ Բոլոր ցանկացողները կարող են թողնել այստեղ իրենց սրտի բաբախոցի ձայնն ու ժառանգել այն իրենց յետնորդներին», - պարզաբանեց Բաբախանեանը։

Սեփական սրտխփոցն անմահացնելու համար պէտք է այն ձայնագրել որեւէ կրիչի վրայ՝ ցանկացած սրտաբանական կենտրոնում։ Յետոյ պէտք է գալ Վաղարշապատ (Էջմիածին), սրտի ձայների թանգարան ու «սրտառուչ» ձայնագրութիւնն ի պահ յանձնել։ Թանգարանի ղեկավարութիւնը երաշխաւորում է, որ այդ ձայնը կը պահպանւի իրենց մօտ այնքան ժամանակ, որքան մարդն ինքը կը ցանկանայ։

«Մենք մարդու հետ պայմանագիր ենք կնքում ու պարտաւորւում ենք պահպանել նրա սրտի ձայնը։ Նա, իր հերթին, յետնորդներին ժառանգութիւն է գրում։ Օրինակ՝ կարող է նշել, որ ծոռանն է ժառանգում։ Տարիներ անց ծոռն իրաւունք ունի թանգարան գալ ու լսել պապի սրտխփոցը»,- բացատրեց Բաբախանեանը։

Թանգարանի մատուցած ծառայութեան դիմաց մարդը միանւագ 50 հազար դրամ է վճարում։ Այնպէս որ, ընտրութիւն կա՛յ. ծոռանը ժառանգել գէներն ու սեփական սրտխփոցի ձա՞յնը, թէ՞ 50 հազար դրամ:

Սրտի բաբախիւնը ձայնագրելու գաղափարը Բաբախանեանը վաղուց էր մտմտում: Նա ուզում էր հասկանալ. ինչպէ՞ս է սիրտը բաբախում ու ինչ ձայնով։ Որոշեց իրենից սկսել։

«Առաջին կլինիկական հիւանդանոց գնացի՝ բժիշկ Արամ Տէրտերեանի մօտ ու ասացի, նա էլ ձայնագրեց սրտիս բաբախիւնը»,- պատմեց Բաբախանեանը։

Տէրտերեանն այն պահին շատ զբաղւած էր, նեարդանյացած սպիտակ խալաթով այս ու այն կողմ էր քայլում։ Բաբախանեանը անյարմար պահի էր գնացել, երբ վիրահատութիւն էին անում, այն էլ այնպիսի առաջարկով, որը բժիշկների մօտ միայն վրդովմունք առաջացրեց։

Բժիշկը սկզբում մտածեց, թէ Բաբախանեանը կատակում է։ Սակայն յետոյ տեղի տւեց յամառ խնդրանքներին։ Այդ խիտ ժամանակացոյցում ազատ պահ էին գտել, պառկեցրել էին Բաբախանեանին ու ձայնագրել նրա սրտի ձայնը։

Նա խոստովանում է, որ ձայնագրութիւնը լսելուց յետոյ հասկացաւ, որ դա պարզապէս «դըմփ-դըմփ» չէ։ Բաբախանեանն այն փոքր սիմֆոնիայի հետ է համեմատում, ասես սրտում կայ մի քանի նւագախումբ, որոնք արւեստի գործեր են կատարում։

Աւելի ուշ Բաբախանեանը հիմնեց մի թանգարան, որը պահպանելու է այդ աստւածային ձայները։ Թանգարանը մէկ տարի առաջ է բացւել, այդ ընթացքում տասը մարդ է բերել ու ի պահ յանձնել իր սրտի ձայնը։ Նրանց թւում արտասահմանցիներ էլ կան։ Թանգարանում սենսորային սնդուկ է տեղադրւած, այնտեղ հաւաքւած են սրտխփոցների ձայնագրութիւնների հատւածները։ Այն միանում է միայն այն ժամանակ, երբ մարդ է մօտենում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։