Հա

Հասարակական

10/11/2013

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Օգնել կարող ես՝ երբ գիտես ինչպէս

Արդէն հաւատալ էինք սկսել, որ սկաուտն իրօք միշտ պատրաստ է օգնել ուրիշներին, կամ, որ սկաուտն է, որ կարող է մտածել միւսների արժանապատւութեան եւ էլի նմանօրինակ շատ ու շատ այլ բաների մասին: Իմ այս «չսկաուտիս» դիրքերից նպատակ չունեմ քննութեան առնելու սկաուտական շարժումը, որի էութիւնը փաստացի կերպով նոյնպէս կարեւորում եմ միութիւնների ապագայ գործունէութիւնը երաշխաւորելու առումներով:

Կամ սկաուտին յարիր կեցւածք

ՀԱՏԻՍ

Արդէն հաւատալ էինք սկսել, որ սկաուտն իրօք միշտ պատրաստ է օգնել ուրիշներին, կամ, որ սկաուտն է, որ կարող է մտածել միւսների արժանապատւութեան եւ էլի նմանօրինակ շատ ու շատ այլ բաների մասին:
Իմ այս «չսկաուտիս» դիրքերից նպատակ չունեմ քննութեան առնելու սկաուտական շարժումը, որի էութիւնը փաստացի կերպով նոյնպէս կարեւորում եմ միութիւնների ապագայ գործունէութիւնը երաշխաւորելու առումներով: Սակայն, մի թեթեւ հայեացք նետելով սկաուտական աշխատանքների ինչպիսութեանն ու այն բանին, թէ սկաուտներն իրենց այսօրւայ ընկալումներով ոնց են իրականացնելու կամ իրականացնում դրանք, իմ համեստ կարծիքով կասեմ, որ կարելի է յստակօրէն արձանագրել, որ այսօրւայ սկաուտական միութիւնների ու բաժանմունքների արձանագրած թւային կորուստի համար պատասխանատու են հէնց իրենք՝ սկաուտական մարմինների ղեկավարներն ու պատասխանատուները յաճախ դրսեւորած իրենց չակերտեալ ընկալումների համար: Ասեմ: Վերջին շրջանում քիչ չեղան կողմնակի զրոյցները, որոնք բացւել եւ դեռ բացւում են պատանի սկաուտների ծնողների կողմից: Նրանց մտահոգութիւններն ուղղւած են յատկապէս սեփական երեխաների նկատմամբ կիրառւած «պատիժ» երեւոյթին: Օրինակներ նշելուց զերծ մնալով կը բաւարարւեմ միայն այսօրւայ երեխայի արժանապատւութիւնը չիմացաբար ոտնահարող մօտեցումներին: Այս մասին նոյնիսկ չեմ ցանկանայ նշելու ծնողների նկատառումները, համաձայն որի՝ արժանապատւութիւն չունեցող մարդն է, որ չի մտածում իր նշանակած պատժի ինչպիսութեան մասին: Ծնողների մտավախութիւնը ամբողջովին հասկանալի է, քանի որ իր ժամն ու ներուժը, եւ որ ամենակարեւորն է փորձառութիւնը կրտսեր ընկերոջը տրամադրած պատասխանատուն առնւազն պէտք է նախօրօք այս մասին զգուշացւած լինի:
Այնպէս թէ այսպէս, այսօրւայ հաշւարկներով, երբ բոլորը տեղեկացւած են իրենց իրաւունքների մասին, յատկապէս, երբ խօսքն անպաշտպան մնացող երեխայի ու պատանեակի մասին լինի, իւրաքանչիւր վարկաբեկող պատիժ կամ անհատականութիւնը վնասող արտայայտութիւն կարող է համարւել մանկան դէմ կիրառւած բռնութիւն: Ու առաւել զարմանալին այն է, որ այս բոլորը տեղի են ունենում նաեւ սկաուտական աշխատանքների քողն իր վրայ կրելով: Հարց է ծագում. ինչ նկատառումներով է որեւէ մէկը նշանակւում պատասխանատուի դերում: Միթէ նա իրաւունք ունի մէկընդմիշտ վերջակէտ դնելու որեւէ երեխայի միութենական կեանքին: Կամ միութիւնները միթէ իրենց պատասխանատու չեն համարելու այսօրինակ միջադէպերի դիմաց: Օրինակների առումով այս երեւոյթները հասցէատէրեր ունեն, որոնց մասին ընդգծումներով շարունակելն անիմաստ է:
Ինչեւէ, շատ չխորանանք: Վերադառնալով սկաուտական աշխատանքների երեւոյթին, նշենք, որ եղածը երեւոյթ է, որի լոյսի տակ ակնկալւում է տեսնել աւանգարդ մօտեցումներով հայեացքների ու նորարական շնչով լուծումների ներդրումներով գործելակերպ: Սակայն, կարծես թէ առկայ փաստերը խօսում են բոլորովին այլ իրավիճակի մասին: Մեր արած պատմութեան ծալքերը չպրպտելու նպատակով արձանագրենք, որ ոչ միայն մեր սկաուտական աշխատանքները (կամ ինչպէս հէնց այսօրւայ սկաուտականի պատասխանատուներն են բնորոշում այն կոչելով՝ «սկաուտի») առաջադիմական մտքեր չեն պարունակում, այլ հէնց տեղքայլող (չասելու համար յետադիմական) ու ժամանակավրէպ դարձած լուծումների շեմին են մօտենում: Ակամայից յիշում ես «միշտ օգնել ուրիշներին...»-ը, որի մասին հետքերը քեզ տանում՝ հասցնում են «օգնել կարող ես՝ երբ գիտես ինչպէս» բանաձեւին: Այնպէս, որ կարելի է կասկածել արդէն իրենց պատասխանատու հանգամանքներում գտած որոշ սկաուտների, որոնք դժւար թէ ընկալած լինեն, թէ ուր են գտնւում, եւ թէ ինչու են յայտնւել նման հանգամանքներում... սա կարող է անաւարտ պատմութիւն լինել: Իհարկէ, իրական սկաուտների յղած պատասխանները տեսնելու ակնկալիքով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։