Հա

Հասարակական

04/11/2012 - 13:00

altՀԱՏԻՍ

Ներկայ ժամանակներում ժողովրդի առօրեան խիստ քաղաքականացւած է, չգիտեմ կամ էլ քաղաքականութիւնն է հաւասարեցւել առօրեային: Այս մասին երեւի աւելի խելօք մարդիկ կարող են մտածել, իսկ ինչ մնում է ինձնմաններին, կարելի է ասել, որ մեր առօրեան, իր ամէն ինչով, ազդեցութիւն է կրում օրւայ քաղաքական անցուդարձերից:

Շատ հեռւից գալու փոխարէն՝ միանգամից նշեմ, որ նախընտրած թեման քաղաքականութեան մասամբ աւելի փոքր կտրւածքով իրադարձութիւնն է՝ Պատգամաւորական ժողովի կամ ինչպէս վարչագիտական ինստիտուտն է մեկնաբանում՝ Օրէնսդիր մարմնի սպասւող ընտրութիւններն են: Հասարակական առումով աւելի փոքր համայնքի ընտրութիւնների պատրաստւելու կամքի արտացոլումն է սա կամ նոյնիսկ «ընդդիմութիւն» գործօնի ձեւաւորում:
Ճիշտ է, իր առօրեայ հոգսերով տարւած այսօրւայ իրանահայը կարող է մի երկու-երեք շաբաթով գտնւել շրջանառւող պրոպագանդայի լոյսի տակ, նոյնիսկ ներկայացւող ցանկերի միջից կատարել իր ընտրութիւնը, սակայն փորձը ցոյց է տւել, որ անկախ ամփոփւած արդիւնքներից՝ նորից ամէն բան նոյնն է թւում՝ ով իր գործին ու հոգսին: Սրա տակ նստւածք տւածը այն դրական գիծն է, որով հասարակութեանը մասամբ պարզ է դառնում թէ ինչը ինչի է կոչւած... Արձանագրենք նաեւ, որ կողմերից որեւէ մէկին թերագնահատելու միտում չկայ այս գրութեան տակ: Այնպէս որ՝ անկախ ամէն ինչից՝ ընտրախաւը  ընկալելով կողմերի նպատակներն ու գործելառճը՝ կարող է նաեւ պատկերացում կազմել Օրէնսդիր մարմնի իրաւական-գործածական սահմանումների ու իրաւասութիւնների մասին:
Մի քայլ առաջ անցնելով՝ արձանագրենք, որ իրենց թեկնածութիւնը առաջադրած կողմերին հնարաւոր կը լինի ծանօթանալ ներկայացւած ցանկով ու առաջարկւող ծրագրերից միայն: Բայցեւայնպէս՝ աչքի տակ պահելով համայնքիս մօտ անցեալն ու դրանում ձեւաւորւած խմբակցութիւնները՝ հնարաւոր կը լինի սպասել երեք հիմնական թեւերի ներկայացւելիք ցանկերի:
-Ազգային իշխանութիւն հասկացութեան շուրջ համախմբւած ուժեր
-Արդէն իսկ ձեւաւորւած տեխնոկրատների ցանկ:
-Ազգային իշխանութեանը աւանդաբար  քննադատողների կամ ժամանակին այդ հասկացութեանը դէմ գնացող հոսանքներին յարող ցանկ:
Ժամանակից առաջ չանցնելով՝ պէտք է սպասել մինչեւ ցանկերի ի յայտ գալը, որոնց կապակցութեամբ հնարաւոր կը լինի ըստ ներկայացւած ծրագրերի աւելի յստակ մեկնաբանութիւնների գնալ:
Վերջին հաշւով՝ ժողովրդավար կարգերում ընտրութիւնները հէնց այն ինստիտուտն են, որի տրամաբանութեան տակ իմաստաւորւում են վարչական այլ ենթաինստիտուտների պատասխանատւութեան գործօնները:

(Շարունակելի)

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։