Հա

Հասարակական

23/09/2012

altՀԱՏԻՍ

Ինչպէս ընդունւած է ասել «բազմաթիւ հեռուստադիտողների խնդրանքով...», որը յաճախ տեսնում ենք էկրաններին, յատկապէս այն ժամանակ, երբ փորձում են որեւէ անհամ հաղորդում վզիդ փաթաթել, երեւի նոյն այդ կարգի ինչ-որ բան կը թւայ, եթէ փորձենք ասել, որ եթէ ոչ բազմաթիւ, բայց  իրենց երեխայի անվտանգութեամբ հետաքրքրւող ծնողների պահանջով (եւ ո՛չ խնդրանքով) նորից բարձրացնելով Սասուն քաղաքամասի գետափնեայ ճանապարհի այդ չարաբաստիկ անկանոնութեան խնդիրը՝ արձանագրենք, որ Թեմական խորհրդի փոխատենապետի կողմից հարցը հետապնդւել եւ իրավիճակի մասին տեղեակ է պահւել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Պատգամաւորը գրաւոր դիմումով  պահանջել է, որպէսզի Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետը հետամուտ լինի բարձրացրած խնդրին: Պատգամաւորի գրասենեակից տեղեկացանք նաեւ, որ քաղաքապետարանը պահանջել է, որպէսզի վիճայարոյց խնդրին շուտափոյթ լուծում տրւի Թաղային խորհրդի կողմից: Հետաքրքիր մի փաստի առջեւ կանգնեցի, երբ Թաղային խորհրդի անդամներից տեղեկացայ, որ նման գրութեամբ իրենց դիմում չի ներկայացւել քաղաքապետարանի կողմից.... մի խօսքով՝ հարցը գնալով դառնում է «խառը ճաշ»: Այս ամէնը այն ծնողի եւ առհասարակ թաղի բնակչի համար, ով իւրաքանչիւր վայրկեան այդ ճանապարհը հատելիս՝ հազար ու մի անկատար գործ է յիշում ու վերյիշում, խնդրի համար լուծում չի կարող լինել...
Ինչեւէ, կարգաւորման գործում ծնողների կողմից առաջարկւած քայլերը  քիչ թէ շատ  կրում են «ռադիկալ» բնոյթ:
Կարծում եմ՝ այս նոյն հարցով պատգամաւորին դիմելու հարկ    չի լինի, քանի որ  այս  բոլորը կարող է ինքնապտոյտի ենթարկւել, եթէ քաղաքապետարանը պատրաստ չէ գետն անցնելիս՝ ոտքերը թրջել... Չնայած մենք էլ նոյնը կը ցանկանայինք, բայց մինչեւ կամուրջի կառուցւելը (կամ գոնէ այս մասին որոշում ընդունելը)՝ մի քանի կտոր տախտակ փռելը (անցում գծել եւ ոստիկան տեղակայել) չէր խանգարի...
Թերեւս ուշագրաւ առաջարկներ կան հարցը «խնդիր» դարձնելու գծով, ընդորում «ռադիկալ» բնոյթի առաջարկներ.... սակայն արժէ սպասել:
 Թաղխորհրդի անդամներից տեղեկացանք նաեւ, որ քաղաքապետարանի եւ ենթակայ խորհրդի պնդումներով՝ պետաւտոտեսչութեան ստորաբաժանումներից Երթեւեկութեան գերագոյն խորհրդի կողմից մի առ ժամանակ առաջ գործուղւել է քննչական խումբ (առաւօտեան ժամը 11-ին) եւ արձանագրել, որ երթեւեկելը           չի խանգարում ոչ մէկին: Լաւ է ասւած՝ «առանց մեկնաբանութեան»: Որ շիտակ խօսենք՝ այս ամէնը արւած լաւութիւն է առաջինը հէնց իրենց՝ քաղաքապետարանում պատկան բաժնի պատասխանատուներին:
Ի տեղեկութիւն՝ նշենք, որ այս գրութեան թարգմանութիւնը տրամադրւելու է նաեւ «Իրան» օրաթերթին:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։