×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
09/03/2014

Այսօրւայ դրութեամբ՝ եթէ ընդունենք, որ սերնդափոխւած խաղալիքները փաստացի օրինակը կարող են լինել այն բանի, թէ ինչպէս է գոյանում սերունդների միջեւ ընկած ճեղքը, ապա դժւար չի լինի ասել, որ հասարակական առումներով մարդկանց միջեւ եղած յարաբերակցութիւնը նոյնպէս կարող է կրած լինել համապատասխան ազդեցութիւն՝ տեխնոլոգիաներին ունեցած նրա հասանելիութեան առումներով: 

ՀԱՏԻՍ

Այսօրւայ դրութեամբ՝ եթէ ընդունենք, որ սերնդափոխւած խաղալիքները փաստացի օրինակը կարող են լինել այն բանի, թէ ինչպէս է գոյանում սերունդների միջեւ ընկած ճեղքը, ապա դժւար չի լինի ասել, որ հասարակական առումներով մարդկանց միջեւ եղած յարաբերակցութիւնը նոյնպէս կարող է կրած լինել համապատասխան ազդեցութիւն՝ տեխնոլոգիաներին ունեցած նրա հասանելիութեան առումներով: Այնպէս որ՝ եթէ այսօրւայ պատանու տաբատի գրպանները նոյնպէս սկսում են ձեւափոխւել եւ համապատասխանեցւել սմարտֆոնների կամ նոյնիսկ թաբերի չափսերին, սա եւս երեւացող, բայց միեւնոյն ժամանակ աննկատ եղանակով հագուկապի կրած փոփոխութիւնների մասին կարող է վկայել:
Խաղալիքների մասին մեր այս զրոյցը կարող է ոչինչ ասող լինել, եթէ մոռանաք նշել, որ բարձրակէտին հասած տեխնոլոգիաների կիրառման բերումով՝ այսօրւայ ձեռքի տակ եղած իւրաքանչիւր իր կարող է խօսել ժամանակը բնութագրող ճեպընթաց գնացքի մասին: Այս առումով եթէ վճարունակ չլինես՝ թարմացնելու «գաջէտներդ», գուցէ եւ սկսես հաւատալ, որ արդէն իսկ գնացքդ մեկնել է:
Շարունակենք այնտեղից, որ նորօրեայ սերունդի աշխարհը մեզ համար թւում է այլ, իսկ մենք էլ երեւի նրանց աչքին՝ ուրիշ ժամանակների մարդ: Այս նոյն յարաբերակցութեամբ նաեւ տարբեր են մեր հետաքրքրասիրութիւնն ու դրանցով զբաղւելու ձեւերը:
Մեզ՝ երէկւայ երեխաներիս համար եթէ խաղալիքների աշխարհը իմաստաւորւում էր «ԼՈԳՕ»-ների գունեղ ու նմանօրինակ շունչը կրող խաղալիքների աշխարհով, որի մասին այնքան երազում էր մեզանից իւրաքանչիւրը, ապա այդ նոյն սերունդը, որի թեթեւ ձեռքերը վարժեցւում էին այդօրինակ խաղալիքներով, այսօր արդէն արտադրել է մի այլ սերունդի համար ընդունելի բոլորովին մէկ այլ աշխարհ, որի ձեռքի տակ եղած հեռախօսը նոյնիսկ զգում է նրա հպումը: Հպում, ինչը կարող է խորապէս ազդել մարդու եւ գոյքի միջեւ եղած կապերի վրայ: Այդ հպումն արդէն նոյնիսկ հասցւել է սպառողի (տիրոջ) մատը մօտենալու պէս զգալու չափսերի: Սա գիտա-տեխնիկական մեծ ձեռքբերում համարելու կողքին՝ պէտք է արձանագրել, որ այն խորացնելով հետզհետէ զարգացող կապւածութիւնը՝ ներթափանցել է սկսել զգացական դաշտ, որի մասին Վուդի Ալէնն իր զրոյցներից մէկում կատակով ակնարկում է «Քիչ մնաց գայ այն օրը, որ սմարտֆոններն էլ սիրահարւեն միմեանց ու որոշեն տէրերի ճակատագիրը»: Անկախ այն բանից, թէ ինչպիսի մեկնաբանութեան պիտի արժանանայ տակից լիքը բան ասող Վուդի Ալէնի նման բնութագրութիւնը, պէտք է արձանագրել, որ նշմարւող փոփոխութիւնները ոչ թէ վատ կամ լաւ լինելու ակնոցից է, որ պէտք է նայել, այլ մարդուս կենսաձեւի ու դրա զգացական դաշտում սպասւող փոփոխութիւնների ակնոցից:
Մի փոքրիկ օրինակ բերեմ: Դեռ մէկ շաբաթ առաջ էր, երբ տան զանգը տւին կամ զանգի էկրանին յայտնւեցին դիմակներ կրող պատանեակներ: Ինքներն իրենց ներս հրաւիրած պատանիների ձեռքում եղածը ոչնչով չյիշեցրեց մեր տեսած բարեկենդանային դրւագները: Ձեռքում առած սմարտֆոնից բարձրացող երաժշտութեան տակ թռվռալով՝ գնացին ներքեւի հարեւանի ներւերի վրայ ու գոյացած հասոյթը իրար մէջ կիսելով սլացան յաջորդ դռան ուղղութեամբ...
Վերադառնալով մեր զրոյցի մեկնարկին, որտեղ խօսքը գնաց նաեւ «ԼՈԳՕ»-ների գունեղ ժամանակներում ապրած մանկիկների ստեղծած այսօրինակ աշխարհի մասին, դժւար թէ հնարաւոր լինի խօսել այն մասին, թէ այս սլացիկ ընթացքին ինչպիսի զարգացումներ են սպասւում ապագայում: Սա գուցէ ամենաշատը հէնց հետաքրքրած լինի հասարակագիտութեամբ զբաղւողներին, որոնք զբաղւելով նմանատիպ փաստարկների հաւաքագրմամբ՝ հնարաւոր են դարձնելու սպասւող հետագայ զարգացումների մասին մօտաւոր գաղափար կազմելու առիթները:
Չաւարտւած այս զրոյցի վերջաբանի փոխարէն՝ վատ չի լինի մտածել մեր ամենատեղական իմաստով տարբեր ժամանակներից պահոցներում պահպանւած խաղալիքները հաւաքագրելով՝ խաղալիքների թանգարան ստեղծելու ուղղութիւններով: Սա իր հերթին գուցէ եւ ի զօրու լինի ճեղքերի երկու տարբեր կողմերում յայտնւածներին բացատրելի դարձնելու միմեանց համար:
Մի խօսքով՝ խաղով մարդիկ ճանաչել են սկսում շրջապատն ու աշխարհը: Նրանց նոյնպէս կարելի է ճանաչել իրենց խաղացած խաղերն ուսումնասիրելով...

Յարակից լուրեր