Հա

Հասարակական

05/05/2013

altՀԱՏԻՍ

.... Առիթները մէկը միւսին յաջորդելով՝ եկան-գնացին, ու ժամանակը չհերիքեց պահի լայնքով տարածւելու:
Արդէն անտեսւելուն սովոր մամուլի ազատութեան օրը, որ շրջանցենք, ապա Աշխատաւորի օրը իւրովի մեկնութիւն ունեցաւ «Ալիք»-ի «Դիտանկիւն»-ով: Արամ Շահնազարեանի «Տօն՝ որը կարող է նաեւ վերացնել ժպիտը» յօդւածը եթէ ո՛չ նոր խօսք, այլ գոնէ նոր մօտեցում էր մայիսմէկեան իրանահայ տարբերակով առիթների նշելու կտրւածքով եւ ինչ-որ տեղ նաեւ առաջինը «աշխատանքի երեխայ» երեւոյթը բարձրաձայնելով:

Արձանագրենք, որ «աշխատանքի երեխայ» երեւոյթը, որի ուղղւածութեամբ էլ ծաւալւել էր յօդւածագիրը, մեր իրականութեան մէջ խօսում է նոր անւանումով, բայցեւայնպէս՝ աշխարհի հնագոյն «մասնագիտութիւններից» մէկի՝ ստրկութեան տեսակներից ամենալռողի՝ երեխաներին նիւթական շահերի նպատակով եւ բռնի կերպով աշխատանքի լծելու մասին:
Վերադառնալով ներկայ ժամանակները՝ հարկ կը լինի նշել, որ շատ յաճախ մեր իրականութեան մէջ աւանդաբար ձեւաւորւած ծնող-երեխայ յարաբերութիւնները ինչ-որ տեղ չեն համապատասխանում այն բոլոր նորմերին, որոնց պրիզման դրանք կը գնահատի բռնութիւն՝ երեխայի անձի նկատմամբ: Եւ իհարկէ որ սա թէեւ կարող էր լինել մեր զրոյցի հիմնական առանցքը, սակայն այն թողնելով մէկ այլ առիթի՝ կը բաւարարւենք միմիայն թւարկելով երեւոյթի սովորական թւացող կողմերը:
Միանգամից նշենք, որ «աշխատանքի երեխայ» հասկացութիւնը նոյնպէս իր իւրայատուկ ընկալումներն ունի արեւմտեան երկրներում, որոնք նոյնպէս պարզաբանումների կարօտ են մնում: Մէկը միւսից զատորոշելու համար՝ լաւ կը լինի նշել, որ յանուն աշխատանքի փորձի ձեռքբերման՝ աշխատանքի ընդունւելը նոյնը չէ, ինչ յանուն ապրուստը վաստակելունը կարող է լինել: Իսկ սրանց աւելացնենք նաեւ այն վերաբերմունքը, որին կարող է արժանանալ երեխան՝ այդ երկու տարբեր իրավիճակներում: Ու մի քիչ էլ, որ խորանանք, կը ստացւի սպասւող ձեւաւորւելիք հասարակութեան տեսքն ու ընկալումներն ու նորմաների անհամեմատ կոշտացման փաստը: Ահա թէ ինչու է կարեւոր նման հարցի բարձրացումը որպէս խնդիր՝ իր հասկացութեան ամենանուրբ ընկալումներով:
Խնդրի առկայութեան փաստացի օրինակների շփման գծում է յայտնւել վերոնշեալ յօդւածի հեղինակ Արամ Շահնազարեանը, ով իր ուսուցողական ոլորտներում հասցրել է արձանագրել փաստացի օրինակներ, որոնց մասին հասկանալի պատճառներով առաջարկում է խօսել վերապահումներով: Սակայն, փաստը մնում է փաստ, որ աշխատանքի այդ երեխաները ոչ միայն այլ ելք չեն տեսնում, այլեւ պատկան ընտանիքն ու ծնողները գուցէ նոյնիսկ պատկերացում չունեն, թէ արածն ինչպիսի պատասխանատւութիւն է պահանջելու կամ լաւագոյն դէպքում ինչ կարգի գնահատականի կարող է արժանանալ:
Առայժմ փորձենք չասելով՝ ասել միայն այսքանը, մինչեւ համապատասխան թղթակցութեան պատրաստումն ու թողարկումը... իսկ մինչ այդ արժէ մէկ անգամ եւս կարդալ եւ ծանրանալ «Տօն՝ որը կարող է նաեւ վերացնել ժպիտը» յօդւածի վրայ...

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։