Մայիսի 31-ին Շւէյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիոն» մարզադաշտում տեղի ունեցաւ Ալժերիայի եւ Հայաստանի ազգային հաւաքականների միջեւ ընկերական հանդիպումը: Խաղն աւարտւեց 3-1 հաշւով՝ յօգուտ Ալժերիայի հաւաքականի:
Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Բեռնար Շալանդը մի շարք փորձարկումներ կատարեց, որոնք բացասական ազդեցութիւն ունեցան արդիւնքի վրայ:
Փորձարկումներն արդիւնք չտւեցին
«armsport.am» - Մայիսի 31-ին Շւէյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիոն» մարզադաշտում տեղի ունեցաւ Ալժերիայի եւ Հայաստանի ազգային հաւաքականների միջեւ ընկերական հանդիպումը: Խաղն աւարտւեց 3-1 հաշւով՝ յօգուտ Ալժերիայի հաւաքականի:
Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Բեռնար Շալանդը մի շարք փորձարկումներ կատարեց, որոնք բացասական ազդեցութիւն ունեցան արդիւնքի վրայ: Անօգնական տեսք ունէր յատկապէս պաշտպանութիւնը, որը մրցակցի իւրաքանչիւր գրոհի ժամանակ գրեթէ կազմաքանդւում էր:
Հայաստանի հաւաքականն առաջին խաղակէսում երեք գնդակ ընդունեց սեփական դարպասը, ինչից յետոյ խաղի ելքն արդէն վճռւած էր: Խաղի հաշիւը 13-րդ րոպէում բացեց Էսեդ Բելկալեմը: Ընդամէնը 8 րոպէ անց՝ 21-րդ րոպէում այն կրկնապատկեց Նաբիլ Գիլասը, իսկ 41-րդ րոպէում Իսլամ Սլիմանին երրորդ գնդակն ուղարկեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակէսի հէնց սկզբում՝ 47-րդ րոպէում փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովին յաջողւեց կրճատել հաշիւը:
Խաղի աւարտից յետոյ՝ Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Բեռնար Շալանդն ասաց. «Ես արդէն ասել եմ, որ Ալժերիայի հաւաքականը լաւ թիմ է եւ կարծում եմ, որ այս խաղը շատ կարեւոր էր մեզ համար: Պէտք է ընդունենք այն, պէտք է ճիշտ հետեւութիւններ անենք: Մենք խաղացինք շատ լաւ թիմի դէմ: Իհարկէ, աւելի լաւ է յաղթել կամ խաղալ ոչ-ոքի: Թիմը չընկճւեց 3-0 հաշւից յետոյ, ինչը դրական միտում է: Պէտք է շարունակել աշխատել: Ես տեսնում եմ, որ թիմը ուզում է աշխատել, ուզում է սովորել»:
Յատկանշական է, որ խաղի ընթացքում վնասւածք ստացաւ Հայաստանի ազգային հաւաքականի առաջատար ֆուտբոլիստներից Արազ Օզբիլիսը:
Վնասւածքի պատճառով՝ նա կարող է երկար ժամանակ չխաղալ: Դեռ չի հաստատւել, սակայն առաջին կասկածներով՝ Օզբիլիսը ծնկի խաչաձեւ կապանների վնասւածք է ստացել: Նման վնասւածքների ապաքինման համար նւազագոյնը պահանջւում է վեց ամիս:
Յիշեցնենք՝ յունիսի 6-ին Հայաստանի ազգային հաւաքականը Գերմանիայի Մայնց քաղաքում կը հանդիպի աշխարհի առաջնութեան յաղթողի գլխաւոր յաւակնորդներից մէկի՝ Գերմանիայի ազգային հաւաքականի հետ: