Հա

Հասարակական

24/06/2012

altՆախորդ համարներից մէկում սիւնակիս զրոյցի առիթներից մէկը դարձաւ բանաստեղծուհի Ալմայի գրութիւնը՝ կապւած «պարսկահայ» բառակապակցութեան հետ: Այս առիթով ճիշտ կը լինէր նաեւ ստանալ ոլորտի մասնագէտների կարծիքը: Պատասխանը չուշացաւ: Նոյն սիւնակի սահմաններում պատասխան գրութեամբ պարզաբանում է բանաստեղծ Վարանդը:

Սիրելի Ալմա,
Կարդացի գրութիւնդ «Ալիք»-ի 20 մայիսի համարի «Ռադիօ բառ» սիւնակում, որտեղ արծարծել եւ ուղղել ես որոշ հարցեր՝ հպանցիկ կերպով, սիւնակի սահմանը արդէն դա էլ պահանջում է: Կաշխատեմ նոյն հակիրճ ոճով պատասխանել հարցումներիդ: Թերեւս բաւարարւես, հակառակ պարագայում՝ աւելի ուսումնասիրիր խնդիրները, գուցէ քեզ օգնեն նաեւ այլոց տեսակէտները, որ հաւանաբար կուղարկեն թերթին: Նաեւ այն, որ արծարծարծներդ խորքում հիմնովին տարբեր ուղղութիւնների խնդիրներ են, որ շատ էլ կապ չունեն միմեանց, այլ խօսքով՝ իւրաքանչիւրը «խմոր է, որ շա՜տ ջուր կը տանի»: ուրեմն՝ մենք էլ փորձենք՝ միայն ակնարկելով:
Նախ մէկ-երկու կողմնակի դիտողութիւն - ինչպէս գրել ես - արեւելահայերէնի ու արեւմտահայերէնի քերականութիւնները լրիւ տարբեր չեն (ընդգծումը մերն է). կան մասնաւոր տարբերութիւններ: Մեսրոպեան եւ էապէս ասած՝ սովետական նոր՝ աբեղեանական ուղղագրութիւնները ունեն՝ լեզւաբանական, պատմական, նաեւ քաղաքական պատճառ-հիմքեր, այդու՝ «սխալն ու ճիշտ»-ը ա՜յլ հարց է...
Ճիշտ ես՝ Հայաստանում կուսակցութիւնների թիւը անհամապատասխանաբար քիչ չէ՜...
Եթէ ասենք Հայաստանում մեզ դիմելիս՝ հնչւել է «պարսիկ» արտայայտութիւնը, պատճառը դա չէ, որ «պարսկահայը» մի ինչ-որ «էակ» է՝ պարսիկի եւ հայի միջեւ եւ այն սկսւում է «պարսիկ» բառով (ինչպէս գրել ես): Հիմա ենթադրենք, որ այդ բառը չսկսւէր պարսիկ բառով, կը դառնար՝ «հայապարսիկ» (որը արդէն քո յիշած... էակը կը դառնայ):
Պարսկահայ կամ հիմա աւելի ճիշտը՝ իրանահայ, լեզւական կառոյցի առումով այնքան էլ սխալ չէ. իսկ եթէ մէկը (ասենք՝ Հայաստանում) չի ջոկում պարսկահայի եւ պարսիկի (իբրեւ ազգ) տարբերութիւնը, դա արդէն ցոյց է տալիս նրա մտային զարգացման մակարդակն ու չափը:
Եթէ շատ չենք ճանաչում ազգեր, որ իրենց նման անւամբ չեն ներկայացնում (իհարկէ, վստահ չենք՝ չգիտենք մանրամասները), բայց եւ այնպէս՝ պատճառը կարծում եմ՝ դա է, որ հայ համայնքները, շնորհիւ իրենց ազգային նկարագիրը պահպանելու ունակութեան՝ կարող են տասնամեակներ, նաեւ հարիւրամեակներ (ինչպէս՝ Իրան-Պարսկաստանում) պահպանել իրենց ինքնութիւնն ու դառնալ իրանահայ կամ էլ պարսկահայ... բայց երեւի միակը չենք, օրինակ՝ ականջին խորթ չի հնչում աւստրոգերմանացի բարդ բառը...

Սիրով՝
ՎԱՐԱՆԴ

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։