Հա

Հասարակական

Կիրակի, 02 Մարտի 2014 10:10

ՌԱԴԻՕ ԲԱՌ

Մեզանում իւրաքանչիւրիս մօտ գոյութիւն ունի տխրելու կամ ցաւը կիսելու եւ վշտակցելու ուրոյն մօտեցումն ու ձեւը:
Մէկի մօտ այն փոխանցւելու առիթ է ստանում լաց լինելու կարողականութեամբ, միւսի մօտ դարձեալ նոյնը, բայց այս անգամ իր ամենագունեղ փոխանցումներով:

ՀԱՏԻՍ

Մեզանում իւրաքանչիւրիս մօտ գոյութիւն ունի տխրելու կամ ցաւը կիսելու եւ վշտակցելու ուրոյն մօտեցումն ու ձեւը:
Մէկի մօտ այն փոխանցւելու առիթ է ստանում լաց լինելու կարողականութեամբ, միւսի մօտ դարձեալ նոյնը, բայց այս անգամ իր ամենագունեղ փոխանցումներով: Իսկ ոմանց մօտ էլ այն վերածւելով բառերի՝ թարգմանւում է տկար, բայց միեւնոյն ժամանակ իմաստալից խօսքերի:
Մեր այս զրոյցի հիմնական առիթն էլ հէնց այդօրինակ խօսքերն ու սփոփիչ արտայայտութիւններն են:
Փորձենք միայն նման ուսումնասիրութիւններ կազմելու համար՝ այցելել Նոր Բուրաստան, որտեղ յուղարկաւորութիւնների ընթացքում մարդիկ մէկը միւսին բարեւելիս՝ հաստատ կցւած միմեանց են ուղղում՝ «թանկ ստենց տեղեր գաս»-ը:
Սա վշտակցելու մշակոյթ պէտք է համարել, որով մարդիկ չեն մոռանում նշելու, որ լաւից զատ ուրիշ ոչինչ չեն ցանկանում ծանօթ-անծանօթներին:
Վշտակից լինելու տերմինաբանական բառապաշարը հետզհետէ զարգանալ է սկսում ցաւակցելու պահին սինթէզւող՝ «ուրախ ոտք տանէք»-ով, իսկ սրան հետեւած զրոյցը՝ յատկապէս վերադարձի ժամանակ երբ բոլորի վրայ նստած խնկահոտ լռութիւնը կոտրելու համար մարդիկ հանրակառքի աղմկոտ շարժիչի ձայնի տակ յաճախ յոգոց հանելու պէս՝ ասում են «վերջն էսա էլ»...
Արդար լինելու համար արձանագրենք, որ այս ցուցակը կարելի է առաւել հարստացնել, երբ միեւնոյն գաւառական ծագումով զրուցակիցներն են անկեղծանում միմեանց հետ: Այսպիսով՝ հնարաւոր է լսել բառակապակցութիւններ, որոնցից գուցէեւ շատ բան չհասկացւի, սակայն հարիւրտոկոսանոց ճշգրտացիութեամբ կարելի է ասել, որ դրանք եւս կարող են իրենց յարմար տողն ունենալ մեր այս արդէն իսկ բացւած ցուցակում:
Իսկ «հոգեհացի» ժամանակ երբ իրենց եւ միւսների ցաւերի սփոփանքի համար «ողորմաթաս» են բարձրացնում կարելի է համոզւած լինել, որ մարդիկ իրենց ծանօթանծանօթներից պաշարած յուշերում ձեւաւորել են հրաժեշտ տալու համապատասխան մշակոյթ:
Մինչ օրս յաճախ է ասւել, որ անկախ ազգութիւնից ու լեզւից՝ մարդը ծիծաղում կամ ուրախանում է նոյն լեզւով՝ ինչ միւսները: Իսկ այս ցուցակը կարելի է շարունակել նաեւ լաց լինելու կամ նոյնիսկ համալրելով այն միմեանց ցաւը տանող թարգմանութեան կարիքը չունեցող փոխանակւող հայեացքներով:
Այնուամենայնիւ, մարդու բնազդից թելադրւող մօտեցում է երեւի, այն, որ սեփական եսդ մեղմելու կամ այն խանգարող տագնապներից հեռու պահելու համար ելքեր գտնելու փորձերը լինեն ամենաառաջնայինը:
Այսպիսով՝ վերը նշւած խօսքերը, որոնք դեռ գտնւում են գրանցման ու հաւաքագրման փուլում- իւրաքանչիւրը մեխ է դագաղի վրայ՝ իր դրական եւ ամենապարադոքսիկալ իմաստով: Գործ, որին մասնակցելով՝ յուղարկաւորութեանը մասնակցած ամբոխը փորձում է իր համոզումներին ամենամօտ շնչով ճամբու դնել իր այդ յաւերժութեան ուղեւորին:
Խօսքերի այս ցուցակը կարելի էր շարունակել՝ «Հողը թեթեւ լինի վրան», «հող էինք, ու նորից նոյնը պիտի...», «ի՞նչ տարաւ միթէ իր հետ, մեր ունեցած լաւ յուշերից բացի»:
Ինչեւէ, մի քիչ տխուր ստացւեց երեւի: Նպատակը այն կարողութեան մասին ակնարկելն էր նաեւ, որ երեւոյթի մարդկային երեսին է առնչւում՝ համակերպւելու արւեստը:
Իսկ աւարտից առաջ վատ չէր լինի մէջբերումներով յիշել մեր քահանաներից մէկի կողմից արւած հետաքրքիր ձեւակերպումը: Յուղարկաւորութեան պահին քահանան դիմելով հաւաքւած բազմութեանը՝ նշեց, որ գիտութիւնն ու բժշկութիւնը մինչեւ այստեղ էր, իսկ սրանից յետոյ ձեզ միայն կարող է սփոփել կրօնը: Սա հետաքրքիր ձեւակերպում էր: Երեւի մարդիկ էլ ենթագիտակցաբար միմեանց մխիթարում են հէնց գաղափարների այդ նոյն գիծը պահելով:
Ինչեւէ, թաղման մշակոյթը կարեւոր է այնքանով, ինչքանով ազգագրագիտութիւնն ու հնէաբանութիւնն են կարեւորում այն, որով հնարաւոր է նաեւ գիտական ստուգաբանական քննութիւններ կատարել հնէաբանների կատարած պեղումների արդիւնքում յայտնաբերւած շիրիմների եւ դրանց ազգային պատկանելութեան եւ մի խօսքով՝ ուղղութիւններով: Ազգային բնաւորութեան իւրայատուկ գիծ, որի կապակցութեամբ պէտք է ասել, որ դեռ չկայ (մեր՝ իրանահայերիս կտրւածքով) համապատասխան հասարակագիտական եւ մշակութաբանական կատարւած հետազօտութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։