Հա

Հասարակական

16/01/2014 - 09:50

ՅԻՇԱՏԱԿ - Տիպար մարդը եւ տիպար հայը - Լեւոն Գալուստ Մինասեան

Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարեան միաբանութեան հայրերու կողմից հայ ժողովրդին ընծայւած ընդհանուր ծառայութիւնը բազմակողմանի կրօնական, լեզւական, թարգմանչական, պատմական եւ բանասիրական մեծ արժէք է ներկայացնում:

Բանասէր, գրագէտ եւ ուսուցիչ
1920-2012

(Մահւան առաջին տարելիցին առիթով)

«Գործն է անմահ, լաւ իմացէք՛, Որ խօսում է դարէդար,
Երնէկ նրան, որ իր գործով՛ Կապրի անվերջ, անդադար»:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարեան միաբանութեան հայրերու կողմից հայ ժողովրդին ընծայւած ընդհանուր ծառայութիւնը բազմակողմանի կրօնական, լեզւական, թարգմանչական, պատմական եւ բանասիրական մեծ արժէք է ներկայացնում:
- Գարեգին վարդապետ Զարբհանալեան (1827-1901), որի «Հայկական մատենագիտութիւն» (1565-1883) աշխատութիւնը լոյս տեսաւ 1883-ին:
- Հայր Ղեւոնդ Ալիշան, իր պատմական, աշխարհագրական, քերթողական եւ իր տասնեակ գործերով պատկառելի վաստակ է թողել:
- «Բազմավէպ»-ի գլխաւոր աշխատակից, կրթական մշակ, խմբագիր, թարգմանիչ եւ հայ մշակոյթի անսակարկ նւիրեալ մը եղել է Հայր Մկրտիչ Պոտուրեան:
- Պոլսահայ «Թէոդիկ» գրչագրով Թէոդորոս Լապճինճեան եղել է անխոնջ խուզարկու եւ վաստակաշատ բանահաւաք մեր գրականութեան ու բանասիրութեան անդաստանների մէջ՝ ակօս բացող մէկ գուրգուրոտ հայ, որուն անունը աւանդօրէն կապւել է իր «Ամենուն տարեցոյցը» անունով հանրածանօթ հատորաշարքին:
- Բանասէր եւ հնագէտ Յարութիւն Քիւրտեան. միշտ նախանձախնդիր էր եղել հայ ձեռագրերի եւ հնութիւնների պահպանմանը: Անոր նախասիրած ճիւղերը եղել են, ժամանակագրական կարգով, գաղութների եւ յատկապէս բուլղարահայութեան պատմութիւնը՝ մեծ հետաքրքրութիւն ցուցաբերելով ճանապարհորդների ուղեգրութիւններին, Հայաստանի մասին:
- Սփիւռքահայ բանասէրների անունները շատ են. Արշակ Ալպոյաճեան, Արտաշէս Գարտաշեան, Հրանտ Սամուէլ, Կարօ Գէորգեան եւ հանգուցեալ բարեկամս ու վարպետս՝ Լեւոն Գալուստ Մինասեան:

