Հա

Հասարակական

03/03/2013 - 10:35

altՀԱՏԻՍ

Դեռ չէր հասցրել վրան փոշի նստելու այն տեղեկատւութեանը, որը խօսում էր Երեւանի քաղաքապետարանի պաշտօնական կայքէջով (myyerevan.am) ուղիղ միացմամբ՝ Երեւանը տեսնելու հնարաւորութեան մեկնարկից, երբ եթերում յայտնւած հրապարակներից մաքրւեց Ազատութեանը: Այսպիսով՝ էկրանից քեզ դեռ «բարեւում» են Հանրապետութեան, Շառլ Ազնաւուրի, Սասունցի Դաւթի, Նժդեհի եւ էլի ուրիշ հրապարակներ, սակայն փետրւարի 18-ից՝ արդէն ո՛չ Ազատութեանը: Կէս կատակ, կէս լուրջ գրչիդ ծայրը յուշում է. «Ուր բարեւ կայ, այնտեղին՝ յաջող»:

Երեւոյթը գուցէեւ պատահականութեան արդիւնք է ե՛ւ ո՛չ՝ պատեհականութեան: Ինչ իմանաս, գուցէ գրչի ծայրը մէկ-մէկ էլ իր սրութեան անկիւնից է դատում: Այսպէս թէ այնպէս՝ տրամաբանութիւնը չի կարող շրջանցել Ազատութեան հրապարակում տիրող տրամադրութեանը: Չէ՞ որ այնտեղ մարդիկ միայն բարեւելու համար չէ, որ «բարեւելու» են դուրս եկել: Եւ այսպէս յետընտրական Հայաստանը զբաղւելու թեմա լինելուց բացի՝ իւրաքանչիւրիս յուզում է իր ամենաուղիղ իմաստով, այնպէս որ՝ եթէ մեր Սփիւռքեան կտրւածքով լրատւութեանը հետեւելու առիթները կրճատւում են եթեր դուրս եկած հեռուստաալիքների պահով, ծարաւը կարող է սկսւել յագենալ վիրտուալ եւ համացանցային լրատւական աշխարհում: «Գարունների» փորձը ցոյց է տւել, որ այստեղ քաղաքացին թէեւ պատասխանատու չէ, սակայն իրեն զգում է իր խօսքի տէրը կամ մեր լեզւով ասած՝ գտնւում է վստահելի անցքում: Նոյն փորձը ցոյց է տւել, որ հաղորդակցութիւնների «սիբեր» (սայբեր) դաշտում, այդպիսով, կասեցւում են հեռուստաալիքների ցենզուրայի ենթարկւելու ազդեցութիւնները:
Եւ անկախ այն բանից, որ երեւոյթը ժուռնալիզմի աշխարհում ինչպիսի որակում կարող է վաստակել, ոչ այնքան մանրակրկիտ ուսումնասիրութեան արդիւնքում՝ կարելի է պարզել, թէ ինչպիսի աճ եւ վստահութիւն են արձանագրել հայկական ընդդիմադիր աղբիւրները՝ համացանցում:
Սա կարելի է տեսնել առանց մեկնաբանութեանը կարօտ մնալու: Ու որպէսզի յօդւածս «բարեւի» տպաւորութիւն չթողնի՝ հարկ է արձանագրել, որ ո՛չ մի տեղ, ո՛չ մի բարեփոխում տեղի չի ունենում, եթէ այն ժողովրդի մօտ բջիջ առ բջիջ համոզում կամ կենսակերպ չի դարձել: Իսկ այսօր Հայաստանում այն դրսեւորւեց իր ամենատարածւած ու հասունացող լոյսի տակ:
Հրապարակների ասֆալտի վրայ պահանջատիրական դրսեւորումները ոչ թէ ուղղւած են ինչ-որ անձի դէմ, այլ՝ իրավիճակի, եւ այդ իրավիճակի խոնաւ ստւերի տակ բորբոսնած մականուններով չինովնիկների կամ օրը ցերեկով «բժիշկների գլուխ» ջարդողների ու բազմաթիւ այդօրինակ «ինչերի»: Ինչեւէ, ժողովրդի անունը շարունակ շաղ տալով, ուր ցանկութիւնն է թելադրում, այնքան էլ բանական խօսելաոճ չէ, սակայն քննադատւող կացութեան կայունութիւնը, ում որ ձեռնտու է, հէնց նրան էլ վստահւած է կացութեան վերարտադրումը... Այնպէս որ՝ պէտք է սպասել ու տեսնել, թէ այդ վերջինները ոնց պէտք է սեղմեն «բարեւի» մեկնած ձեռքը...

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։