×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
16/03/2014 - 10:10

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Ծանօթ պատմութիւն է

Տարեվերջի ճանապարհային խցանումների գագաթնակէտին, երբ քաղաքի մի ծայրից միւս ծայրն ես քշում կամ աւելի շուտ մեքենայի մէջ շարունակ քաշքշւելով գնում ես խցանման ալիքի շնչով, ժամանակն իր քաշը զգացնել տալով՝ ստիպում է քեզ նկատել շուրջ բոլորդ տեղի ունեցող անցուդարձերը: 

ՀԱՏԻՍ

Տարեվերջի ճանապարհային խցանումների գագաթնակէտին, երբ քաղաքի մի ծայրից միւս ծայրն ես քշում կամ աւելի շուտ մեքենայի մէջ շարունակ քաշքշւելով գնում ես խցանման ալիքի շնչով, ժամանակն իր քաշը զգացնել տալով՝ ստիպում է քեզ նկատել շուրջ բոլորդ տեղի ունեցող անցուդարձերը: Սկսած պատի գրութիւններից, վերջացրած խանութների ցուցապաստառների կամ միւս մեքենաների ապակու վրայ փակցւած ջրիկութիւններով:
Ծանօթ պատմութիւն է:
Կողքից երեխան մօր ձեռքը բռնած՝ փողոցն է անցնում: Մի պահ մօր ձեռքը բաց թողնելով՝ յայտնւում է խցանման կողքից դուրս պրծնել փորձող մեքենայի արգելակի ճռոցի առջեւ. բոլորը ղեկը թողած այդ կողմ են շրջւում: Երեխային բան չի եղել: Մայրը բարկացած թէ վախեցած՝ մի-երկու կրակոտ ապտակ է հասցնում երեխային: Հիմա արդէն երեխայի լացի ձայնն է, որ հեռանում է:
Ծանօթ պատմութիւն է:
Կանաչ լոյսը դեռ չծաղկած՝ նորից կարմրել է: Բոլորը միասին արգելակում են ու անմիջապէս հայելու միջից ստուգում յետեւից մօտեցող մեքենայի տարածութիւնը: Քաղաքում ապրող եւ ժամանակ ու ներւեր չունեցող մարդու վիճակն է սա: Շարունակ յետ նայելով է անցնում մեր առաջանալը: Ոնց որ սարսափ ֆիլմ նայես կամ աւելի շուտ խաղաս: Ծանօթ պատմութիւն է:
Տեղ ես հասնում՝ յոգնած: Հալ ու մաշ եղած տրամադրութեամբ: Այն կիսում ես ընկերոջդ, գործընկերոջդ կամ ընտանիքիդ հետ ու նրանց էլ բաժին հանում քիչ առաջ վրաերթից խոյս տւած, բայց մօր ապտակից ո՛չ, մանչուկի հոգեվիճակից: Չգիտեմ սա եւս ինչքանով, բայց ինչ-որ չափով կարող է լինել ծանօթ պատմութիւն:
Այս վիճակում յայտնւելով՝ այլեւս խօսելդ չի գալիս, ու մեքենայի ղեկին գամւած՝ զարմանում ես ռադիոյի հաղորդավարի շատախօսութեան ու մեքենայ յուշող նրա աշխուժութեան վրայ:
Մենութեան պահին ապրածդ վայրկեանները սիրում ես այնպէս,ինչպէս կը սիրես ասենք՝ քնից նոր արթնանալուց քաշքշել մարմինդ: Բայց, քաղաքային կեանքի պարգեւած այսօրինակ խցանումներում լռւելու օրինակով միայնակութիւնը իրօք որ ոչինչ չխոստացող է, սառը, ցուրտ եւ անհամ: Յոգնած մարմինդ էլ քաշքշելու պահին միայն մէջքացաւ է յիշեցնում: Տեղացող անձրեւն էլ միայն աղտոտում է մեքենադ: Էլ չասենք, որ որոշների ասածով երբ մեքենայ են լւանում, անձրեւ է...
Այս մէկը հաստատ ծանօթ պատմութիւն էր: Ծանօթ պատմութիւն է նաեւ ռադիոյի տաքուկ անկիւնում նստած, անձրեւի տակ թրջւող սիրոյ ու թարմութեան ջերմութիւնից խօսելը:
Ծանօթ պատմութիւն է: Երբեմն մտածում ես՝ ալիքը փոխել:
Ծանօթ-անծանօթ բարեկամներին նման ծանօթ պատմութիւններից օրինակներ նշելով՝ միայն կուզենայի մաղթել մեզ ծանօթ գարնան ամենահեքիաթային կանաչութիւն ու մեգապոլիսների հանգստեան օրերին յարիր մաքրաշունչ օդ:

Յարակից լուրեր