Հա

Մարզական

13/03/2012

Դիւրութիւններ են ստեղծւել Նոր Ջուղայում կայանալիք Գարնանային խաղերին մասնակցող մարզիկների համար

altՀ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութիւնը 36-րդ շրջանի Համադպրոցական խաղերի նախապատրաստական աշխատանքները լաւապէս կազմակերպելու նպատակով, Մրցութիւնների գործադիր յանձնախմբի կազմութիւնից յետոյ, Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ Արբի Սարգսեանի ու Մարզական միութեան վարչութեան նախագահ Սեպուհ Անդրէասեանի հետ համատեղ արդէն երկու հանդիպումներ է ունեցել Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի հետ, որոնցից մէկը եղել է դպրոցների ծնողական խորհուրդների հետ: Դրանցից բացի՝ յանձնախումբը առանձին հանդիպում է ունեցել դպրոցների մարզական պատասխանատուների եւ ծնողական խորհուրդների ներկայացուցիչների հետ:

Համադպրոցական մրցութիւնների Գործադիր յանձնախմբի նախագահ Արբի Զոհրաբեանը Հանրային կապի հետ ունեցած զրոյցի ընթացքում յստակեցրեց նաեւ, որ այդ հանդիպումների նպատակը առաւելաբար աշակերտների մասնակցութեան եւ ծնողների հետաքրքրութիւնը շարժելու անհրաժեշտութիւնից է ծագել՝ առաւել մասնակցողներ ապահովելու եւ խաղերն աշխուժացնելու նպատակով: Նրա տեսակէտով՝ նման աշխատանքներին մասնակցողների թւի իջեցումը պատճառ է դառնում, որ իջեցւի նաեւ խաղերի մակարդակը: «Մենք մեր ամբողջ ջանքը ի գործ ենք դրել՝ այս շրջանի խաղերի բարձր որակն ապահովելու նպատակով»:
altԱրբի Զոհրաբեանն աւելացրեց, որ այդ հանդիպումների ընթացքում արծարծւեցին մասնակցողների նիւթական դժւարութիւնները, որոնք առաւելաբար առնչւում են մարզիկների հագուստներին, որի պատճառով՝ փորձեցինք համոզել նրանց, որ բարձր գումարներ չծախսեն դրանց համար եւ բաւարարւեն ոչ շատ որակեալ եւ թանկարժէք մարզական հագուստներով, դրանք լինեն՝ տողանցքի եւ կամ մրցումների ընթացքում օգտագործւող մարզական հագուստները: «Մեզ համար կարեւորը՝ մրցութիւններին աշակերտների մասնակցելը եւ տարբեր դպրոցների աշակերտ-աշակերտուհիների միմեանց հետ շփւելն ու ընկերական ջերմ ու առողջ մթնոլորտում առողջ յարաբերութիւններ ապահովելն է»:
Նա աւելացրեց նաեւ, որ, դժբախտաբար, որոշ ծնողներ շատ էլ հետաքրքրւած չեն այս հարցով, ու այդ պատճառով էլ՝ ծնողական խորհուրդները դժւարանում են մասնակցող աշակերտների կամ խմբերի յստակ թիւ փոխանցել յանձնախմբին:

Գարնանային խաղերի պարագան

Նկատի ունենալով Նոր Ջուղայի «Արարատ» միութեան Գարնանային խաղերի պարագան, որը համընկնում է Հ.Մ.Ա.Կ.-ի Համադպրոցական խաղերի կազմակերպման հետ, հարցնում ենք թէ՝ սա ինչքանով է խանգարում Համադպրոցական խաղերին՝ Արբի Զոհրաբեանն ասում է. «Սա նախկին շրջաններից եկած մտահոգութիւն է: Այս մտահոգութիւնը եւս փարատելու համար, Մարզական միութեան առաջարկով, որոշւեց մրցութիւնների բացումը կատարել մարտի 14-ին (էսֆանդի 24) եւ աւարտել մարտի 20-ին (ֆարւարդինի 1)՝ վեց օր տեւողութեամբ: Նոյնպէս՝ միջնակարգ օղակի մրցութիւններն աւարտել մարտի 17-18-ին (էսֆանդի 27-28), որպէսզի ողջերթ մաղթենք այն աշակերտներին, որոնք պիտի մասնակցեն Նոր Ջուղայի Գարնանային խաղերին, որոնք սկսւում են մարտի 19-ից (էսֆանդի 29), բայց կարծես այս ելքը նոյնպէս չի ազդում կացութեան վրայ:
Արբի Զոհրաբեանը շարունակում է. «Ընդհանրութեան մէջ, ուրիշ ակնոցով պիտի դիտել Համադպրոցական մարզական խաղերը, պէտք է նոր ձեւ մշակել, մարզաձեւերը փոփոխութեան ենթարկել, թէեւ անհատապէս հաւաքական խաղերի կողմնակից եմ, սակայն նկատի ունենալով իրավիճակը՝ կարծում եմ աւելի շատ պիտի կենտրոնանալ անհատական մրցութիւնների վրայ: Այս մտահոգութիւնը փոխանցել ենք Կենտրոնական վարչութեանը եւ յաջորդ տարիների համար պիտի Կրթական խորհրդի հետ համատեղ հանդիպումներ ունենանք՝ նոր ելքեր գտնելու նպատակով:
«Աւելի շատ կը ցանկանայինք, որ Կրթական խորհուրդը առաւել հետաքրքրութիւն ցուցաբերէր Համադպրոցական խաղերի նկատմամբ եւ իր խորհուրդներով աջակցութիւն ցուցաբերէր կազմակերպողներին՝ սերտ կապեր ստեղծելով ծնողական խորհուրդների ու ծնողների հետ եւ կարեւորել այս տեսակ մրցութիւնները, որոնց առանցքը մեր դպրոցի աշակերտ-աշակերտուհիներն են»:

