Հա

Հասարակական

15/06/2014 - 10:00

ՌԱԴԻՕ ԲԱՌ

Հասարակութիւնները ենթարկւելով ժամանակակից կամ առօրեայ համարւող պահանջարկներին՝ կրում են այնպիսի փոփոխական տեսք, ինչի յատակում նստւածքի պատրաստւող անցողիկ մտքերն ու բոյն դրած գաղափարները առիթով ընդամէնը մի գարուն կեանք ունեցող բոյսերի պէս չեն հասցնում արմատաւորւել եւ ծաղկել նորովի:

ՀԱՏԻՍ


Հասարակութիւնները ենթարկւելով ժամանակակից կամ առօրեայ համարւող պահանջարկներին՝ կրում են այնպիսի փոփոխական տեսք, ինչի յատակում նստւածքի պատրաստւող անցողիկ մտքերն ու բոյն դրած գաղափարները առիթով ընդամէնը մի գարուն կեանք ունեցող բոյսերի պէս չեն հասցնում արմատաւորւել եւ ծաղկել նորովի:
Սա հոգեվիճակ է, որով անկախ աշխարհագրութիւնից՝ տեղի է ունենում երբեմն իրենց տեղը մասամբ աւելի մեծ հասարակութիւնների կողքին չգտնող համայնքների ու դրանցում եղած բջիջների դէպքում:
Էութեամբ ընդհանրութեան շունչ ունեցող զրոյցներից խուսափելու համար՝ միանգամից նշենք, որ առհասարակ անհատը, ինքն իրեն հզօր զգալու համար, պէտք է նախեւառաջ զգայ իրեն նոյնպէս հզօր հասարակութեան թէկուզ փոքր, բայց անվիճարկելի մասը: Այսպիսով՝ նրան պատելու է ինքնավստահութեան ջերմաշունչ մի զգացում, որում նա իրեն ոչ թէ պարտաւորւած է զգալու ազգային առաքելութիւնների ու աւանդոյթների իրականացման գործում, այլ դրանք գործադրելու է առանց մտածելու այն մասին, որ դա անում է միայն ազգային աւանդոյթների տեսակն ու որակը (ինչպէս նշւում է յաճախ) վառ կամ կենդանի պահելու նպատակներով:
Կամ մէկ այլ ձեւակերպմամբ՝ դրանք դադարելու են լինելու պարտականութիւն, իհարկէ փոխակերպւելով որպէս ժամանակակից մարդու շունչ, ում համար աւանդոյթների էութիւնը այլեւս չի խաչաձեւում նրա առօրեան ու ժամանակակից քաղաքային կեանքը:
Տողերիս արանքում ընդգծւած մտքերը վերջերս յաճախ շօշափւած՝ համայնքում պարտաւորութիւններից ու պատասխանատու հանգամանքներից խոյս տալու մասին մեր ունեցած զրոյցների մնացուկ-ճոթանքներն են (գիւղաբարբառ է), որի մասին խօսք բացւելու ժամանակ երեւի միակ դրւագն է, որտեղ երբ նոյնիսկ մի քանի հայ կողք-կողքի յայտնւելով, գլուխները շարժելով՝ հաստատելու նշան են անում:
Այդ ճոթանքներից մի քանիսի մասին կատարւած ակնարկների սահմաններում բաւարարւելով՝ կը փորձենք դրանք դարձնել նաեւ ընթերցողների սեփականութիւնը: Իհարկէ, գիտենալով, որ ընթերցողն իր տեսակով պէտք չունէր իր իմացածը նորից լսելու:
Այնուամենայնիւ, մինչեւ սիւնակիս յատակը դեռ խօսքը երկարելու, քաշքշելու տարածութիւն կայ:
Այսօր յաջողութեան հասնելու բոլոր գաղտնիքները անցնում են արհեստավարժ ձեռագիր ցուցաբերած մօտեցումների միջով: Իսկ արհեստավարժ մօտեցումները ինչպէս կասեն՝ թանկ հաճոյք են: Այնպէս որ՝ ազգային միութիւնների աշխատանքները հնարաւոր է յաջողութեան պսակել, երբ գործը հասնում է աշխատանքն իրականացնող անձնակազմին վճարելուն: Իսկ վճարումները կատարւում են այն անձանց միջոցով, որոնք իրենց ժամանակն ու կարողութիւնը տրամադրում են մեր իմացած եւ արդէն աւանդոյթ համարւող «ազգային աշխատանք» հասկացութեան լուսանցքում:
Երեւոյթն իր տեսակով հետաքրքիր է նաեւ այն իմաստով, որ այսպիսով՝ հնարաւոր է նաեւ համայնքային պատմութեան կտրւածքով արձանագրել՝ որպէս Իրանի պատմութեան մէջ NGO-ների գոյութեան եւ կազմակերպման առաջին նախադէպը: Յատկապէս, երբ գործը երկար ժամանակ շարունակւել եւ արդիւնաւորւել է առանց պետական որեւէ օժանդակութեան կամ յատկացւած բիւջէի առկայութեամբ:
Եւ չնայած «ՈՉ-ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԸ» կամ հէնց ինքը՝ NGO հասկացութիւնը համարւում է քաղաքացիական հասարակութիւնների ստեղծման եւ զարգացման հիմնական գրաւականներից մէկը, որին, ի դէպ, տարածաշրջանային իմաստով դեռ ժամանակից առաջ էին անցել մերոնք, սակայն այն կարծես գնալով սկսել է անհետաքրքիր լինելու նախանշաններ ցոյց տալ:
Ծագող խնդիրը թւում է, թէ առնւազն պէտք է հետաքրքրի ուսումնասիրութիւններ կազմող հասարակագէտերին: Այն, որ համայնքիս տարատեսակ շերտերին այլեւս սկսել է անհետաքրքիր թւալ դոմինանտ հասարակութեան մէջ ինքնուրոյն երեւալու յատկանիշը: Կամ գուցէ մեր շապիկն է այլ արդուկ պահանջում:
Նախանշանները ակներեւ են: Այսօր դժւար է միութիւնների աշխատանքներն իրականացնելու համար հմուտ վարիչներ, գործակատարներ եւ այլն գտնել: Յայտնւելու դէպքում էլ՝ նրանցից լիակատար եւ լիարժէք ծառայութեան ակնկալիքն աւելորդ է թւում:
Մարդիկ գալիս՝ պատրաստւում, աշխատում, թրծւում եւ վերջում էլ յոգնած հեռանում են: Նրանց հետ ունեցածս շփումներից պարզ է դառնում, որ յաճախ դուրս գրւած ծախսերը դիտարկւում են միայն հէնց դրանց ծախսատարութեան ակնոցից: Մինչդեռ, նրանք մօտկից են ծանօթ, թէ իւրաքանչիւր երիտասարդի եթէ ներգրաււած չտեսնես միութեան յարկի տակ, թէկուզ որեւէ աշխատանքի մաս չկազմած, նա իր ժամանցը կը տեսնի միութեան քթի տակ՝ փողոցների մայթերում եւ այլն... որ շարունակես՝ այլ զրոյցի թեմա կը դառնայ, սակայն սա լաւ օրինակ մեզ՝ բոլորիս, որ ծախսատարութիւնը ամէն բանով տարբեր է ներդրումային իմաստով երանգաւորւած ուղղւածութիւնից:
Նոյն տեղից կը շարունակենք այս զրոյցը՝ յաջորդ հանդիպման ժամանակ:

