Հա

Հասարակական

03/02/2013 - 10:33

altՀԱՏԻՍ

Յաճախ «թողարկւելուց» յետոյ ինքս էլ եմ ինձ մեղադրում հարցերը իրար խառնելու եւ մի խօսքով՝ մէկի պատասխանը միւսում տեսնելու մէջ:
Նոյնպէս, ինչպէս յաճախ ցանկանում եմ մտովի նկատածս «իրերի» իրար ձգող կապը թարգմանել, սակայն (երեւի գրչիս տկարութեան բերումով) այն մնում է օդում կախւած, բայց ինչ-որ տեղ նաեւ նկատելի (ընթերցողի գիտակցութեան հաշւին):

Շատ չերկարեմ, որպէսզի այդ կիսատ կապն էլ չկտրւի. անցնենք առաջ:
Եւ այսպէս՝ նորից է գալիս մշակութային փառատօնը, ասմունք, երգ ու երաժշտութիւն, մի խօսքով՝ մեր իմացած ձեւաչափով՝ մրցառիթ՝ երեխաների համար: Սա առիթ էր խօսելու մի այնպիսի թեմայի շուրջ, որի մասին երկար ժամանակ մտմտացել, բայց ականջի յետեւ եմ գցել:
Չխզելով մտքի թելը՝ ընդգծեմ մի կարեւոր փաստ եւս՝ կապւած մեր (տեղական իմաստով) ժողովրդի ընթերցանութիւնից կտրւելուն կամ այդ մասին մեր իմացած համեստ ցուցանշի հետ:
Քանի բալիկս աւելի փոքր էր կամ ինչպէս նրան էինք կոչում՝ «իկ», վերջաւորութեամբ, հեշտ էր գտնել այսպէս ասած՝ մանկական ոտանաւորներ, մի խօսքով՝ կար ընտրութեան համար լայն հնարաւորութիւն:
Իսկ մեծանալուն պէս (հիմա արդէն այդ «իկ»-ը նրան վիրաւորական է թւում), իսպառ վերացաւ նաեւ այդ «լայն հնարաւորութիւն» կոչւածը: Այնպէս որ՝ դժւարանում ես գտնել պատանու ընկալմանն ու ներաշխարհին համապատասխան հայերէնով գրականութիւն:
Թերեւս արժէ այս մասին մի փոքրիկ զուգահեռ անցկացնել: Վերցնենք Համաշխարհային գրաշուկայ կոչւած հարթակը. այնտեղ բարձր ցուցանշով սանդղակներից եթէ ոչ առաջինը, գոնէ երկրորդը երկար ժամանակ զբաղեցրել է ոչ պակաս, ոչ աւել պատանի ընթերցողներին հետաքրքրած Ջ. Ք. Ռոլինգզի «Հարի Փաթերեան» պատմւածքաշարը:
Անուններն ու շուկայական քաղաքականութիւնը մի կողմ թողած՝ օրինակը նշելու ցանկութիւնը այն գաղափարի էութեան մասին խօսելն էր, որով երաշխաւորւում է մանուկ ընթերցողին եւս իր պատանի հասակում սնել համապատասխան գրականութեամբ եւ, բնականաբար, նրան անպակաս տեսնել նաեւ հասուն հասակում՝ գրքերի աշխարհում:
Ճիշտ է, իդէալական է հնչում, չնայած կարելի է համոզւած լինել, որ լաւ է ունենալ իդէալներ կամ նոյնիսկ երազանքներ, քան ասենք ողջ «գրքի տարի» կոչւած առիթը փախցնելով՝ շարժւել ընդհանրապէս անհեռանկարային ուղղւածութեամբ, էլ չասենք՝ անվերադարձ ծախսերի մասին:
Այսքանից յետոյ, չունենք (չգտայ) պատանիներին հասկանալի, ընկալելի, եւ որ ամենակարեւորն է՝ չբռնացող (նաեւ խրատներ կարդալու առումով) ոչ բանաստեղծութիւն, ոչ էլ բանաստեղծների:
Ով գիտէ, գուցէ մի քանի անուն ի յայտ գայ ու սիւնակիս ականջին էլ հասնի բացւած այս  առիթի առիթով, սակայն գերխնդիրը կը մնայ այն անօթի մնացած փոսը, եթէ երեխան սկսած իր պատանեկութեան շրջանից՝ գիրքը միայն ճանաչի դասագրքային հոգեբանութեամբ: Մի բան, որը շարունակում ենք չնկատել, չմտածել...
Իսկ արդէն «իկ»-երից զայրացող մեր մասնակցի բախտը  թեթեւակի բերեց, քանի որ լուրջ մեծերն էլ են մէկ-մէկ թեւ տալիս ներքին մանկանն ու մի խօսքով՝ «շաքարոտում» տողերն ու տաղերը...
Փառատօնը՝ փառատօն, գրականութիւնը կը դադարի շնչել, եթէ դրա արտաշունչը չդառնայ  ընթերցողի շունչը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։