Հա

Հասարակական

02/12/2012

altՀԱՏԻՍ

Վերջին շրջանում յաճախակի է դարձել «Ալիք»-ով NASA-ին աշխատակցող, ծագումով իրանահայ, գիտնականների հետ կատարւած ասուլիսների հրապարակումը:

Այս առիթով եղած արձագանգները նոյնպէս եղան բազմաթիւ եւ բազմակողմանի, ընդհուպ մինչեւ «ստացւած գրութեան» ձեւի տակ արտացոլւած միտքը, որն իր հերթին շօշափւեց նաեւ սիւնակիս միջոցով:
Սակայն, այսօրւայ առիթը եղած այդ արձագանգներից դէմ առ դէմ մի հանդիպման ժամանակ քննադատական խմորումներով այս ակնարկի մասին է. «Իսկ դուք գիտէ՞ք, որ ձեր այդ ասուլիսներով անուղղակիօրէն արտագաղթ էք քարոզում»...
Ինչ խօսք, իրականութիւնները միանգամից զրնգում են ականջիդ, յատկապէս, երբ բոլորովին մէկ այլ դիտակէտից երեւալու ունակութիւն են ունենում: Իրականութիւնները՝ իրականութիւն, իսկ դրանց դառնութեան կամ այլ բանի լինելը թողնենք ընթերցողիս ճաշակին:
Իհարկէ, աւելացնենք, որ ակնարկը մասամբ խօսում է այսպէս ասած՝ «ուղեղների փախուստ» երեւոյթի մասին, որի մասին հնարաւոր է ասել, որ այն համարեա թէ գլոբալ խնդիր է, այնպէս որ՝ մաթեմատիկական պարզ հաշւարկներով՝ եթէ որեւէ ուսեալ անձ նպատակադրել է ՆԱՍԱ-ում աշխատել, նա պէտք է որ հէնց ՆԱՍԱ-ի կենտրոններից մէկում լինի... այնպէս որ՝ հասկանալով զրուցակցիս ակնարկում եղած նրբանկատութիւնը՝ ցանկալի էր յիշատակել ե՛ւ երեւոյթը, ե՛ւ նրանց ասուլիսի հրաւիրելու հիմնական նպատակը, որը ոչ այլ ինչ է, քան՝ «Ալիք»-ի ընթերցողի սեփականութիւն դարձնել այն հպարտութեան ապրումները, որը ապրեցի հէնց ասուլիսները կատարելու պահին: Մի խօսքով...
Էլ չասենք, որ հպարտանալու առիթները եղան մէկը միւսի յետեւից ու դեռ գալիս են:
... Ու դեռ բաժակները է՛լ աւելի են քաղցրանալու մի այլ երիտասարդ գիտնականի ներկայացմամբ, որը այս անգամ ոչ թէ Ամերիկաներում է, այլ նոր է վերադարձել եւ այժմ դասախօսում է Թեհրանի Պետական համալսարանում: Այնպէս որ՝ գիտութիւնը սահմաններ չի ճանաչում, նոյնպէս, ինչպէս գիտնականը կարող է չճանաչել:
Այսպէս թէ այնպէս՝ փորձենք մի քիչ վերեւից նայել, ինչպէս ինքը՝ քննադատ զրուցակիցս է փորձում: Հաւատացած եմ այդպէս հորիզոնները է՛լ աւելի են ընդարձակւելու: Այդպիսով՝ հնարաւոր կը լինի բոլորին էլ ընդգրկած կամ մէկ-մէկ էլ գրկած տեսնել...

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։