alt

Նոր մարզաձեւեր

36-րդ շրջանի Համադպրոցական մրցութիւններում, անցնող տարիների նման, աշակերտները մրցելու են՝ ֆուտբոլ, բասկետբոլ, շախմատ, պինգ-պոնգ, վազք եւ տասնամարտ՝ (տարրականների համար): Իսկ այս տարի աւելացւել է բռնցքամարտը, եւ վալիբոլի պարագայում էլ եթէ ամբողջական խումբ չկազմւի, կարելի է քիչ թւով մարզիկներով մինի վալիբոլ կազմակերպել, ինչպէս նաեւ ժայռամագլցումը եւս աւելացել է խաղերին:
«Այս շրջանում եւս տեղի է ունենալու ասմունքի մրցութիւն, որը թէեւ մշակութային աշխատանք է, սակայն յարմար եւ անհրաժեշտ է մարզանքի կողքին ունենալ նաեւ մշակութային աշխատանք ու այս բնագաւառում եւս ընտրել եւ գնահատել լաւագոյններին:
«Արձանագրութիւնները, անցեալ տարիների նման, կատարւել են համացանցի միջոցով՝ դպրոցի կողմից, աշակերտներից ստացած տեղեկութիւնների ու տւեալների հիման վրայ:
«Այս տարի եւս, անցնող տարիների նման, Կրթական խորհրդի համագործակցութեամբ ու հաստատումով՝ ոչ-հայկական դպրոցներ յաճախողները եւս մասնակցելու են խաղերին՝ «Աբովեան» անւան ներքոյ: Այս առիթով էլ Կրթական խորհուրդը կարող է մեծ դերակատարութիւն ունենալ, քանի որ բարենպաստ առիթ է, որպէսզի ոչ-հայկական դպրոցներ յաճախող հայ երիտասարդ-երիտասարդուհիները կարողանան աւելի սերտ շփումներ ու կապեր ունենալ համայնքի հայ երիտասարդութեան հետ:
Մասնակցող հայոց դպրոցների կապակցութեամբ պիտի ասենք, որ, դժբախտաբար, մի շարք դժւարութիւնների պատճառով՝ «Յ. Թովմասեան», «Նայիրի» տղայոց ուղեցոյց եւ «Ա. Սողոմոնեան» միջնակարգ դպրոցները չեն մասնակցելու խաղերին: Նկատելի է պատասխանատուների չհամագործակցելը եւ զգալի է երեխաների ցանկութիւնը՝ խաղերին մասնակցելու համար: Կարելի է ազգային մարմինների հետ կապեր հաստատելով՝ դիւրութիւններ ստեղծել մեր երեխաներին խաղերից չզրկելու համար, սակայն ամենահեշտ միջոցը ոչ ասելն է:
«Յամենայն դէպս՝ նիւթական պատճառը չի կարող արդարացնող լինել՝ չմասնակցելու համար, քանի որ կան խմբերի հովանաւորներ ու բարերարներ, որոնք կարող էին օգտակար հանդիսանալ դպրոցական մարզական խմբերին:
«Անկախ այս մերժող դպրոցներից՝ 36-րդ շրջանի Համադպրոցական մրցութիւններին մասնակցելու համար արձանագրւելով՝ մինչեւ ներկայ պահը մասնակցում են 450 աշակերտ-աշակերտուհիներ»:
Նկատի ունենալով, որ խաղերը նւիրւած են Հայ գրքի տարւան, յանձնախմբի նախաձեռնութեամբ նախատեսւում է կազմակերպել գրքի ցուցահանդէսներ՝ ամբողջ մրցութիւնների ընթացքում:
Յանձնախմբի նախագահը վերջում շեշտել է, որ այսպիսի միջոցառումներին մեծապէս կարող են նպաստել աշակերտութեան ծնողները՝ իրենց զաւակներին խրախուսելով մասնակցել մի այսպիսի համահայկական մեծ համախմբմանը, որը մարզականից բացի՝ ունի նաեւ դաստիարակչական կողմ:

Հայ մշակութային
«Արարատ» կազմակերպութիւն

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։