Հա

Հասարակական

13/07/2019 - 11:40

Մեկնարկել է Թեհրանի նախկին քաղաքապետի դատավարութիւնը

Այսօր՝ յուլիսի 13-ին, Թեհրանի քրէական դատարանի առաջին մասնաճիւղում մեկնարկել է Թեհրանի նախկին քաղաքապետ, Մոհամմադ Ալի Նաջաֆիի դատավարութիւնը:

«alikonline.ir» - Այսօր՝ յուլիսի 13-ին, Թեհրանի քրէական դատարանի առաջին մասնաճիւղում մեկնարկել է Թեհրանի նախկին քաղաքապետ, Մոհամմադ Ալի Նաջաֆիի դատավարութիւնը:

Մոհամմադ Ալի Նաջաֆին մեղադրւում է իր երկրորդ կնոջ՝ Միթրա Օսթադի սպանութեան մէջ: Դատավարութիւնն ունի հասարակական մեծ հնչեղութիւն, հաշւի առնելով Նաջաֆիի դիրքն ու զբաղեցրած պաշտօնները երկրի ղեկավարման համակարգում:

Յիշեցնենք, որ մայիսի 28-ի առաւօտեան, սեփական բնակարանում, Նաջաֆին հրազէնից արձակւած կրակոցով սպանել էր իր երկրորդ կնոջը՝ Միթրա Օսթադին: Նոյն օրը՝ երեկոյեան, նա ինքնախոստովանանքով ներկայացել էր ոստիկանութիւն եւ ձերբակալւել էր:

Նաջաֆին խոստովանել էր, որ սպանութիւնը կատարել էր ընտանեկան սուր տարաձայնութիւնների պատճառով: Ողբերգական միջադէպից ամիսներ առաջ, նոյն պատճառով, նա ինքնասպանութեան փորձ էր կատարել Թեհրանի հիւրանոցներից մէկում, որը, սակայն, չէր ստացւել:

Նշենք, որ Մոհամմադ Ալի Նաջաֆին համարւում է Իրանի չափաւորական-բարեփոխական քաղաքական հոսանքի կարկառուն դէմքերից մէկը: Թեհրանի 12-րդ քաղաքապետը Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահութեան օրօք զբաղեցրել է կրթութեան նախարարի պաշտօնը: Մոհամմադ Խաթամիի կառավարութիւնում զբաղեցրել է նախագահի տեղակալի եւ Ծրագրաւորման եւ բիւջէի կազմակերպութեան ղեկավարի պաշտօնները: Իսկ նախագահ Ռոհանիի կառավարութիւնում եղել է Մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան ղեկավարն ու տնտեսական հարցերով նախագահի խորհրդականը: 90-ական թւականների առաջին կէսին, նրա նախարարութեան օրօք է տեղի ունեցել Իրանի հանրակրթական ուսուցման համակարգի բարեփոխումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։