Հա

Հասարակական

21/07/2019 - 10:20

Ի՞նչ վտանգներ են մեզ սպասում շոգ եղանակին եւ ինչպէ՞ս դրանք յաղթահարել

Երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունէութիւնն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը, ուլտրամանուշակագոյն ճառագայթումը մարդու մօտ կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ:

«alikonline.ir» - Երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունէութիւնն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը, ուլտրամանուշակագոյն ճառագայթումը մարդու մօտ կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ: Այս մասին գրում է «News.am»-ը:

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաեւ մարդու օրգանիզմի ջերմակարգաւորող համակարգի ծանրաբեռնւածութիւնը: Իր կենսագործունէութեան համար անհրաժեշտ հաստատուն ջերմաստիճանն ապահովելու համար ստիպւած շատ աւելի ինտենսիւ են աշխատում օրգանիզմի մի շարք օրգան-համակարգեր, յատկապէս սրտանօթային եւ շնչառական համակարգերը, ինչի արդիւնքում առաջանում են գործունէութեան խանգարումներ: Բարձր ջերմաստիճանի ազդեցութեան տակ ներքին օրգաններից դէպի մաշկային եւ ենթամաշկային ծածկոյթներ արեան տեղաբախշման արդիւնքում յաճախանում է պուլսը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, տատանւում զարկերակային ճնշումը, շնչառութիւնը կարող է յաճախանալ մօտ 2 անգամ: Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում նաեւ կենտրոնական նեարդային համակարգի վրայ՝ թուլանում են պայմանական ռեֆլեքսները, առաջանում են շարժողական համակարգի խանգարումներ, իջնում է աշխատունակութիւնը, ինչպէս նաեւ արգելակւում է սեկրետոր գեղձերի հիւթարտադրութիւնը:

Ազդեցութիւնն առաւել վտանգաւոր է բացօթեայ պայմաններում տարւայ տաք եղանակներին ֆիզիկական ծանր աշխատանք կատարելիս, քանի որ կարող են առաջանալ սրտանօթային համակարգի աշխատանքի սուր խանգարումներ:

Ուլտրամանուշակագոյն ճառագայթման մեծ քանակով ենթարկւելը թողնում է բացասական հետեւանք. մաշկի կարմրութիւն, այտուց, ցաւ, բշտերի գոյացում, կոպերի ցաւոտութիւն, կարմրութիւն, աչքերում աւազի զգացողութիւն, լուսավախութիւն, արցունքահոսութիւն եւ այլն:

Ջերմաստիճանի բարձրացման եւ ուլտրամանուշակագոյն ճառագայթման բացասական ազդեցութիւնը, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպէս նաեւ մրսածութիւնից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետեւեալ պարզ կանոնները.

1. Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ` ջուր, թան, առանց շաքարի բնական հիւթեր եւ թէյ։ Ջուրը ծարաւը յագեցնելու ամենատարածւած ու ամենամատչելի միջոցն է: Թանն իր մեջ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների եւ աղերի շնորհիւ ծարաւը յագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հիւթերից ամռանը նախապատւութիւնը տւէք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի եւ հոնի հիւթերին։ Թէյը եւս լաւ միջոց է շոգ եղանակին ծարաւը յագեցնելու համար, սակայն այն պէտք է լինի առանց շաքար, ոչ թունդ եւ ցանկալի է կանաչ։ Սրտանօթային կամ միզասեռական համակարգի հիւանդութիւններով տառապող անձինք հեղուկներ պէտք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց յետոյ:

2. Ուշադիր լինել արեւահարւելուց: Ցանկալի է խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից` յատկապէս ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատւածում չընդունել արեւային լոգանք:

3. Ցանկալի է կրել գլխարկ, արեւային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, խրախուսելի է` բամբակեայ կտորից հագուստ:

4. Աշխատել հրաժարւել կծու, իւղոտ կերակուրներից, նախընտրել աւելի թեթեւ, դիւրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր եւ հում բանջարեղէն:

5. Հեղուկներ ընդունելիս շատ չսառեցնել, ցանկալի է խմել գոլ կամ մի փոքր հովացրած:

6. Հնարաւորինս զերծ մնալ շաքարաւազ պարունակող գազային ըմպելիքներից:

7. Չօդափոխւող կամ վատ օդափոխւող տարածքներում երկար ժամանակ չգտնւել, երկարատեւ արեւի տակ կայանւած փոխադրամիջոցներում չնստել:

8. Արգելւում է երեխաներին եւ ընտանի կենդանիներին թողնել փակ պատուհաններով աւտոմեքենաներում:

9. Խրախուսւում է, որ երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիւանդութիւններով տառապող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատւութիւնը եւ արեան շրջանառութիւնը:

10. Խուսափել ցերեկային ամենաշոգ ժամերին բացօթեայ տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից:

11. Պէտք է հետեւել, որպէսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխութիւնը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղւած չլինի անմիջապէս մարդկանց վրայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։