Հա

Հասարակական

Կիրակի, 23 Նոյեմբերի 2014 09:50

Թէ՝ որքանո՞վ կարելի է խոցելի դարձնել «լուր»-ը կամ՝ ինչպէ՞ս փախցնել լրակունք դառնալու առիթները

Եթէ թեման մինչ օրս չի յուզել համայնքային կարգի լրատւամիջոցներին, սակայն մեր՝ նեղ համայնքային կտրւածքով տեղի ունեցող իրադարձութիւնները, ոնց որ գալիս են ծառայելու կազմակերպիչների հեղինակութեանը, իսկ լաւագոյն դէպքում՝ յենարան հանդիսացող միութեանը, խմբակցութեանը... եւ մի խօսքով...

ՀԱՏԻՍ


Եթէ թեման մինչ օրս չի յուզել համայնքային կարգի լրատւամիջոցներին, սակայն մեր՝ նեղ համայնքային կտրւածքով տեղի ունեցող իրադարձութիւնները, ոնց որ գալիս են ծառայելու կազմակերպիչների հեղինակութեանը, իսկ լաւագոյն դէպքում՝ յենարան հանդիսացող միութեանը, խմբակցութեանը... եւ մի խօսքով...
...Նման ուղղւածութեամբ գնալու դժւարութիւնը կարող է համեմւած լինել այն մտավախութեամբ, որը ստիպում է մտածել նաեւ այն մասին, որ տարածւող տեղեկատւութեան կարեւորը իրենք՝ կազմակերպիչներն են, ո՛չ թէ իրադարձութիւնը կամ տեղի ունեցողը: Այնպէս որ՝ ըստ արդէն իսկ սովորոյթ դարձած լրատւութեան ձեւաչափի, հրապարակ իջնող տեղեկատւութեան զգալի հատւածը, որն ի դէպ նաեւ չի կարող յուզել ո՛չ տեղական, եւ ո՛չ էլ միւս հայկական գաղթօջախների լսարանին այն է, թէ ովքե՞ր են լինում առաջին շարքի նստողները, կամ հրաւիրեալ պատասխանատուները, հովանաւորողները, եւ էլի նմանօրինակ տափակ փոխանցումներ, որին չենթարկւելը կարծես դամոկլեսեան թրի պէս կախւած է մնում այդ դաշտում գործող լրատւամիջոցի գլխին:
Այս մասին օրինակներով խօսելու կարիքը չի զգացւում:
Թերեւս աւելի լաւ օրինակ կարող է լինել հէնց ինքը՝ «լրատւութեանը հակառակող» հասկացութիւնը: Այնպէս որ, «ներկաներ»-ի փոխարէն կարող են առաւել կարեւոր լինել ասենք՝ «բացակաները»: Մի խօսքով:
Վերադառնալով զրոյցի հիմնական թեմային, թերեւս պէտք կը լինի նշել, որ լրակունք դառնալու հեղինակութիւնը, բացառելով՝ բացառութիւնները՝ չի բխում լրատւամիջոցների սակաւաթիւ լինելու փաստից:
Զուտ մեթոդաբանական սառն անկիւնից խնդիրը կարելի է վերլուծել՝ իր տեղական լսարանի պահանջարկը ուսումնասիրութեան ենթարկելով:Լսարանի առաւել ակտիւ հատւածը, որը սպասում է մամուլի (հայկականի մասին է խօսքը) ամենօրեայ առաքմանը, շերտաւորւած է ըստ լրատւութիւնից ունեցած իր ակնկալիքի, որը շատ յաճախ թերթից հրաժարւել չի կամենում նոյնիսկ այն դէպքում, երբ՝ տարակարծութեան մէջ է լինում հրապարակւած տեղեկութեան տրամաբանականութեան հետ:
... Մասնագիտական մօտեցումներով կատարւած լրատւութիւնը յաճախ վեր է հանում տեղի ունեցած իրադարձութեան ամենագունեղ հատւածը, որը կոչւած է նաեւ ընթերցողին ուղեկցել իջնել մինչեւ վերջին տող:
Տեսաբանական զրոյցների լաբիրինթից խուսափելով յաւելենք, որ զրոյցիս առիթը հիմնականում հանդիսանում եմ հէնց ես, իմ թոյլ տւած վրիպումներով, որոնք կարծես յաճախակի են դարձել՝ իմ միջոցով կատարւած թղթակցութիւններում կամ «կարճամետրաժ» լուրերում:
Կարճ կապած, այս գրութեամբ, իմ առջեւ խնդիր էի դրել ներողութիւնների տարափով իջնել սիրելի լսարանի առջեւ: Բանը նրանում է, որ իմ միջոցով կատարւած լրատւութիւնից յաճախ են պակասում ձեւաչափ դարձած այն տողերը, որոնք բնութագրում են միջոցառումները բարձրից հովանաւորողի կամ երբեմն միջոցառման բուն նպատակի հետ կապ չունեցողի եւ կազմակերպելու գործում դեր չունեցածի, բայց ներկայութիւնը լուրի մեկնակէտ համարողների անունները չգրելը, որի համար ներողութիւն եմ խնդրում հրապարակաւ: Բայց, ներողութիւն եմ խնդրում նաեւ այն երեխաներից, այդ շարքում նաեւ՝ իմ բալիկից, որոնց մասնակցութեամբ տեղի ունեցած աշակերտական միջոցառումը այնքան կարեւոր չէր, ինչքանով, որ կարեւոր էր՝ ասենք հովանաւորների վերաբերեալ կամ միութեան անունի գծով տեղի ունեցած, բնականաբար, առանց միտումների վրիպումը:
Չգիտեմ, երեւի սխալ կը լինեմ, եթէ պնդեմ, որ արտերկրում ապրող մեր միւս հայրենակիցներին բնաւ չի էլ յուզելու, թէ բարձրից ինչպէս էր հովանաւորւում միջոցառումը կամ ո՛վ էր ներկայացել առաջին շարքերում: Նրանց հաստատ հետաքրքրելու է, թէ ի՞նչ է կատարւում ներհամայնքային կեանքում, կամ թէ՝ ի՞նչ որակով են ներկայացւում ձեռնարկները: Որակ, որի մասին կարելի է առաւել յարգալից վերաբերմունք դրսեւորել (ներող կը լինէք ածականի համար)՝ որակեալ լրատւութեամբ:
Այսքան բան:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։