Հա

Հասարակական

21/07/2019 - 09:40

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն սկսում է #AraratChallenge համաշխարհային շարժում

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը յայտարարել է #AraratChallenge շարժման մեկնարկը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրեցին «IDeA» հիմնադրամից, այս նոր շարժում-հանգանակութիւնը նպատակ ունի օգնութեան ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր մարդասիրական աջակցութեան խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում:

«alikonline.ir» - «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը յայտարարել է #AraratChallenge շարժման մեկնարկը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրեցին «IDeA» հիմնադրամից, այս նոր շարժում-հանգանակութիւնը նպատակ ունի օգնութեան ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր մարդասիրական աջակցութեան խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում:

Տեսաուղերձով ուղեկցւող #AraratChallenge շարժումը կընդլայնի «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան ազդեցութիւնն ու հասանելիութիւնը, որի նախագծերն ուղղւած են աղքատութեան կրճատմանը, առողջապահութեան բարելաւմանը եւ կարիքաւորներին կրթութեամբ ապահովելուն։ Նւիրատւութեան այս կոչը բոլորին բացառիկ հնարաւորութիւն է ընձեռում միանալու «Աւրորա»-ի առաքելութեանը եւ խրախուսելու մարդասերների առաջիկայ սերունդներին:

Շարժման հիմքում Արարատ լեռն է՝ փրկութեան ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպէս ժամանակին Ցեղասպանութիւնը վերապրած 100.000 հայ որբ երեխաներ հնարաւորութիւն ստացան նոր կեանք սկսելու, այդպէս #AraratChallenge-ն է բացառիկ հնարաւորութիւն ընձեռում իւրաքանչիւրին՝ միանալու այս շարժմանը եւ երկրորդ հնարաւորութիւն տալու նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը:

«Արարատը բիբլիական այն լեռն է, որի վրայ, ըստ առասպելի, իջեւանեց Նոյեան տապանը, այն լեռը, որը խորհրդանշում է մարդկութեանն ընձեռւած երկրորդ հնարաւորութիւնը: Ինչպէս գիտենք, մէկ դար առաջ երկրորդ հնարաւորութիւն տրւեց մեր նախնիներին՝ փրկւելու եւ վերապրելու Հայոց Ցեղասպանութիւնը: Բազմաթիւ մարդիկ, նրանց թւում նաեւ իմ պապը, իրենց կեանքով պարտական են այլոց մեծահոգութեանը: Հարիւր տարի անց Ցեղասպանութիւնը վերապրածների անունից մենք հիմնեցինք «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը եւ «Աւրորա» մրցանակը՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների: Եւ մեր յանձնառութիւնն է երկրորդ հնարաւորութիւն տալ նրանց, ովքեր այսօր կարիքի մէջ են: #AraratChallenge-ը բացառիկ հնարաւորութիւն է՝ միասին շարունակելու «Երախտագիտութիւնն՝ ի գործ» նախագծերի շղթան»,- ասաց «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Նուբար Աֆէեանը:

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն այսօր՝ 2019 թ. յուլիսի 19-ին, սկսում է #AraratChallenge շարժումը՝ համայն մարդկութեանը հրաւիրելով միանալու այդ շարժմանը եւ նւիրաբերելու որեւէ գումար, թէկուզեւ ամիսը 1 ԱՄՆ դոլար,  ապրելու նոր՝ երկրորդ հնարաւորութիւն տալով խոցելի եւ չքաւորութեան մէջ գտնւող մարդկանց: Դրամահաւաքն ուղղւելու է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան ծրագրերին, որոնց ուղղակի շահառուները հէնց կարիքի մէջ գտնւողներն են:

«Իւրաքանչիւրն արժանի է երկրորդ հնարաւորութեան, եւ #AraratChallege-ը կոչ է մարդկանց՝  օգնելու մեզ այդ հնարաւորութիւնը տալու ծայրայեղ կարիքի մէջ յայտնւածներին ամբողջ աշխարհում: Ես եւ շատ այլ հայեր այսօր ողջ ենք միայն նրա շնորհիւ, որ հարիւր տարի առաջ խիզախ ու կարեկից մարդիկ փրկել են մեր պապերին: Այսօր շարունակում ենք ականատես լինել, թէ ինչպէս են մարդիկ բռնութեան, պատերազմների եւ ցեղասպանութիւնների զոհ դառնում աշխարհի տարբեր անկիւններում: Զարհուրելի այդ վայրագութիւնների առաջին զոհերն ամէնից յաճախ երեխաներն են: Եւ եթէ հարիւր տարի առաջ մենք էինք օգնութիւն խնդրողները,  այժմ մենք կարող ենք օգնութեան ձեռք մեկնել, մենք կարող ենք փոխել աշխարհը: Այսօր մեզ բախտ է վիճակւել աշխարհն աւելի ապահով վայր դարձնելու եկող սերունդների համար: Միացէք #AraratChallenge-ին եւ գործով արտայայտեք ձեր երախտագիտութիւնը»,- ասաց «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը:

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը, որն ստեղծւել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն իրենց փրկողների, ձգտում է հնարաւորութիւն տալ մերօրեայ հերոսներին՝ կեանք եւ յոյս պարգեւելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցութեան խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, եւ այդպիսով շարունակելու մարդասիրութեան շղթան աշխարհով մէկ: «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը գործով արտայայտւած երախտագիտութիւն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի յիշատակ ութ տարի տեւած Հայոց Ցեղասպանութեան՝ 1915-1923 թթ.) աջակցելու մարդկանց, ովքեր, վտանգելով իրենց կեանքը, կը նպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կը բարելաւեն առաւել կարիքաւոր եւ աղքատ մարդկանց կեանքը: Սա իրագործւում է նախաձեռնութեան տարբեր ծրագրերի օգնութեամբ՝ «Աւրորա» մրցանակ, «Aurora Dialogues» քննարկումների շարք, «Աւրորա» մարդասիրութեան ցուցիչ, Երախտագիտութեան նախագծեր եւ «100 LIVES» ծրագիր: «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը Վարդան Գրէգորեանի, Նուբար Աֆէեանի եւ Ռուբէն Վարդանեանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդէն միացել են աւելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնութեան նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունէութեան փորձառութեամբ, սփռելու է «Աւրորա»՝ «Երախտագիտութիւնն` ի գործ» ուղերձն աշխարհով մէկ եւ համախմբելու է բոլորին համընդհանուր մարդկայնութեան շուրջ:

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը ներկայացւած է երեք կազմակերպութիւնների կողմից՝ «Aurora Humanitarian Initiative» հիմնադրամ (Նիւ Եօրք, ԱՄՆ), «100 Lives» հիմնադրամ (Ժնեւ, Շւէյցարիա) եւ «IDeA» հիմնադրամ (Երեւան, Հայաստան):

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։