Հա

Մարզական

Շաբաթ, 12 Նոյեմբերի 2016 09:20

Ադրբեջանը շուտով կը հրաժարւի եւս մէկ ծախսատար միջազգային մրցոյթ անցկացնելուց

Ադրբեջանը, հաւանական է, կը հրաժարւի «Ֆորմուլա 1»-ի աւտոարշաւի մրցոյթների անցկացումից 2018-ից յետոյ: Պատճառը ֆինանսական միջոցների սղութիւնն է:
Բաքուն միակ մայրաքաղաքը չէ, որ պատրաստւում է հրաժարւել թանկարժէք եւ, հիմնականում, եկամտաբերութեան տեսանկիւնից չարդարացւած աւտոարշաւի անցկացման ֆինանսաւորումից:

ՆԻԿՈԼԱՅ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ


Ադրբեջանը, հաւանական է, կը հրաժարւի «Ֆորմուլա 1»-ի աւտոարշաւի մրցոյթների անցկացումից 2018-ից յետոյ: Պատճառը ֆինանսական միջոցների սղութիւնն է:
Բաքուն միակ մայրաքաղաքը չէ, որ պատրաստւում է հրաժարւել թանկարժէք եւ, հիմնականում, եկամտաբերութեան տեսանկիւնից չարդարացւած աւտոարշաւի անցկացման ֆինանսաւորումից: Ըստ «Grandprix.com» կայքի աղբիւրների՝ նման յայտերով հանդէս կը գան նաեւ Ռուսաստանը, որը պէտք է հիւրընկալէր մրցոյթը 2017-ի ապրիլին Սոչիում, Մալազիան, Կանադան եւ մի քանի այլ երկիր:

Ս. թ. մայիս ամսին Բաքուն մեծ շուքով անցկացրեց «Baku City Circuit» անունը ստացած «Ֆորմուլա 1»-ի արշաւը, եւ ինչպէս նախորդ ծախսատար եւ ճոխութեամբ աչքի ընկնող միջազգային մրցոյթները, այս մէկը եւս բացի մի քանի վճարւած գովազդային նիւթերից «CNN»-ով եւ այլ առաջատար ԶԼՄ-ներով, այլ տեսանելի արդիւնքի չհասաւ:
Բաքւի մի քանի փողոցների ասֆալտապատման փոխարէն միջազգային առաջատար ԶԼՄ-ների եւ իրաւապաշտպան կազմակերպութիւնների ուշադրութիւնը գրաւեցին կենտրոնին յարակից շրջաններում տիրող աղքատութիւնը, մարդու իրաւունքների սահմանափակումները եւ հարիւրաւոր քաղբանտարկեալները:
«Amnesty International»-ը կոչ արեց «Ֆորմուլա 1»-ի ղեկավարութեանը չտրւել Ադրբեջանի դիկտատորի գովազդային արշաւին, իսկ մի շարք ակտիւիստներ սկսեցին «Սպորտը յանուն իրաւունքների» օնլայն արշաւը՝ վեր հանելով այդ երկրում բռնաճնշումների մինչ այդ պատշաճ ուշադրութեան չարժանացած դրւագներ:
Այժմ աւելի ակնյայտ է դառնում այն, ինչ տարիներ առաջ կանխատեսւում էր. հեշտ եկամուտներից զրկւող Ալիեւը յայտնւում է ցայտնոտի մէջ, քանի որ նաւթի բարձր միջազգային գների տարիներին բացի սեփական ընտանիքի հարստացումից եւ ռազմական բիւջէով հպարտանալուց, տնտեսական աճի կամ գոնէ կայունութիւն ապահովող իրական հնարաւորութիւններ չեն ստեղծւել:
Ապրիլին Լեռնային Ղարաբաղի դէմ սկսւած ագրեսիան՝ ուղեկցւած ռազմական յանցագործութիւններով, միայն միջոց էր երկրի ներքին խորը խնդիրներից հասարակութեան ուշադրութիւնը շեղելու եւ միջազգային հանրութեանը շանտաժի ենթարկելու համար, որը թերեւս ունեցաւ միայն մասնակի յաջողութիւն, քանի որ նախորդ տարիների իներցիայով առաջատար երկրները դեռեւս լուրջ են վերաբերւում ադրբեջանական նաւթի գործօնին:
Պատերազմից մէկ ամիս անց «Ֆորմուլա 1»-ի անցկացումը 2006-ից սկիզբ առած «panem et circenses» (հաց եւ տեսարաններ) քաղաքականութեան մի մասն էր, որը, փաստօրէն, սպառւում է՝ ֆինանսական միջոցների բացակայութեան պատճառով:
Թէ ինչով Ալիեւը կը կարողանայ շեղել սեփական ժողովրդի ուշադրութիւնը ներքին խնդիրներից՝ մնում է հարցերի հարցը, բայց ակնյայտ է, որ աւելի պակաս գումարներ ստացող լաբբիստները՝ ԵԽԽՎ-ից մինչեւ Վաշինգտոն, այլեւս չեն կարողանալու մատուցել «all inclusive» ծառայութիւններ եւ չէզոքացնել իրաւապաշտպանների ձայնը:
Արդեօք Ալիեւը կընտրի Լեռնային Ղարաբաղի դէմ նոր պատերազմի ճանապարհը՝ նոյնպէս պարզ չէ՝ յատկապէս ապրիլեան պարտութիւնից յետոյ, նոյնիսկ առանց հաշւի առնելու հայկական զինւած ուժերի նոր ռազմավարական նշանակութեան ձեռքբերումները:
Ինչպէս վերջերս նկատել են հեղինակաւոր մի շարք վերլուծաբաններ, այդ թւում բրիտանացի Թոմաս դէ Վաալը՝ Ադրբեջանը մտնում է անկայունութեան եւ անկանխատեսելիութեան նոր փուլ, եւ միջազգային խաղացողները պէտք է այլեւս վերաբերւեն Ալիեւին՝ որպէս անյուսալի բռնապետի, ում այլեւս պէտք չէ պաշտպանել սեփական ժողովրդից:

«panorama.am»

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Իրաքեան Քուրդստանին հասնել անկախութեանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։