* * *

Մահը կեանքի մեծագոյն առեղծւածն ու մարդկութեան վերջին թշնամին է: Որքան փորձենք ժխտել նրա գոյութիւնը, այնուամենայնիւ, այն միջոց է, որով մարդը, որպէս հայրենադարձ, իր վերջնական «հայրենիք»-ն է գնում:
Տասնեակ գրքերի հեղինակ Լեւոն Մինասեան 2012 թ. դեկտեմբերի 31-ին Նոր Ջուղայում, հիւանդանոցում մեզանից առյաւէտ մեկնեց լուռ, առանց աղմուկի, ճիշտ այնպէս, ինչպէս ապրեց անաղմուկ եւ գործեց անաղմուկ: Մահւան լուրին անդրադարձել են Իրանի պարսկալեզու մամուլում՝ «Էթթելաաթ», «Շարղ» եւ BBC-ն:
2013 թ. յունւարի 8-ին, Նոր Ջուղայում, հոծ բազմութեան ներկայութեամբ, տեղի է ունեցած վաստակաւոր ուսուցիչ եւ ազգային-հասարակական գործիչ Լեւոն Մինասեանի ազգային յուղարկաւորութիւնը՝ Ս. Աստւածածին եկեղեցում, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Տ. Բաբգէն եպս. Չարեանը նախ ընթերցած է Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ցաւակցագիրը, ապա անդրադարձել հանգուցեալի կենսագրական գծերին:
Լ. Մինասեանի հետ ծանօթացել էի 1977-ին՝ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկչեան վանքի թանգարանում. հանդիպումից յետոյ՝ մեր կապերը տարւէտարի աւելի սերտացան, լինի՝ Իրանում կամ Հայաստանում. այս բարի մարդը իմ մէջ խորացրեց այն զգացումը, որ ես կարիք ունեմ այս մեծ գիտնականին...
Լսել, բայց չէի տեսել ազգը շէն պահող մարդկանցից մէկին՝ Լեւոն Մինասեանին: ... Տարիքը, տեղը, մարդուն պիտի հարցնես՝ քանի՞ զաւակ ունի: Հարցը տալուց առաջ մտածում էի հարցնել՝ քանի՞ գիրք ունի:
Զաւակ եւ գիրք: Զաւակն էլ գիրք է, գիրքն էլ զաւակ է: Ութ զաւակ ունի, Արմինէ, Անդրանիկ, Արմէն, Ասպետ, Սեպուհ, Յովհաննէսուհի (Ժանետ), Նժդեհ, Գալուստ:
17-րդ դարի առաջին տարիներին շահաբբասեան մեծ բռնագաղթին անդրադառնալիս՝ չենք կարող չյիշել Առաքել Դաւրիժեցու «Պատմութեան» դառն էջերը եւ մոռացութեան տալ Նոր Ջուղայի հիմնադրումը... Նոր Ջուղայից բացի՝ հիմնւեցին մի քանի այլ բնակավայրեր եւս: Դրանցից ամենամեծը Փերիան էր: Իսկ Խոյգանը, որի բնակիչները գաղթել էին Խոյից, Փերիայի ամենամեծ գիւղերից էր:
Լեւոն Մինասեան Փերիա գաւառի Վերին Խոյգան գիւղում է ծնւել 8 յունիսի 1920-ին, համեստ մի յարկի տակ: Հայրը՝ հողագործ Գալուստը, եկեղեցասէր մի մարդ էր: Մանուկ Լեւոնի տեսածը հող էր ու հողային աշխատանքներ, եկեղեցական ժամերգութիւն էր ու գիրք: Սուրբ Յովհաննէս եկեղեցւոյ թաղական դպրոցում սովորելուց յետոյ՝ 13 տարեկան Լեւոնը մեկնում է Նոր Ջուղա, սովորում է հայոց ազգային երկսեռ դպրոցում, ապա՝ Սպահանի անգլիական դպրոցում:
1940-ական թւականներին, 21 տարեկան հասակին, անդամակցել է Հ. Յ. Դաշնակցութեան եւ մինչեւ իր մահը մնաց հաւատաւոր դաշնակցական:
1941-ին վերադառնում է Խոյգան գիւղը, տասը տարի հայոց լեզու եւ պատմութիւն է դասաւանդել Սպահանի նահանգի Փերիա գաւառի տարբեր շրջաններում:
1951-ին, Նոր Ջուղայի Ազգային դպրոցների հոգաբարձութեան հրաւէրով, պաշտօնի է անցել Ջուղայի ազգային դպրոցներում, վարել ուսուցչի եւ վերահսկիչի պաշտօններ:
1957-ին սիրայօժար վարել է Նոր Ջուղայի վանքի թանգարանի պատասխանատւութիւնը:
1960-ին Սպահանի համալսարանում բացւեց Հայոց լեզւի եւ գրականութեան ճիւղ, երեք տարի եւս որպէս ազատ ունկնդիր՝ մասնակցեց բոլոր դասընթացներին:
1967 թւականից ստանձնում է Նոր Ջուղայի թանգարանի տնօրէնի պաշտօնը: 1933 թ. հիմնադրւած Ամենափրկչեան վանքի թանգարանն իր վերածնունդն ապրեց, երբ Լեւոն Մինասեանը դարձաւ վարիչ տնօրէնը:
1972-ին նշանակւում է տպարանի վերահսկողութեան աշխատանքների տնօրէն:
1972-ին առաջին անգամ Սովետական Հայաստան է այցելած, եւ շատ մը արտասահմանեան երկիրներ, որոնց թւում նաեւ հինգ անգամ՝ Հայաստան: Ժամանակին Երեւանի «Ուրբաթ» թերթի թղթակից Մ. Ղազարեան գրում էր. «Երջանիկ մարդ է Լեւոն Մինասեանը: Նա ապրել է որպէս հայ մարդ, գործել է որպէս հայ մտաւորական, գնահատւում եւ մեծարւում է դեռեւս մեծ ծրագրերի նախօրեակին»:
1981-ին, 30 երկար տարիներ ուսուցչական պաշտօնից հանգիստի կոչւելուց յետոյ, նրան են յանձնում Նոր Ջուղայի գրադարան- մատենադարանի պատասխանատւութիւնը:
1990 թւականի մայիսի 3-ին, Նոր Ջուղայում, փառաշուք կերպով տօնւեց հայ մշակոյթի նւիրեալ ծառայ եւ ազգային անխոնջ գործիչ Լեւոն Մինասեանի ծննդեան 70 եւ գրական գործունէութեան 50-ամեակը:
1990 թւականի հոկտեմբերի 26-ին Թեհրանում, նախաձեռնութեամբ Հայ համալսարանականների ընդհ. միութեան, «Նիկոլ Աղբալեան» սրահում, տեղի ունեցաւ մեծարանքի երեկոյ՝ նւիրւած Լեւոն Մինասեանի յոբելեանին:
Հանդէսը ջերմ ու իմաստալից խօսքերով բացեց միութեան վարչութեան նախագահ դոկտ. Օննիկ Սահակեան: Տ. Կորիւն արք. Պապեանի կողմից ընթերցւեց Գարեգին Բ Կիլիկիոյ կաթողիկոսի յոբելեարին տւած «Օրհնութեան գիրը»: Այս տողերի գրողը եւս ներկայ էր հանդէսին:
1991 թւականի յուլիսի 16-ին Հայաստանի Գրողների միութեան մեծ դահլիճում տեղի ունեցաւ իրանահայ մշակոյթի երախտաւոր Լեւոն Մինասեանի ծննդեան 70 եւ մշակութային-հասարակական գործունէութեան 50-ամեակին նւիրւած երեկոյթը, որը կազմակերպել էին՝ Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէն եւ Հայրենադարձ իրանահայերի մշակութային միութիւնը: Բացման խօսքով հանդէս եկաւ Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի նախագահ Գէորգ Բաղդասարեանը եւ յոբելեարին յանձնեց կոմիտէի պատւոգիրը:
Ողջոյնի խօսք ասացին՝ մատենադարանի տնօրէն Սէն Արեւշատեանը, եւ Սերօ Խանզադեանը:
1992-ի մայիսի 31-ին Նիւ Եօրքում «Համազգային»-ի եւ «Թեքէեան»-ի միջոցով կազմակերպւել է Լեւոն Մինասեանի յոբելեանական հանդէսը: Յոբելեարին իր կենսագրութեամբ եւ գրական գործունէութեամբ ներկայացրել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Արեւելեան Ամերիկայի հայոց թեմի առաջնորդ Տ. Մեսրոպ արք. Աշճեանը: Իսկ Լոս Անջելէսի հայ համայնքում եւս Իրանահայ միութեան նախաձեռնութեամբ յունիսի 9-ին կազմակերպւել էր մեծարանքի երեկոյ, ուր յոբելեարին ներկայացնելու առնչութեամբ ելոյթ է ունեցել Օննիկ Հայրապետեանը:
ԱՄՆ ճամբորդութիւնից յետոյ՝ Թեհրանի «Ալիք» օրաթերթին Լեւոն Մինասեանը հետեւեալն է ասել. «Ճիգ է գործ դրւում սերունդների մէջ հայկականութիւնը վառ պահելու համար, սակայն շատ դժւար է, որով եւ այդպիսի մի երկրում հայութեան հայօրէն ապրելու ապագան յուսադրիչ չէ»:
Ապա անդրադառնալով հայկական դպրոցներին՝ ասել է. «Արդիական միջոցներով ու հնարաւորութիւններով հայկական դպրոցներ կան, սակայն զուրկ՝ հայկականութիւնից ու ազգային ոգուց»:
1991 թւականի յուլիսի 10-ին Հայ գրողների միութեան գրական-իրաւական խորհուրդը, գնահատելով Լեւոն Մինասեանի ակնառու ծառայութիւնները՝ հայ բանարւեստին, մշակոյթին ու գրականութեանը, այդ տարւայ յունւարին նրան ընդունել էր Հայ գրողների միութեան շարքերը: Միութեան նախագահ Սերօ Խանզադեանը ողջունելով՝ ասել է. «Իրանահայ գաղութը մենք միշտ համարել ենք Մայր Հայրենիքի անբաժան մասը: Շնորհաւորում ենք Ձեզ եւ մաղթում քաջառողջութիւն՝ Ձեր նախանշած բոլոր ծրագիրները յաջողութեամբ իրագործելու համար»:
1997-ին Քէյմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի կողմից արժանացել է 1996-1997 թւականների «Տարւայ մարդ» կոչումին:
2000 թւականին Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Վեհափառի կողմից ստացել է «Կիլիկեան ասպետ» շքանշանի՝ մի օրհնագրով:
2001 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային գրադարանի տնօրէն Դաւիթ Սարգսեանի կողմից Լ. Մինասեանի պատւին կազմակերպւած միջոցառման ընթացքում պարգեւատրւել է Յակոբ Մեղապարտի անւան շքանշանով, իսկ մենք միջոցառման ներկայ էինք իբրեւ հին բարեկամներ եւ անդրադարձանք իր կենսագրական գործերին եւ մեր յարաբերութիւններին:
2012 թւականին ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից պարգեւատրւում է Վիլիամ Սարոյեանի մեդալով:

* * *

Իրանահայ բազմավաստակ բանասէր, գրող, ուսուցիչ, հասարակական գործիչ, մտաւորական եւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի մատենադարանի եւ ձեռագիր գանձերի վաստակաշատ գիտաշխատող, հայերէն եւ պարսկերէն լեզուներով աւելի քան եօթանասուն գրքերի հեղինակ եւ հաւատաւոր դաշնակցական Լեւոն Մինասեան սիրւած ու յարգւած էր ամենուն կողմէ՝ անխտիր: Իմ Իրան եւ Հայաստան այցելութիւնների ընթացքին մօտէն ճանչնալու հաճոյք եմ ունեցել եւ ճանաչել եմ իր առաքինի մարդու կատարեալ տիպարը:
Անդարմանելի էր իր կորուստը. իր առաջացած տարիքին մէջ միշտ քաջառողջ էր ու երիտասարդի նման առոյգ եւ կենսուրախ, որուն բովանդակ կեանքը եղել էր ամբողջական նւիրում մը ազգին, եկեղեցիին, հայրենիքին եւ իր սիրելի կուսակցութեան՝ Դաշնակցութեան:
Անցնող երկար տարիներին Լ. Մինասեան վանքի մատենադարանում ունեցաւ իր իւրայատուկ գործընթացը, եղաւ աչալուրջ, անկեղծ, լուռ մտածող եւ շրջահայեաց:
Ազգին շահերը ամէն բանէ վեր դասելու համոզումով ապրող Մինասեան՝ նւիրեալ, խոնարհ, ազնիւ ու համեստ խառնւածքով, ով ժպտում էր բոլորին ու միշտ պատրաստ էր ծառայութեան:
Յաճախակի չէին մեր հանդիպումները, երբ հանդիպում էինք ընկերների նման զրուցում էինք՝ հիմնական նիւթ ունենալով հայ գրականութեան, պատմութեան եւ ազգային հարցերը: Եւ իր կեանքի փորձառութենէն ինձ տւեց խրատներ ու ուղղութիւններ, եւ այս բոլորը հաւանաբար պատճառ դարձաւ, որ մեր ընկերական կապերը աւելի հզօրացան:

* * *

Հանգի՛ստ ննջէ, դաշնակցական վետերան ընկեր, հոն պիտի գտնես քու սիրելի ընկերներդ, որոնց արժանաւոր ժառանգորդն ըլլալու մնայուն ճիգով ապրեցար եւ գործեցիր:
Իր պայծառ յիշատակը միշտ վառ պիտի մնայ մեր բոլորին սրտներին մէջ:
Այսօր, երբ նա մեկնել է արդէն, Վահան Տէրեանի մէկ բանաստեղծութեան բառերը լաւագոյնս կրնան արտայայտել իր յիշատակը.
«Բարի յիշէք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով...»:

ՀԱՄՕ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Գերմանիա, դեկտեմբեր, 2013

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։