Հա

Հասարակական

20/05/2012

altՍիւնակս շնորհակալութեամբ ստացել է մի բաց գրութիւն, որը, ինչ խօսք, հէնց «Ռադիօ բառ»-ի միջոցով համոզւած ենք, որ գտնելու է իր իսկական հասցէատիրոջը՝ ոլորտի մասնագէտներին, որոնց պատասխանը համոզւած ենք, որ կը լինի առաւել գրագէտ եւ ուսումնասիրւած...
«Ալիք» օրաթերթը իր գործունէութեան ութսուն եւ աւելի տարիների ընթացքում տպագրել է արժանի եւ իմաստալից նիւթեր, որոնք նրան պարգեւել են այս երկար տարիների կեանքը: Նրանցից է «Ռադիօ բառ» սիւնակը, ինչի համար շնորհաւորում եմ Ձեզ եւ «Ալիք»-ին: Անձամբ աշխատում եմ երբեք բաց չթողնել ոչ մի համար: Ուզում եմ առաջարկել՝ գրէք մի նիւթի մասին, որը շատ է ինձ յուզում եւ եթէ սխալւում եմ, խնդրում եմ «Ռադիօ բառ»-ի կամ էլ. փոստի միջոցով գրէք Ձեր կարծիքը՝ դրա մասին:

Մենք՝ հայերս, ինչպէս փաս տերն են ցոյց տալիս, դուդուկի եւ ծիրանի հայրենիքը լինելուց բացի՝ ունենք շատ ուրիշ առանձնայատկութիւններ, որոնց չես տեսնի ուրիշ եւ օտար ազգերում: Վիճակագրական տեսակէտից մի գուցէ սխալ լինեմ, բայց չեմ կարծում, որ իրականութիւնից էլ շատ հեռու կը հնչեն բառերս: Օրինակ՝ ներկայում լինելով փոքր պետութիւն եւ ազգ՝ ունենք երկու հայերէն՝ արեւելահայերէն եւ արեւմտահայերէն, որոնք ունեն լրիւ տարբերւող քերականութիւններ, ունենք երկու ուղղագրութիւն՝ նորը եւ հինը, որոնցից չգիտես որն է ճիշտ ու որը սխալ, Հայրենիքո՞ւմ օգտագործւողը թէ՝ Մեսրոպեանը, որոնց մասին երբեմն գոնէ անձամբ դժւարանում եմ բացատրել զաւակներիս: Հայրենիքում ապրող հայրենակիցները լինելով երեք միլիոն ու մի քիչ՝ ունեն ինը կուսակցութիւն եւ այլն...
Նմանօրինակ անյստակութիւններ եւ առանձնայատկութիւններ կը գտնւեն, եթէ աւելի խորանանք: Բայց, ուզում եմ յատկապէս բացատրութիւն ստանալ մի խնդրի կապակցութեամբ, որի մասին քիչ է խօսւում կամ մի գուցէ ընդհանրապէս չի խօսւում: Խօսքս «պարսկահայ» բառի եւ «Պարսկաստանի հայ» բառակապակցութեան մասին է: Միթէ կարելի չէ՞ օգտագործել երկրորդը՝ առաջինի փոխարէն: Չէ՞ք կարծում՝ երկրորդը աւելի մեզ կը մօտեցնի մեր իրաւունքներին, որոնցից ակամայ՝ զրկւած ենք: Փորձեմ արդարանալ:
ա- Մեզ դիմելիս՝ քիչ չեն հնչւել «պարսիկ» արտայայտութիւնը՝ Հայաստանի հայերի, ոչ թէ հայաստանցիների, կողմից: Չէ՞ որ «պարսկահայը» ինչ-որ մի էակ է պարսիկի եւ հայի միջեւ եւ այն սկսւում է պարսիկ բառով: Մի գուցէ շատ էլ պէտք չէ մեղադրել նրանց, քանի որ պարսկահայը չի կարող լինել հայ, ինչպէս գետնախնձորը չի կարող լինել խնձոր:
բ- Քանի՞ ազգ էք ճանաչում, որ իրենց նման անւամբ են ներկայացնում. օրինակ՝ երբեւէ լսե՞լ էք «գերմանաանգլիացի» կամ «ֆրանսա-ռուս»... նրանք կամ գերմանացի են, կամ անգլիացի, կամ ֆրանսիացի, եւ կամ էլ ռուս...
Եթէ հայ ենք, միանշանակ հայ մնանք, առանց որեւէ ածանցների եւ ինչ-որ մի «ա» յօդակապով աւելացւած օտարներին:
Սպասում եմ Ձեր պատասխանին...

Շնորհակալութիւններով՝
Ալմա (Ալինա Յովսէփեան )

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։