Հա

Մարզական

13/03/2012 - 11:16

Հանդիպում՝ Իրանում աւանդական կարատէի ոճով պարապող միակ խմբի հետ «Րաֆֆի» համալիրի յարկի տակ

alt

«ԱԼԻՔ»- Վերջին շրջանում թերթով յաճախ է կատարւել լրատւութիւն, որոնք անդրադառնում էին Հայաստանից Իրան ժամանած արեւելեան մարտարւեստի գծով աշխատող խմբերին: Այս նոյն այցելութիւնների լոյսի տակ գոյացել են կապեր ու յարաբերութիւններ, որոնցից մէկի մասին իմացանք բոլորովին վերջերս «Րաֆֆի» համալիր կատարած այցելութեան ժամանակ:

Խօսքը նոյն միութեան յարկի տակ արդէն շուրջ 15 տարի շարունակ աշխատող կարատէի խմբի մասին է:
Խումբն աշխատում է Հայաստանի կարատէի ֆոթոքան (աւանդական կարատէ) ֆեդերացիայի գլխաւոր սենսէյ Կարէն Աւետիսեանի տւած ուղղութիւններով: Խումբ, որը կազմաւորւել է ընտանեկան յարկի տակ, ապա ընդարձակւել եւ հանգրւան է գտել «Րաֆֆի»-ի մարզասրահներից մէկում:
Ընտանեկան այդ օղակը դեռ շարունակում է մնալ խմբի կորիզը, որն էլ «Մարզական էջ»-ի կատարած այս ասուլիսի հիմնական խթանն էր:
Մեր այս հանդիպումը տեղի ունեցաւ «Րաֆֆի»-ում, որտեղ ասուլիսը կատարւեց խմբի պատասխանատու-սենսէյ Լեւիկ Նազարեանցի հետ:

Հ.- Սկսենք ամենասկզբից: Ինչպէս եւ որտեղ սկիզբ առաւ խումբ կազմելու այս գաղափարը:
Պ.- Սրանից շուրջ 18 տարի առաջ, մեր բակում, եղբօրս ու քրոջս հետ միասին սկսեցինք պարապել մեր առաջին մարզիչ Զաւէն Առաքելեանի հսկողութեամբ:
Այս շրջանը տեւեց շուրջ 8 տարի: Մեր այդ կազմը ընդարձակւել եւ արդէն խումբ էր դարձել, երբ պակասել սկսեցին մեր հանդիպումները՝ Զաւէնի հետ՝ նրա բազմազբաղութեան պատճառով:
Այսպիսով՝ խումբն իր պարապմունքները տեղափոխեց «Րաֆֆի»:

Հ.- Ինչպէ՞ս կայացաւ սենսէյ Կարէն Աւետիսեանի հետ Ձեր հանդիպումը:
Պ.- Նախ նշեմ, որ Կարէնը Կովկասի շրջանի ֆոտոքան կոնֆեդերացիայի ղեկավարն է, ինչպէս նաեւ Հայաստանի աւանդական կարատէի ֆեդերացիայի հիմնադիրը:
Կարէնը իր աշխատանքները ընդլայնելու նպատակով՝ սկսել էր տարածւել Հայաստանի շրջակայ երկրներ եւ, բնականաբար, Սփիւռք ունեցող Իրան: Մեզ գտել էր ինչ-որ ծանօթի միջոցով: Մի օր էլ փորձի պահին ինքը կարատէի համազգեստով ներս մտաւ դահլիճ: Նրա սեւ գօտին տեսնելով, ի նշան յարգանքի, պատւի առանք: Ծանօթացաւ մեր կարատէի ոճին եւ առաջարկեց ամէն բան սկսել սկզբից, որպէսզի հիմքը աւելի ճիշտ դրւի: Եւ այսպիսով՝ կայացաւ համաձայնութիւն՝ խմբի եւ նախկին սենսէյի միջեւ եւ ամէն բան սկսւեց սկզբից՝ ֆոթոքան կարատէի ուղղւածութեամբ:
Յաջորդ օրւանից կապեցինք մեր սպիտակ գօտիներն ու անցանք գործի...

Հ.- Ինչքանով էր էական գօտու գոյնը:
Պ.- Կարող է ընդհանրապէս էական չլինել, քանի որ սենսէյ Զաւէնի օրօք եւս երկար տարիներ սպիտակի տակ էինք պարապել...

Հ.- Ի՞նչն էր պատճառը, որ ամէն բան սկսեցիք սկզբից:
Պ.- Կային որոշ շարժումներ, որոնց հիմքը ճիշտ չէր դրւած: Մի խօսքով՝ պէտք էր նախ քանդել սխալը, որպէսզի հնարաւոր լինի վերակառուցել շարժումը:

Հ.- Իսկ քանի՞ տարի է, ինչ խումբը շնչում է կարատէի այս ուղղութեամբ:
Պ.-...Շուրջ 10 տարի: Եղբայրս աշխատանքի բերումով վնասւածք ստացաւ եւ շուրջ վեց տարի հեռու մնաց մարզումներից, եւ ես այս ընթացքում ստանձնեցի խմբի պատասխանատւութիւնը:

Հ.- Մրցակցային ռինգերում կա՞ն արդեօք գրանցւած յաջողութիւններ՝ խմբի հաշւին:
Պ.- Թողէք պատասխանեմ այսպէս, որ Իրանի կտրւածքով մեր խումբը միակն է, որ զբաղւում է ֆոթոքան կարատէով: Եւ այդ իմաստով չկայ մրցակցելու կամ կոմիտէի մասնակցելու առիթ: Իհարկէ, տարբեր առիթներով ցուցադրական ելոյթներ կազմակերպել են հէնց «Րաֆֆի»-ի յարկի տակ կամ Համադպրոցական խաղերի բացման հանդիսութեան ժամանակ:

Հ.- Քանի՞ տարի է, ինչ «Րաֆֆի»-ի յարկի տակ էք անցկացնում Ձեր պարապմունքները:
Պ.- Շուրջ 15 տարի:

Հ.- Այսքանից յետոյ՝ միութեան կողմից պահանջներ չկա՞ն մրցոյթների մասնակցելու կամ մեդալներ բերելու գծով:
Պ.- Չեն եղել, կամ էլ եթէ կայ նման սպասելիք, առիթը չկայ, քանի որ չկայ մրցաբեմ դուրս գալու ոչ մի հնարաւորութիւն:

Հ.- Ներկայ կազմը քանի՞ հոգուց է կազմւած:
Պ.- 23 հոգուց:

Հ.- Կը ներկայացնէ՞ք «ընտանիքի» այս կազմը:
Պ.- Նորիկ Նազարեանց, Անի Նազարեանց, Ժասմէն Նազարեանց, Այիդա Յարութիւնեան, Վանայ Ղարիբեան, Ամարաս եւ Զեփիւռ Նազարեանցներ եւ ես՝ Լեւիկ Նազարեանց:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։