Հա

Հասարակական

21/10/2012 - 12:33

altՀԱՏԻՍ

Մարդկային կեանքը ամէն ինչով մեկնաբանւում է «կախւած երկնից» գաղափարով: Չէ՞ որ եթէ կախւած է, ուրեմն՝ վերեւից պիտի լինի: Չնայած վերջնական որոշումը քոնն է՝ մնալ կախւա՞ծ թէ, ասենք, կանգնել իրական հողի վրայ:

Տպաւորութիւնն այնպիսին է, որ մարդն աւելի շուտ սիրում է օրօրւել օդում, քան, ասենք, ոտքի վրայ տրորւել: Այս օրօրւելու կամ տրորւելու երեւոյթի մասին պէտք է համապատասխան մօտեցումներով անդրադարձ կատարել:
Մի խօսքով՝ ժամանակակից դասակարգումներով ամէն ինչի յատակում փորձ է արւում տեսնել մասնագիտական հէնք. օրօրւելու մասնագիտութիւն, օրօրելու մասնագիտութիւն եւն:
Այժմ թէ ինչն էր պատճառն այս թեման բացելու: Վերջերս քաղաքամասիս ծխատէր քահանաներից մէկը խրախուսական կարգով առաջարկեց սիւնակով անդրադառնալ նաեւ քահանայական ու հոգեւորականների գործունէութեանը:
Ակամայից յիշում ես երկու աշխարհը միմեանց կապող թելի կամ անցքի եւ այդ բոլորը հսկող անհատականութիւնների մասին: Ու մէկ էլ ինքդ քեզ սթափեցնում ես ու շաբլոն մտքերից զատւելու համար՝ փորձում ես ոտքերդ զգալ գետնի վրայ: Իսկ նոյն սթափ վիճակդ քեզ յուշում է նաեւ, որ այստեղ թեման բացել է պէտք՝ ոտքերը գետնին, բայց ոչ «ոտի վրայ»: Այնպէս որ՝ նուրբ եւ զգայուն հարցերի կողմից, ինչպիսին հաւատամքն է, անցնելիս՝ հարկաւոր է զգոյշ շնչել:
Աղօտ է, բայց որպէս յիշողութիւն՝ չի խամրել, երբ դասաժամերին եկեղեցու զանգերի ձայնի տակ, դասարանով մէկ, ոտքի էինք կանգնում ու խաչակնքում: Նոյնն էր պատահում, երբ փողոցում քահանայ էինք տեսնում, մէկ էլ մոռանալով բարեւի փոխարէն դժւար թւացող «Օրհնեա, Տէր»-ը, խաչ էինք քաշում դէմքներիս: Քահանան օրհնում էր ու ժպտալով անցնում: Ամէն բան լաւ էր՝ մինչեւ մեծանալը: Արդէն մեր այդ անմեղ հայեացքները ձեւաւորւել են որպէս «հայեացքներ», իսկ փոխանակւող ժպիտը մնացել է նոյնը:
Նրանք ամենուր էին, մէջքներս տաք էր ու ամուր: Տրնդէզին, Վարդավառին, թաղմանն ու մկրտութեանը, մի խօսքով, ապաւէն էին: Չնայած՝ այսօր այդ նոյն հարցերում մէկ մէջքդ տաք է, մէկ՝ ոչ, բայց մէկ է, ժողովուրդը ժամանակին զուգընթաց՝ իմաստաւորում է իր աւանդոյթը, մէկ-մէկ էլ վերաիմաստաւորում, այն էլ՝ այսօրւայ  արագացւած տեմպերով...
Ինչեւէ, աշխարհիկ լեզւով ասած՝ այդ ոլորտը մասնագիտութիւն է, որն ունի իր աւտոմատ պահանջարկը, ու եթէ շարունակենք նայել նոյն ակնոցից, պահանջարկը կախւած է մնում ոչ թէ երկնքից, այլ ընտրութեան գնալու որոշումից: Վերջակէտից առաջւայ միտքը կարելի է շարունակել, կողքից էլ ենթադրել հոգեւորականութեան ստւերի ջերմութիւնը, սակայն ոչ՝ որպէս պահանջարկ...
Ինչեւէ, եթէ քամին չի երեւում, անպայման երեւում է նրա ներկայութիւնը, ընդորում՝ զօրեղ...

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։