Հա

Հասարակական

15/07/2012

ՀԱՏԻՍ

 

altՉգիտես ինչպէս բնութագրել, դեռ բաց վէրքի պէս տաք է ու ցաւոտ թարմութիւն ունի:
Սրանից երեք տարի առաջ էր, երբ օդանաւի հետ երկինք բարձրացան: Ճակատագի՞ր է թէ ինչ, չգիտեմ, բայց, որ այնպիսի մի դառնութեամբ շարունակեց անդրադառնալ իւրաքանչիւրիս կատարւելիք քայլի ու որոշման վրայ՝ փաստ է, ոնց որ ճակատագիրդ անցեալում թողած լինես, շարունակ վերյիշում ես այն...

Այդ չարաբաստիկ օրւայ հետ կապւած իւրաքանչիւրս մեր պատմութիւնն ունենք: Կամ կայ պահ, որը դաջւել է մտքումդ ու սառը քրտինքի պէս ստիպում է դադարել... ու պահը երկարում՝ դառնում է ապրում...
...Նոյն օրը մեքենայով ուղեւորւել էինք Հայաստան: Կէսօրին բջջայինիս վրայ գրանցւել սկսեց զանգերի տարափ, իւրաքանչիւր զանգի պատասխանելով՝ միւս կողմում միայն լռութիւն կար ու լռութիւն ...ճանապարհային դադարի ժամանակ մէկ առ մէկ նրանց յետ զանգահարեցի: Ամէն բան իրար էր խառնւել: Առաւել եւս՝ զանգահարող ընկերներիս մօտ:
«Սա այն դէպքն է, երբ մարդ չգիտի՝ միամտւե՞լ թէ տխրել»: Դողացող ձայնով ասում էին զանգահարող ընկերներս: Տրագեդիա էր:
Ու դեռ չգիտէի «Կասպիան»-ի դէպքի մասին... իմացայ, ու միանգամից երեւալի դարձաւ «մէկս՝ միւսով» մարդկային թաքնւած, բայցեւայնպէս՝ ամենապիտանի յատկութիւններից մէկը:
Այդքանից յետոյ ձեռքդ ո՞նց կը գնար ղեկին: Բանից անտեղեակ, թէ ովքեր էին, ովքեր չէին... իսկ ճանապարհն իրենն էր թելադրում, քեզ տանում էր ու տանում դէմդ երեւացող խորութեան խորքերը, անորոշ, ինչպէս մտքերդ էին..
Հասնում ենք Երեւան: Դիմում ենք համացանցով վարձակալած յարկաբաժնի գրասենեակ, տեղեկացնում՝ մեր ինքնութեան մասին: Անասելի փայլ է գոյանում նրանց աչքերում, մանչուկիս ճակատը համբուրում է այնտեղ աշխատող մի տարեց բիձա... երեւակւում են աղէտի խորութիւնն ու դրա ընդարձակւող սահմանները...
Յաջորդ օրը մանչուկիս տանում ենք՝ մկրտելու: Քահանան ստուգում է մեր ինքնութիւնը, կարճատեւ լռութիւնից յետոյ՝ ասում է. «Հասկանալի է, հասկանալի է...»:
...Ամէն մէկն իր մեկնաբանութիւնն ու ընկալումն ունի: Նոյնիսկ աւիատոմս չգտածն ու թռիչքը բաց թողածը կամ նոյնիսկ թռիչքը յետաձգողը: Այստեղ այս դէպքը իւրաքանչիւրի ներաշխարհը փոթորկելով՝ նոյնչափ կարող է նրա համոզումները խորացնել, ինչքանով, որ կարող է աւերել դրանք ...
Անցնում են տարիները, մարդիկ շարունակում են փորձել հաշտւել կատարւածի հետ, ոմանց յաջողւել է, ոմանց էլ՝ դեռ ոչ: Իսկ այստեղ զարմանալին այն է, որ պատասխանատուները ամենաշուտը հաշտւեցին կատարւածի այս տեսակի հետ... Այնտեղ (պատասխանատւական դաշտում) իրավիճակի հետքերը պէտք է գոնէ աւելի կնճռոտ ու խանգարող լինէին:
Աչքերդ փակում ես ու դէպքը պատկերաւորւում է պասպորտի վրայի մանկան կիսավառւած լուսանըկարով... լուսանկարներ, որոնք իրենց ապրած կեանքի պատմութիւններն ունեն, իսկ այսօր բոլորը յիշում են միեւնոյն՝ լուսանկար չունեցող պատմութիւնը... մեր պատմութիւնը...
 

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։