Հա

Հասարակական

13/10/2013

Ռադիօ բառ - Ուրբանիզմը, մշակոյթը եւ ժամանակները...

Առիթները տարին մէկ գալիս՝ գնում են, իսկ դրանցով զբաղւելը, այն էլ միեւնոյն գրչի շնչով, միայն մի անգամւայ քաղցրութիւն կարող է ունենալ, այլապէս հեղինակն էլ, թեման էլ, ընթերցողն էլ ինքնապտոյտի են մատնւելու: Եւ այսպէս, ինչպէս առիթներն են կարող թեմա առաջադրել, նոյնպէս էլ կարող են փախցնել այն: Ու երբ այսպէս շարունակ մտքերդ քջջելով յարմար լուսանցք ես փնտրում, մէկ էլ թեման, գիտառը ձեռքին, գալիս սերենադի պէս նստում է դռանդ ու ժպտում: Ժպտում է ու մետրոյի գնացքում սկսում է մատները թափահարել լարերի վրայ:

ՀԱՏԻՍ

Առիթները տարին մէկ գալիս՝ գնում են, իսկ դրանցով զբաղւելը, այն էլ միեւնոյն գրչի շնչով, միայն մի անգամւայ քաղցրութիւն կարող է ունենալ, այլապէս հեղինակն էլ, թեման էլ, ընթերցողն էլ ինքնապտոյտի են մատնւելու:
Եւ այսպէս, ինչպէս առիթներն են կարող թեմա առաջադրել, նոյնպէս էլ կարող են փախցնել այն: Ու երբ այսպէս շարունակ մտքերդ քջջելով յարմար լուսանցք ես փնտրում, մէկ էլ թեման, գիտառը ձեռքին, գալիս սերենադի պէս նստում է դռանդ ու ժպտում: Ժպտում է ու մետրոյի գնացքում սկսում է մատները թափահարել լարերի վրայ:
Երբեք չէի մտածել Թեհրանի մետրոյի շրջուն երաժիշտների մասին: Նոյնիսկ դրանց գոյութեան մասին անգամ գաղափար չունէի: Միայնակ չէ: Հէնց սկզբից խնդրեց տեղափոխւեմ վագոնի դիմացի մայթ, որպէսզի երեքի համար էլ կողք-կողքի տեղ բացւի: Հաշւում են վաստակած գումարը: Անունը Փեդրամ է, գլխին կոտ կայ՝ երկար մազերը հաւաքող: Հայեացքներս գամւում են, պատասխան ժպիտ է տալիս, ու երգին ակորդ հաղորդում: Մետրոյում ինչքան ասես ծամոն վաճառող անչափահաս աշխատանքի երեխայ կայ: Մօտենում են մի երկուսը: Աչքները փայլել են սկսում: Փեդրամն արդէն վերջացրել է: Ձեռքս գրպանիցս դանդաղ նրա գիտառի տուփին եմ մտցնում, վերցնում է ու տալիս աղջնակին, հազարանոց գուլպայի դիմաց վճարում է ձեռքիս երկուսանոցը, որ արդէն իմը չէ եւ վերցրած գուլպան էլ նւիրում՝ ինձ...
Չէի ցանկանայ կլիշէ դարձած ձեռնարկների մասին նոյնպէս կլիշէ դարձած՝ քննադատող բծախնդիր մտաւորական խաղալ: Ու տեսածս երեւոյթը կիսելու նպատակով էլ չէ, որ փորձեցի նկարագրել այդ տեւողութեամբ չորս-հինգ կանգառանոց դրւագը: Կողքից փորձում են լուսանկարել, առարկում է-խնդրում չնկարել: Հանգստացայ, քանի որ ապարատս մօտս չէր ու հիմա ներւերիս վրայ չեմ գնլաու, որ չեմ կարողացել նկարել նրան... Մշակոյթի թեման բացւեց հէնց այդ գնացքի ռիտմի տակ գիտառի մեղեդային այդ քանի կանգառանոց հանդիպման ժամանակ, ուրբան արւեստի սաղմնաւորումն ու ընկալման շարժառիթների թեմայով:
Ուրբան բեմահարթակ հասկացութիւնը արդէն չի սահմանափակւում միայն փողոցով ու ասֆալտի մոխրագոյնը գունեղ կամ հնչեղ դարձնելու ակտերով: Այն կարող է եւ հաստատ ունի իր ամենատեղական ընկալումների սահմանումներն ու ասելիքը: Իսկ ինչպէս մեր՝ Փեդրամն է մէկ բառով բնութագրում «Աստծոյ երկնքի տակ, ուր ես եմ, այնտեղ էլ՝ իմ բեմը»:
Իւրաքանչիւր հարթակ համարւող երեւոյթ հասարակութեան մտածողութեան մէջ ներմուծում է համապատասխան բառապաշար: Այնպէս, որ եթէ Արեւմուտքում «ԱՆԴԸՐԳՐԱՆԴ»-ը շատ աւելին է ցուցանում քան բառարանը կարող է ասել, նոյնպէս էլ «ուրբան արթզ»-ի դէպքում կարող է լինել, որը արագօրէն փոփոխութիւն կրելով նոյնպէս դուրս է մնում գրաւոր արձանագրութիւնների ցուցակներից: Չմոռանանք նշել, որ նոյնիսկ ակադեմական կամ բուհական ոլորտներում դեռ այն աշխարհում ոչ-բոլոր համալսարաններում է, որ դասախօսւում է որպէս արւեստի առանձին գլուխ:
Ըստ իս գլուխկոտրուկ խնդիր չի լինելու, եթէ այն տեսնենք ժամանակակից մարդու խմորումներին համապատասխան՝ առանց միջնորդների ձեռնարկութեամբ հասարակութեան հետ հաղորդակցւելու կարողութեան բեմի վրայ, որտեղ այսօրւայ երիտասարդը ազատօրէն գրում ու ստեղծագործում է այն ինչ ուզում է, ինչպիսին սոցիալական ցանցերում է կատարւում: Ուրբան արւեստով զբաղւող երիտասարդի աչքերից միւսները՝ «ցուրտ» են: Կամ ինչպէս կասի երիտասարդ գրիչ Մանէ Գրիգորեանը «ամէն գարնան հետ չէ, որ քո մարմինը ծիլ կը տայ...»: Իսկ Ուրբանիստների դէպքում, իրենք են իրենց եղանակի ստեղծողն ու գարունը: Երեւի իրենք էլ են նոյն այդ գարնան ծիլը... ինչեւէ ուզենք թէ չուզենք եղանակն արդէն փոխւել է, ցրտում է....
Համարենք, որ սա թեմայիս բացումը կատարող զրոյցն էր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։