Հա

Հասարակական

18/11/2012 - 12:17

altՀԱՏԻՍ

...Վերնագիրը լաւ եկաւ,  բայց հէնց այնպէս չէր, որ եկաւ...

...Թուլութիւն է թէ ի՞նչ, չգիտեմ: Բայց, երբ արածդ պատմութեան համար ստիպւած ես լինում նախաբան փնտրել, գուցէ կարող է խօսել մտքիդ անզօրութեան մասին: Կամ էլ այն մասին, որ նախաբանով ասւողը ժամանակների դարուփոսում ծեծւել, մաշւել, ապա լռութեան գիրկն է անցել... Սակայն, փաստը մնում է փաստ, որ պատմութեան էջը թերթւում ու նստւածք է տալիս հէնց իր ներկայացրած կշիռով: Հակառակ դէպքում՝ իւրաքանչիւր քամի ի զօրու կը լինէր թերթելու այն:
Միանգամից նշեմ, որ այս ռադիօն գրող-բանաստեղծ Ազատ Մաթեանի 70-ամեակի առիթով է թողարկւում:
Իր անցեալը շալակին կրած Ազատ Մաթեան մարդ-բանաստեղծի հետ մեր առաջին հանդիպումը տեղի ունեցաւ Ծաղկաձորում, այն էլ այն ժամանակ, երբ կողքից ուշի-ուշով հետեւում էր Հրաչեայ Սարուխանի ու Էդւարդ Միլիտոնեանի խաղացւող նարդիին: Քարերի շրխկոցի տակ ու թափւող զառերի հետ միասին՝ կար նաեւ նրա՝ Մաթեանի ժպիտը: Ու երբ փորձեցի պարզել նարդիի նկատմամբ նրա ունեցած վերաբերմունքը, ժպտաց ու  ասաց, որ ինքն այս երկուսի լեզւակծոցներով էր տարւած...
Առաւել ուշագրաւ էր այն դրւագը, երբ քանդակագործ Գէորգ Մշեցու հետ մեկնել էինք Մաքրավանք՝ «գութան փրկելու»: Գութանը պատրաստւում էին վառել, թոնրի հաց թխել: Իսկ Գէորգը նոյնքան փայտի դիմաց բերած փայտով փոխանակման էր գնում: Ամէն բան իր տեղն ընկաւ, երբ գութանը ձեռքից ձեռք, շալակից շալակ փոխանցելով՝ կանգնեցինք Մաքրավանքի եկեղեցու տեսարանի առջեւ: Գութանը, վանքը եւ Ազատը, երեքը ոնց որ իրար գրկած, իրարու նայէին:
Ակնոցը թելով վզից կախած, հայեացքը վանքին, գութանը ձեռքին, երեւի մտքերով ինչ-որ տեղ էր սլանում: Այնտեղ, ուր  չվառւած գութանով դեռ չփռւած լաւաշի հոտ կար...
Տողերս կարող էին լինել Ազատ Մաթեան գրող-բանաստեղծի ստեղծագործութիւններից որեւէ տողի մասին: Սակայն, դրա համար երեւի դեռ առիթներ կը լինեն: Իսկ այն մասին, որ Նարեկացի թարգմանած գրողի ձեռքին ծանրացող գութանը որքանով էր պատմութեան կշռի մասին պատմում, շօշափելի էր հէնց իր հայեացքից...
Հայքու-ներից քաղած մի միտք կայ՝ կախւած տողերիս գլխին, այն, որ յաճախ քեզ սիրում են հէնց նրա համար, որ գիտեն, թէ քո ինչը չեն սիրում... Ինչեւէ, մէջբերման նպատակը անկեղծօրէն անկեղծին համակրելն էր:
Եւ այսպէս՝ իր «Անապատի ծաղիկներից» մինչեւ ջերմացող «Աշխարհի գերբը» Ազատ Մաթեանը շարունակում է թերթել իր եւ հայ գրականութեան հատորների էջերից եւս մէկը՝ ստեղծելով կշիռ, բայց ոչ՝ ծանրութիւն:
Յիշատակելի է, որ Ազատ Մաթեանի 70-ամեակին եւ նրա նոր «Ո՞վ է Չարենցը» եւ «Աշխարհի գերբը» գրքերի հրատարակման առիթով առաջիկայ չորեքշաբթի երեկոյեան կազմակերպւել է մեծարանքի երեկոյ՝ Հայ ակումբի դահլիճում. սա լաւ երեւոյթ է նաեւ յայտարարւած՝ Հայ գրքի տարին փակելուց առաջ...

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։