Հա

Հասարակական

17/02/2013

altՀԱՏԻՍ

Անձրեւի տակ թրջւած ու մի քիչ «կտրող» օդին սառած տեղ ես հասնում, տաք գաւաթդ ափերումդ գրկած, տեղաւորւում ես ֆշշացող վառարանի կողքին...ու էլ տեղից չես շարժւում...
Կամ մէկ այլ տեսարանում՝ նայում ես քրտնած պատուհանին ու մանկանալու բուռն ցանկութիւն ապրում:

Մատներիդ ծայրը սառած ու արդէն թրջւած՝ ձեռքդ «տպում» ես լուսամուտի երեսին ու սկսում ես աշխարհը տեսնել «մատներիդ արանքից», ընդգծւած ու մեծ, մի խօսքով՝ տեսնում ես աւելին քան հնարաւոր էր «մատների արանքից» նայել:
Կարճ կապած՝ եթէ ժամանակին ասւել է՝ «քչի տակ երբեմն աւելի շատ բան կայ» սկսում ես մարմնաւորել այն հէնց քո ներկայիդ ամենատեղական կտրւածքով:
Նոյն «նեղ» տարածութեան եթերում տեղափոխւում ես եկեղեցու բակ, ու տեսնում՝ կրակի մօտ հաւաքւած ու թոռնիկների ձեռքը բռնած տատիկ-պապիկներին եւ ջերմութիւնից պատառիկներ քաղած ու կրակը տուն տանող մարդկանց:
Նրանցից իւրաքանչիւրը կարող է այն գեղեցկութեան մասնիկն ու շունչը լինել, որը կարելի է նկատել, երբ ցանկութիւնը լինի նկատելու: Բան, որի վաղեմի թշնամիներից է քաղաքային՝ քառակուսի ապրելակերպը:
Աւանդոյթները ինչքանով որ կարող են անհրաժեշտութիւն չթւալ, նոյնքանով կարող են գեղեցկացնել կեանքը, պարզապէս պէտք է սերմանել ցանկութիւն՝ գեղեցկութիւնը կենցաղային զամբիւղ մտցնելու համար:
Այս բաժինը կաւարտեմ այն խոստովանութեամբ, որ երբ զգում ես, որ գրիչդ արագաշարժ է դարձել, դա գուցէ նրանից է, որ սկսել ես դանդաղ մտածել:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։