Հա

Հասարակական

30/09/2012 - 11:56

altՀԱՏԻՍ

Վերջերս համացանցում թափառելիս՝ մի միկրովէպի հանդիպեցի, որից քաղւած ջերմութիւնը դաջւածք է թողել յիշողութեանս վրայ:
Կարծում եմ՝ ամէն անգամ արեան դոնորների  կենտրոնի մօտից անցնելիս՝ սառած աչքերիս իսկական պատճառը հէնց այդ դաջւածքը կարող է լինել: Նախ այդ ֆլաշ- պատմւածքը...

«... Որոշ ժամանակ առաջ, երբ, որպէս կամաւոր գտնւում էի թաղային հիւանդանոցի շտապօգնութեան բաժնում, պատգարակի վրայ մի աղջնակ յայտնւեց, որին փրկելու համար՝ անհրաժեշտ էր նրա հարազատներից որեւէ մէկի արեան ֆակտորներից պատւաստում կատարել, այլապէս՝ նրան փրկում չկար: Իսկ աղէտից  փրկւած այդ աղջնակին ընդամէնը մի հինգ տարեկան եղբայրիկ էր մնացել:
Բժիշկները փորձում էին համոզել այդ մանչուկին:
Տղան հարցրեց.-Իսկ քոյրս այդպիսով ո՞ղջ կը մնայ:
Բժիշկ.- Այո: Տղան համաձայնւեց:
Նրան պառկեցրինք քրոջ կողքի պատգարակին, միացրինք փոխներարկման համակարգը: Տղան անկուշտ նայեց փակւած աչքերով քրոջն ու ժպտաց: Ու հէնց որ թափանցիկ խողովակները կարմրել սկսեցին տղան հարցրեց.
-Ես գնում եմ դրա՞խտ: Տղան կարծում էր՝ իր ողջ արիւնն են դատարկելու քրոջ երակների մէջ»:
Լաւ խօսքերը յաճախ կուլ են տալիս իրե՛նց իսկ հեղինակներին, այնպէս որ՝ այս դրւագի կամ ինչպէս նորօրեայ գրականագէտներն են բնութագրում, «պատկերի» կամ նոյնիսկ «լուսանկարի» հեղինակի անունը անյայտ է: Թողած ազդեցութիւնն էլ մեկնաբանութեան կարիքը չունի, նոյնիսկ շատ բան կարելի է կառուցել այդ պատկերի շուրջ...
 Հէնց այնպէս չէ ասւածը: Արդէն մի շաբաթ է, ինչ նոր ուսումնական տարեշրջանն է մեկնարկել: Դպրոցներն են սկսել իրենց աշխատանքները: Իսկ այդտեղից էլ իրենց հասարակական կեանքն են սկսում հէնց այն մանուկներն ու երեխաները, ովքեր ի ծնէ կարող են հասարակութեանը դասեր տալ հէնց մարդկային խղճի եւ առհասարակ մարդկայնութեան մասին:
Ինչեւէ, ուսումնական տարւայ հետ միասին՝ այնքան խնդիրներ ու հարցեր կան բացւած, որոնք լուծումների են կարօտ. «Թունեան» տարրական դպրոցի, Սասուն քաղաքամասի այդ չարաբաստիկ ճանապարհի ու դրա վրայ մայթակամուրջ կառուցելու պահանջները... մի խօսքով՝ ճիշտ կը լինէր սիւնակս զբաղւէր այս հարցերով, սակայն ժամանակից առաջ չընկնենք եւ սպասենք, որպէսզի հնարաւոր լինի նորութիւնների ու արձագանգների մասին խօսել:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։