Հա

Հասարակական

Կիրակի, 07 Օգոստոսի 2016 11:50

Էրդողանը Թուրքիան վերածում է մի հսկայական Գուլագի. նրա որոշ գործողութիւններ յիշեցնում են 1915 թւականը

Աներեւակայելի վտանգաւոր զարգացումներ են տեղի ունենում Թուրքիայում՝ դաւադիրներին որսալու քողի տակ: Յուլիսի 15-ի յեղաշրջման փորձն անւանելով «նւէր Ալլահից», նախագահ Էրդողանն այս առիթը չարաշահում է իր վաղեմի երազանքն իրականացնելու համար՝ դառնալ միաժամանակ ոչ միայն Սուլթան, այլ նաեւ Ստալին ու Հիտլեր...

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
www.TheCaliforniaCourier.com


Աներեւակայելի վտանգաւոր զարգացումներ են տեղի ունենում Թուրքիայում՝ դաւադիրներին որսալու քողի տակ: Յուլիսի 15-ի յեղաշրջման փորձն անւանելով «նւէր Ալլահից», նախագահ Էրդողանն այս առիթը չարաշահում է իր վաղեմի երազանքն իրականացնելու համար՝ դառնալ միաժամանակ ոչ միայն Սուլթան, այլ նաեւ Ստալին ու Հիտլեր...
Յեղաշրջման փորձից շատ չանցած, Էրդողանը հրամայեց ձերբակալել եւ աշխատանքից հեռացնել տասնեակ հազարաւոր սպաների (այդ թւում՝ հարիւրաւոր գեներալների եւ ծովակալների), ոստիկանների, ուսուցիչների, քաղաքացիական ծառայողների, դատաւորների եւ լրագրողների, ինչպէս նաեւ փակել հարիւրաւոր մասնաւոր դպրոցներ: Այս գործողութիւններն այնքան արագ տեղի ունեցան, որ դժւար էր հաւատալ, թէ կարճ ժամանակահատւածում հնարաւոր էր կասկածեալների նման սպառիչ ցուցակ կազմել: Իրականում, թուրքական բռնապետն ամենեւին էլ կարիք չունէր որեւէ ցուցակ նախապատրաստելու, քանի որ նա ձերբակալում եւ հեռացնում էր բոլոր նրանց, որոնք իր հետեւորդները չէին…
Յուլիսի 20-ին Թուրքիայի խորհրդարանը, ձայների 346 կողմ եւ 115 դէմ յարաբերակցութեամբ, հաւանութիւն տւեց երկրում 90-օրեայ արտակարգ դրութիւն յայտարարելու օրինագծին եւ Էրդողանին «քարտ բլանշ» տւեց 30 օր իշխել նախագահական հրամանագրերով: Այս երկու ժամկէտները, ամենայն հաւանականութեամբ, կերկարաձգւեն: 115 պատգամաւորները, որոնք համարձակւեցին դէմ քւէարկել այդ օրինագծին, կարող են թանկ վճարել իրենց անհաւատարմութեան համար, քանի որ նրանք կարող են զրկւել պատգամաւորական անձեռնմխելիութիւնից եւ մեղադրւել յեղաշրջմանը մասնակցելու համար: Թուրքիայի կառավարութիւնն իր անօրինական գործողութիւնների դատական բոլոր վերանայումները կանխելու նպատակով, տեղեկացրեց Եւրոխորհրդին, որ այլեւս չի ընդունելու Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի իրաւասութիւնը...
Նկատելի են որոշ ահազդու զուգահեռներ Էրդողանի վարչակարգի դաժան քայլերի եւ Օսմանեան կայսրութիւնում 1915-1923 թթ. ցեղասպանութիւնների ժամանակ հայերի եւ միւս քրիստոնեաների դէմ իրականացւած անգութ բռնութիւնների միջեւ.
1- Թուրքական կառավարութիւնը արգելանք է դրել յուլիսի 15-ի պետական յեղաշրջման կասկածեալների ունեցւածքի վրայ: Նրանց հաւանական դատապարտումից յետոյ, այդ ունեցւածքը կը փոխանցւի պետութեանը, ինչպէս դա եղաւ 1915 թւականից սկսած, երբ բռնագրաււեց աքսորւած ու սպանւած հայերի եւ այլոց սեփականութիւնը:
2- Էրդողանի կողմնակիցները, որոնք սպանւել կամ վիրաւորւել էին յեղաշրջման փորձի ընթացքում, փոխհատուցում կը ստանան կասկածեալ դաւադիրների բռնագրաււած ունեցւածքի հաշւին: Համանման գործողութիւն իրականացւեց նաեւ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ՝ հայերից թալանւած ունեցւածքը բաժանւեց Բալկաններից ներգաղթած թուրքերին եւ երիտթուրքերի առաջնորդների ընտանիքներին, որոնք սպանւել էին հայ վրիժառուների ձեռքով:
Ընդդիմադիր «Ջումհուրիէթ» թերթի խմբագիր Ջան Դիւնդարը, մեծ ռիսկի դիմելով, համարձակօրէն պնդեց, որ արտակարգ դրութեան պայմաններում Թուրքիան կունենայ «բռնապետական ռեժիմ, որտեղ կը սահմանափակւեն ազատութիւնները, գրաքննութեան կենթարկւեն լրատւամիջոցները եւ կը վերանայ խորհրդարանը»: Ցաւօք, Դիւնդարը չնշեց, որ այդ բռնութիւնները Թուրքիայում վաղուց գոյութիւն ունէին, պետական յեղաշրջման փորձից առաջ: Իրօք, Էրդողանը իր բռնատիրական ծրագրերը բացայայտել է աւելի քան 10 տարի առաջ, յայտարարելով՝ «Ժողովրդավարութիւնը գնացքի նման է: Դու նստում ես, որ մի տեղ գնաս, իսկ յետոյ իջնում ես»...
Էրդողանը, հասնելով իր «գնացքով ճանապարհորդութեան» աւարտին, այժմ յայտարարել է, որ ինքը կարող է վերականգնել մահապատիժը «յեղաշրջման դաւադիրների» նկատմամբ, իր քաղաքական մրցակիցներից ձերբազատւելու համար... Եւրոմիութեան պաշտօնեաները զգուշացրել են թուրք ղեկավարին, որ նման քայլը մշտապէս կարգելափակի Թուրքիայի անդամակցութիւնը Եւրոմիութեանը...
Բացի այդ, «Ամնիսթի Ինտերնէյշնլ» կազմակերպութիւնն անցեալ շաբաթ ջախջախիչ զեկոյց հրապարակեց, փաստագրելով կալանաւորների իրաւունքների բազմաթիւ խախտումներ եւ մեղադրելով Էրդողանի անվտանգութեան ուժերին՝ զինւորների խոշտանգումներին, սոված պահելուն եւ նոյնիսկ բռնաբարութիւններին մասնակցելու մէջ... Կալանաւորները նաեւ զրկւած էին իրենց փաստաբաններին հանդիպելու հնարաւորութիւնից:
Էրդողանը, իր քաղաքական հակառակորդներին վերացնելու մոլուցքով տարւած, պահանջել է Միացեալ Նահանգներից Թուրքիային արտայանձնել իր գլխաւոր մրցակից, իսլամական հոգեւորական Ֆաթօլլահ Գիւլէնին՝ մեղադրելով նրան յուլիսեան յեղաշրջման կազմակերպման մէջ: Էրդողանի համախոհները, ռասիստական մօտեցմամբ փորձեցին վարկաբեկել Գիւլէնին, մեղադրելով նրան նաեւ հայկական ծագում ունենալու եւ 50 տարի առաջ Պոլսոյ հայոց պատրիարքին Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող նամակ գրելու համար...
Ազդեցիկ Իրաւաբանների միջազգային յանձնաժողովը (ԻՄՅ) երկու զեկոյց է հրապարակել յուլիսի 18-ին եւ 21-ին՝ Էրդողանի վարչակարգի կոշտ միջոցները որակելով որպէս «կամայական եւ օրէնքի գերակայութեան հիմնարար սկզբունքին հակասող»: Աւելին, ԻՄՅ-ի գլխաւոր քարտուղար Վայդլեր Թէյլորը զգուշացրել է Թուրքիային. «Կան մարդու իրաւունքներ, որոնք երբեք չեն կարող սահմանափակւել, նոյնիսկ արտակարգ դրութեան ժամանակ, յատկապէս կեանքի իրաւունքը, խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի արգելանքը եւ կամայական ազատազրկման հիմնական տարրերն ու արդար դատաքննութեան իրաւունքը»:
Նախագահ Էրդողանը աւելի մեծ վնաս է հասցրել թուրք ժողովրդին, քան այսպէս կոչւած դաւադիրները՝ ձերբակալելով եւ աշխատանքից հեռացնելով 60 հազար զինւորականների, պետական պաշտօնեաների եւ այլ քաղաքացիական անձանց, դրանով իսկ տկարացնելով երբեմնի հզօր ռազմական ուժը եւ վտանգելով երկրի ապահովութիւնը:

Թարգմանութիւնը՝
ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։