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը 800 հազար մարդու կոչեց հպարտ քաղաքացի, որ նրանց ուսերի վրայ իշխանութեան գայ ու յետոյ էրեսներին շփացնի՝ մակաբոյծներ
    Նիկոլ Փաշինեանը 800 հազար մարդու կոչեց հպարտ քաղաքացի, որ նրանց ուսերի վրայ իշխանութեան գայ ու յետոյ էրեսներին շփացնի՝ մակաբոյծներ

    Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Աղջիկը աշխատում է խանութում, օրը 10 ժամ, ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ, այսինքն մօտ 200 դոլար: Բուռն կերպով մասնակցել է սիրոյ եւ համերաշխութեան կոչւող յեղափոխութեանը, բայց յեղափոխութիւնը նրան 0 սէր եւ 0 համերաշխութիւն է բերել։ Հազիւ լումա-լումա յետ է գցել մի փոքր գումար, որը ամբողջութեամբ 400 հազար դրամ, ծախսելու է վիրահատութեան վրայ։

  • Ստեփան Դանիէլեան. «Կուռքեր մի ստեղծէք, որ չհիասթափւէք ու չյուսահատւէք»
    Ստեփան Դանիէլեան. «Կուռքեր մի ստեղծէք, որ չհիասթափւէք ու չյուսահատւէք»

    «Ցանկացած առողջ, կամ առողջանալու ցանկաթիւն ունեցող հասարակութիւն պէտք է փորձի իմաստաւորել ու վերաիմաստաւորել իր հեռու եւ ոչ այնքան հեռու անցեալը. առանց իմաստաւորման առաջընթաց չի կարող լինել»: 

  • Անվերջ «One way ticket» թէ յաւէրժ վերադարձ
    Անվերջ «One way ticket» թէ յաւէրժ վերադարձ

    Երկընտրանքներ շատ են լինում. դրանցից չհնացողն ու մշտապէս արդիականը մեզ՝ հայերիս մօտ, գնալու թէ մնալու խնդիրն է։ Այս հարցն ասես երբեք հանգիստ չի տալիս մեզ։ Բանն այն է, որ ժամանակի անկասելի հոսքը, մարդու յարմարւողականութեան յատկութիւնը, գնացողների ու մնացողների մօտ աստիճանաբար մեղմել է այս երեւոյթի զգացմունքային աղէտը: Իհարկէ, ոչ թէ աղէտն է մեղմել այլ դրա ընկալումն է բթացրել:

  • Զանգւածների մուտքը քաղաքականութիւն
    Զանգւածների մուտքը քաղաքականութիւն

    Այս տարւայ ապրիլեան դէպքերի՝ զանգւածային ցոյցերի ու ակցիաների հետեւանքով իշխանութիւնը փոխւեց։ Խորհրդարանում մի քանի պատգամաւոր ունեցող քաղաքական ուժի առաջնորդը դարձաւ վարչապետ, իսկ զանգւածները դարձան Հայաստանի քաղաքական կեանքի գլխաւոր գործօնը։ Գալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ով կարողանայ տիրապետել եւ ուղղորդել զանգւածներին, նա էլ կը կարողանայ յաջորդ հինգ տարիների ընթացքում ունենալ իշխանութիւն։ 

  • Տրոյեական ձին եւ հայկական ամրոցը
    Տրոյեական ձին եւ հայկական ամրոցը

    Ժամանակակից աշխարհում հասարակութիւններն ու պետութիւնները յաճախ են ենթարկւում Ոդիսեւսի «Տրոյեական ձիու» «շախ»-ին: Տարբերութիւնն այն է, որ ամրոցները չեն պաշարւում միայն ֆիզիկապէս եւ Տրոյեական ձիու մէջ միայն օտարի զինւորները չեն: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։