Հա

Հասարակական

12/05/2013

altՀԱՏԻՍ

Հաստատ լսած կը լինէք, որ յաճախ ասւում է՝ «Ամէն բանի հինն էր լաւը»:
Ամէն բանի մասին չգիտեմ, բայց որ որոշների մասին այն հանճարեղ է հնչում՝ հաստատ...

Եւ, իհարկէ, որ սրա տակ չկայ նորի ու նորոյթի հետ խնդիրների «կոմպլեքս»: Ոչ էլ լիովին համաձայնել կարելի է այն մօտեցման հետ, որով մինչեւ իւրաքանչիւր նորոյթի հնանալը՝ դրա հետ գործ ունենալ չի ստացւում: Ուղղակի նախընտրածս թեման դէպի հին ու հնացած իրեր ու յիշողութիւններ ձգող ներքին մղում ունի: Յիշելով այն ժամանակների մատիտների ծայր կոտրող սրիչների ու հէնց իրենց՝ մատիտների բազմագործառոյթ բնոյթից՝ սկսած սեւ-սպիտակ հեռուստացոյցների ալիքը փոխող բլթակը պահելուց «վերջացրած» դրանց սրելուց բարձրացող փայտի անուշ բուրմունքով կարող են խօսել մեր յիշողութեան դարակների ջերմ անկիւններում իրերի վաստակած դիրքի մասին: Չպէտք է երկար շարունակել, որ ի յայտ գայ շարունակ թարմացող նոր ժամանակների ամենակարեւոր ձեռքբերման՝ հաղորդակցւելու եւ յարաբերութիւնների տեխնիկաների հասանելիութեան փաստը: Այս մասին միայն այսքանը, որ փորձէք՝ «յիշում էք ձեր առաջին հեռախօսազրոյցը» հարցով դիմել նոր սերունդին: Սա նրանց աչքին անիմաստ հարցադրում պիտի թւայ: Այնինչ, ընթերցողներից շատ-շատերի մօտ գուցէ եւ դրանով բացւի խօսափողի միւս կողմից լսած առաջին ձայնից մնացած ու դեռ զարմանքը զսպող յիշողութիւնը...
Մի խօսքով՝ անցել ենք հաղորդակցւելու եւ կապի տեխնոլոգիաների ժամանակաշրջան: Այս մասին մէկ այլ առիթով փորձ արւեց շօշափել ձեռքի հեռախօսների ու տիրոջ անհատականութեան միջեւ եղած կապը: Շրջան, որտեղ մարդիկ միմեանց հետ տեսնւում են այնպէս, որ կարծես էլ չպէտք է տեսնւեն: Այնպէս որ՝ երբ գործ ունես՝ «գրում» ես կամ շատ-շատը՝ զանգում: Անունն էլ կապի ու հաղորդակցւելու կամ հեշտ ասած յարաբերւելու դարաշրջան է: Ու ինքդ քեզ հնացած համարելով՝ արի ու հասկացիր սա... մի խօսքով՝ ինչպէս ասւում է «ի-մակներով (e_mail) ու SMS-ներով ուղարկւող ժպիտներն ու եահումասընջերային պատկերները այն չափերի մէջ չեն, որ հնարաւոր լինի այն ժամանակների ոգին փոխանցել:Ու այսքանից յետոյ՝ սկսում ես մտածել, որ գուցէ իրօք կապ կայ մի կողմից մեր ժամանակների պարսատիկների ու դասագրքերում մատիտով հերթականօրէն էջերի վրայ նկարած շարժապատկերների ու մի խօսքով՝ այդ ամէնն ապրած սերունդի եւ միւս կողմից այսօրւայ թւայնացւած ու նորօրեայ ԱՅՓԱԴԱՅԻՆ սերունդի արանքում բացւած ճեղքի ու կարճ կապած՝ հաղորդակցւելու ժամանակաշրջանում իրար չհասկանալու միջեւ: Որ նոյն թեման շարունակենք՝ կը դառնայ ծեծւած մտքերի ինքնապտոյտ: Փորձեմ խօսել միայն այս ինչ-որ տեղ թառածթափւած մտքերի հոսքի շարժառիթի մասին: Համբարձում էր: Դուրս էինք գնացել: Չնայած ոչ այդքան դուրս՝ «մարզաւան» էինք գնացել: Այդտեղ էլ կողքի սեղանից հնչեց «Ռադիօ»-իս մեկնարկային միտքը: Շրջւեցինք, քաղցրադէմ ու կեանքի տողերով լեցուն ճակատը արեւից փախցնել փորձող մի պապիկ կար նստած: Նայեցինք իրար: Ժպտացինք, ճակատի տողերին կարելի էր կարդալ՝ «դուք չէք տեսել..»: Հաստատ՝ նրա տեսածը ոչ, բայց որ անցումային շրջանում երկու կողմերից էլ որոշ բաներ տեսած կանք՝ հաստատ: Նրա տեսած գութանն ու երկանքը մեր իմացած դեկորատիւ շքեղութիւնը կարող է լինել միայն տան պատւաւոր անկիւնում: Երեւի մտքերի հետ էլ է նոյնը կատարւել, ինչպէս եւ ժպիտների, աչքն աչքին ուղղած հայեացքների համ ու հոտի, եւ մի խօսքով՝ յարաբերութիւնների նոր շրջան ենք մտել:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։