Հա

Մարզական

Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2016 09:20

Հենրիխ Մխիթարեան.- «Միշտ պայքարում եմ՝ իմ նպատակին հասնելու համար»

Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը ծաւալուն հարցազրոյց է տւել ՀՖՖ-ի պաշտօնական կայքին: Հարցազրոյցը տեղի է ունեցել Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումից առաջ՝ Հայաստանի ազգային հաւաքականի մարզական հաւաքի ընթացքում, հետեւաբար չէր կարող ընդգրկել հարցեր հանդիպման մասին: Հենրիխը խօսել է կարիերայի տարբեր փուլերի, ազգային հաւաքականի եւ ակումբային գործերի մասին:

«168.am» - Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը ծաւալուն հարցազրոյց է տւել ՀՖՖ-ի պաշտօնական կայքին: Հարցազրոյցը տեղի է ունեցել Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումից առաջ՝ Հայաստանի ազգային հաւաքականի մարզական հաւաքի ընթացքում, հետեւաբար չէր կարող ընդգրկել հարցեր հանդիպման մասին: Հենրիխը խօսել է կարիերայի տարբեր փուլերի, ազգային հաւաքականի եւ ակումբային գործերի մասին:

 

- Հենրիխ, ի՞նչն էր քեզ ամենից շատ գրաւում ֆուտբոլում, երբ երեխայ էիր:
- Ինձ ոգեշնչողը հայրս էր, ես երազում էի դառնալ նրա նման ֆուտբոլիստ:


- Որո՞նք են լաւագոյն յիշողութիւններդ այն տարիներից, երբ նոր էիր սկսում ֆուտբոլային կարիերադ «Փիւնիկ»-ում:
- Ես 7 տարեկան էի, երբ սկսեցի մարզւել «Փիւնիկ»-ում: Ես շատ երջանիկ էի, երբ հետագայում միացայ «Փիւնիկ»-ի հիմնական թիմին: Դա իմ կարիերայի վաղ շրջանի ամենայուզիչ պահերից մէկն էր ինձ համար:


- Ե՞րբ հասկացար, որ ֆուտբոլը ոչ միայն զւարճանք է, այլ կարող է դառնալ կեանքիդ հիմնական զբաղմունքը:
- Ես միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին, եւ երբ երազանքդ կատարւում է, եւ դու սկսում ես քո ճանապարհը, դու անհաւանական երջանկութիւն ես զգում: Երբ ես տեղափոխւեցի իմ առաջին արտասահմանեան ակումբը՝ Դոնեցկի «Մետալուրգ», հասկացայ, որ կարող եմ շարունակել առաջխաղացումս եւ ֆուտբոլային լաւ կարիերա ունենալ:


- Ինչպէ՞ս կը բնութագրես հայկական ֆուտբոլն այն ժամանակ, երբ նոր էիր սկսում եւ այսօր: Ի՞նչ է փոխւել:
- Ներկայում Հայաստանի առաջնութիւնն աւելի թոյլ է, քան այն ժամանակ, երբ ես էի հանդէս գալիս Հայաստանում, մրցակցութիւնն այն ժամանակ աւելի բարձր էր:


- Եղե՞լ է պահ, երբ կարող էիր թողնել ֆուտբոլը: Եթէ այո, ապա ի՞նչը ստիպեց չթողնել այն եւ ինչպէ՞ս յաղթահարեցիր պահը:
- Երբեմն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում լինում են դժւար ժամանակներ, բայց երբեք պէտք չէ յանձնւել: Երբեմն կարող ես ունենալ մտքեր, որ պէտք է կանգ առնել: Դա մարդկային բնական զգացողութիւն է, բայց դա չի կարող քեզ ստիպել դադարեցնել այն, ինչ դու սկսել ես: Դու պէտք է ուժ գտնես վատ մտքերը վանելու համար:


- Փոքր տարիքից եղել ես ուշադրութեան կենտրոնում: Ինչպէ՞ս ես վերաբերւել մարդկանց այն պնդումներին, որ անպայման մեծ ֆուտբոլիստ ես դառնալու:
- Իմ հայրը, իրօք, շատ յայտնի ֆուտբոլիստ էր, բայց ես շատ ճնշում չեմ զգացել փոքր տարիքում: Իմ ընտանիքն ինձ հնարաւորութիւն ընձեռեց ընտրել ֆուտբոլիստ դառնալու եւ այլ մասնագիտութեամբ շարունակելու միջեւ, եւ ես որոշում կայացրեցի ընտրել ֆուտբոլային ուղին:


- Կարո՞ղ ես յիշել առաջին խաղդ եւ գոլդ «Փիւնիկ»-ի առաջին թիմի կազմում:
- Իհարկէ յիշում եմ: Ես գոլի հեղինակ դարձայ «Փիւնիկ»-ի կազմում իմ առաջին իսկ խաղում՝ գրաւելով «Շիրակ»-ի դարպասը: Ես շատ ուրախ էի այդ պահին:


- Ընդամենը 17 տարեկան էիր, երբ նշեցիր նորամուտդ Հայաստանի ազգային հաւաքականում. ի՞նչ էիր զգում այդ պահին:
- Շատ երջանիկ էի այդ պահին: Մեծ պատիւ էր հրաւէր ստանալ ազգային հաւաքականից: Ես իրօք ուզում էի խաղալ իմ ազգի համար եւ շատ աշխատանք եմ տարել ազգային հաւաքականի կարեւոր խաղացող դառնալու համար:


- Իսկ ո՞րն է քո ամենագեղեցիկ գոլը (գոլերը) ազգային հաւաքականի կազմում եւ ակումբներում:
- Շատ գոլեր եմ խփել կարիերայիս ընթացքում, բայց կարծում եմ դեռ էլ աւելի շատ պէտք է խփեմ: Չեմ ուզում առանձնացնել կոնկրետ մէկը, ոչ հիմա, բայց յոյս ունեմ, որ կարիերայիս վերջում այս հարցին պատասխանելիս գոլերն այնքան շատ կը լինեն, որ էլ աւելի կը դժւարանամ պատասխանել Ձեր հարցին (ժպտում է):


- «Փիւնիկ»-ում խաղում էիր 22 համարով, երիտասարդականում՝ 11, ազգայինում սկզբից՝ 9: Ինչպէ՞ս եղաւ, որ սկսեցիր հանդէս գալ 18 համարով:
- Երբ միացայ «Փիւնիկ»-ին, միայն 22 համարն էր ազատ... յետոյ երիտասարդական հաւաքականում ես վերցրեցի 18-ը, այն ինձ դուր եկաւ, եւ հետագայում ազգային հաւաքականում եւս սկսեցի հանդէս գալ այդ համարի ներքոյ: Ես սիրում եմ այդ համարը, չնայած որ ընդհանրապէս սնահաւատ չեմ:


- 2009 թւականին տեղափոխւեցիր «Մետալուրգ», այնուհետեւ՝ «Շախտեօր»: Ի՞նչ հիմնական տարբերութիւններ կային հայկական եւ ուկրայնական ֆուտբոլի միջեւ:
- Ուկրայինայի առաջնութիւնը ֆիզիկական եւ տեխնիկական տեսանկիւնից աւելի բարդ էր ինձ համար, քանի որ մենք մրցում էինք այնպիսի ուժեղ թիմերի դէմ, ինչպիսիք էին Կիեւի «Դինամօ»-ն, «Դնեպր»-ը, «Մետալիստ»-ը: Հայաստանում ես արդէն իսկ խաղում էի առաջատար թիմում, ինչը, իհարկէ, առաւելութիւն էր տալիս:


- «Շախտեօր»-ի կազմում նշեցիր նորամուտդ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Ի՞նչ է զգում ֆուտբոլիստը, ով երկու տարի առաջ խաղում էր «Բանանց»-ի, «Շիրակ»-ի կամ «Արարատ»-ի դէմ, իսկ յետոյ խաղում է «Բարսելոնա»-ի, «Ռոմա»-ի, «Արսենալ»-ի մակարդակի թիմերի դէմ:
- Հայաստանում խաղալիս հեռուստացոյցով միշտ դիտում էի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպումները եւ երկու տարի անց հնարաւորութիւն ստացայ արդէն անձամբ հանդիպել աշխարհի ուժեղագոյն ակումբներին «Շախտեօր»-ի կազմում: Ժամանակի հետ ես աւելի յարմարւեցի այդ մրցաշարին, իսկ հիմա Մանչեսթըրում մենք մշտապէս խաղում ենք Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմերի դէմ:


- Ուկրայինայում սահմանեցիր արդիւնաւէտութեան ռեկորդ՝ միայն առաջնութիւնում խփելով 25 գնդակ: Կիսապաշտպանի համար ֆանտաստիկ ցուցանիշ: Ո՞րն էր յաջողութեանդ գաղտնիքը:
- Իմ յաջողութեան գաղտնիքն այն էր, որ ես երբեք չեմ դադարել աշխատել եւ երբ ես խփեցի 25 գոլ, դա ոչ միայն իմ, այլ ամբողջ թիմի աշխատանքի արդիւնքն էր: Այդ ժամանակ մենք շատ ուժեղ թիմ ունէինք՝ Դուգլաս Կոստա, Վիլիան, Ֆերնանդինիօ, Դարիօ Սռնա, դա «հանքափորների» պատմութեան մէջ լաւագոյն թիմն էր:


- Զուգահեռաբար խաղընկերներիդ հետ փայլուն ելոյթներ էիր ունենում Հայաստանի ազգային հաւաքականի կազմում: Ո՞ր գործօնների շնորհիւ էր յաջողւում այդպիսի խաղ ցուցադրել 2010-2013 թւականներին:
- Այդ պահին մենք ունէինք փորձառու եւ երիտասարդ ֆուտբոլիստների լաւ համաձուլւածք եւ այս համադրութեան շնորհիւ կարողացանք լաւագոյն արդիւնքները գրանցել: Միաժամանակ այդ ընթացքում մարզական բախտը մեր կողմն էր, որովհետեւ առանց դրա դժւար է յաղթել այնպիսի թիմերի, ինչպիսիք են Դանիան կամ Սլովակիան: Իհարկէ մենք շատ լաւ հաւաքական ունենք եւ միշտ պատրաստ ենք լաւ խաղ ցուցադրելու:


- Դանիայի հաւաքականի հետ խաղում (0-4) գոլերի քանակով հաւասարւեցիր հաւաքականի բոլոր ժամանակների լաւագոյն ռմբարկու Արթուր Պետրոսեանին: Երբ երեխայ էիր, կարո՞ղ էիր մտածել, որ կը հասնես այդպիսի յաջողութեան:
- Ինչպէս ցանկացած ֆուտբոլիստ, ես սիրում եմ գոլեր խփել, եւ ես շատ երջանիկ եմ, որ կարողացայ գերազանցել մեր հաւաքականի նոր գլխաւոր մարզչին պատկանող ռեկորդը (ծիծաղում է): Այնքան էլ հեշտ չէ ազգային հաւաքականի կազմում դառնալ շատ գոլերի հեղինակ, որովհետեւ դու հիմնականում խաղում ես շատ ուժեղ մրցակիցների դէմ, բայց ես միշտ փորձում եմ անել հնարաւոր ամէն ինչ՝ գոլ խփելու համար:


- Ինչպէ՞ս կը բնութագրես Արթուր Պետրոսեան-մարզչին:
- Արթուր Պետրոսեանն ինձ համար եղել է Հայաստանի հաւաքականի պատմութեան լաւագոյն խաղացողներից մէկը, եթէ ոչ լաւագոյնը: Միշտ աջակցութիւն եմ ստացել նրա կողմից: Իր հետ աշխատելով՝ մեծ տպաւորութիւն ունեմ: Նա լաւ է հասկանում ֆուտբոլը, շատ մեծ գիտելիքներ ունի կարծում եմ՝ միասին կարող ենք յաջողութիւնների հասնել: Նա կարող է հաւաքականին նոր բան տալ:


- Իտալիայի հետ խաղում խփեցիր 12-րդ գոլդ հաւաքականի կազմում, հետագայ տարիներին գոլերիդ թիւը հասցրեցիր 19-ի: Ըստ քեզ քանի՞ գոլ կը խփես հաւաքականի կազմում մինչեւ կարիերայիդ աւարտը:
- Երբեք չեմ կենտրոնանում կոնկրետ թւի վրայ, քանի որ ինձ համար ամենակարեւորը խաղից հաճոյք ստանալն է:


- Կրկին վերադառնանք ակումբային գործերիդ: 2013 թւականին տեղափոխւեցիր Դորտմունդի «Բորուսիա»: Կրկին մէկ քայլ առաջ: Ինչպէ՞ս յարմարւեցիր գերմանական ֆուտբոլին:
- Մի փոքր դժւար էր սկզբում, քանի որ ապրելակերպը տարբերւում էր Ուկրայինայից, գումարած նաեւ լեզւական արգելքը: Բայց մէկ տարի անց ես սկսեցի աւելի յարմարաւէտ զգալ Գերմանիայում: Ես շատ հպարտ եմ, որ խաղացել եմ Դորտմունդի «Բորուսիա»-ում: Դա ֆանտաստիկ փորձ էր ինձ համար:


- Երեք մրցաշրջաններից վերջինը փառայեղ ստացւեց: Ինչի՞ շնորհիւ յաջողւեց հասնել այդ մակարդակի:
- Իմ առաջին մրցաշրջանն ակումբում նորեկի համար շատ լաւն էր, բայց երկրորդը թէ իմ, թէ թիմի համար այնքան էլ յաջող չէր: Ես չեմ կարծում, թէ այդ մրցաշրջանում մէկ կոնկրետ ֆուտբոլիստը կարող էր շատ բան փոխել թիմի խաղում: Իմ երրորդ տարին ֆենոմենալ էր, որովհետեւ նոր մարզիչն ինձ տւեց ազատութիւն եւ հնարաւորութիւն աւելի մօտ խաղալու մրցակցի դարպասին: Հէնց դրա շնորհիւ ես կարողացայ այդքան գոլեր խփել եւ փոխանցումներ կատարել:


- Կարո՞ղ ես 3 բառով բնութագրել Դորտմունդի երկրպագուներին:
- Խենթ, հիանալի, անհաւանական:


- Հերթով խօսենք արտասահմանեան ակումբներում քեզ մարզած մարզիչների մասին: Նրանցից ով ինչպիսի՞ն էր եւ ով ի՞նչ տւեց քեզ. Նիկոլայ Կոստով, Միրչա Լուչեսկու, Իւրգէն Կլոպ, Թոմաս Տուխէլ:
- Ես շատ շնորհակալ եմ Նիկոլայ Կոստովին, որովհետեւ նրանից ես շատ բան սովորեցի տակտիկական գրագիտութեան առումով: Նա միշտ կարողանում էր ինձնից քաղել առաւելագոյնը: Միրչա Լուչեսկուն ինձ հնարաւորութիւն տւեց միանալ Ուկրայինայի լաւագոյն ակումբին եւ խաղալ Չեմպիոնների լիգայում: Նա կառուցել էր ակումբի պատմութեան կազմում լաւագոյն թիմը՝ բրազիլացի բոլոր ֆուտբոլիստներով հանդերձ, եւ նրա հետ աշխատելը եւս մեծ փորձ էր ինձ համար: Իւրգէն Կլոպը վստահեց ինձ եւ դարձրեց թիմի կարեւորագոյն խաղացողներից մէկը: Նա ինձ հետ շատ աշխատանք էր տանում հոգեբանական առումով: Թոմաս Տուխէլը տւեց ինձ բոլոր հնարաւորութիւնները, լիակատար վստահութիւն հաղորդեց, եւ ամէն ինչ սկսեց գնալ իր բնականոն հունով: Ես այնքան ազատ էի իմ գործողութիւններում նրա օրօք, որ կարծես ճախրէի օդում... Ինչ վերաբերում է Ժոզէ Մոուրինիոյին, ես յուսով եմ շատ բան սովորել նրանից: Նա ֆանտաստիկ նւաճումների հասած մարզիչ է:


- Իսկ հայ մարզիչներից ո՞վ է ամենամեծ ազդեցութիւնը թողել քեզ վրայ՝ սկսած մանկա-պատանեկան ֆուտբոլից մինչեւ ազգային հաւաքականներ:
- Արմէն Գիւլբուդաղեանցը, ում հետ ես մինչ օրս կապի մէջ եմ, ինձ շատ բան է սովորեցրել կեանքում: Ես սիրում էի նրա՝ երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատելու ոճը եւ ժամանակակից ֆուտբոլի նրբութիւններին ծանօթացնելու նրա մեթոդները: Նա միշտ ասում էր ինձ՝ «Դու պէտք է արագ մտածես եւ գործես, որովհետեւ դու պէտք է աւելի բարձր մակարդակ ունենաս Եւրոպայում խաղալու համար»:


- Ի՞նչ գործօններ դեր խաղացին «Մանչեսթըր Իւնայթեդ» տեղափոխութեանդ մէջ. անգլիական ֆուտբո՞լը, թի՞մը, մարզի՞չը, վարձատրութի՞ւնը:
- Ես երեք յաջող մրցաշրջան անցկացրեցի Գերմանիայում, բայց ես հնարաւորութիւն ունեցայ տեղափոխւել աշխարհի ուժեղագոյն առաջնութեան բարձրակարգ թիմերից մէկը: Հայրս միշտ սովորեցնում էր ինձ ինքս իմ համար մարտահրաւէրներ սահմանել, եւ որպէսզի կարողանայի շարունակել առաջխաղացումը կարիերայի ընթացքում, ես որոշեցի տեղափոխւել «Մանչեսթըր Իւնայթեդ», որտեղ կարող եմ աճել՝ որպէս ֆուտբոլիստ եւ անհատականութիւն: Աշխատավարձը ոչ մի դեր չէր խաղում, ես տեղափոխւեցի միայն ֆուտբոլային պատճառներով: Տեղափոխւեցի ակումբի պատմութեան, առաջնութեան, երկրպագուների եւ մարզչի համար, ով աշխարհում լաւագոյններից մէկն է:


- Ասում են՝ կեանքը Անգլիայում լիովին տարբերւում է Եւրոպայից: Ի՞նչ դժւարութիւններ ունես Անգլիայում, որ չունէիր քո բնակութեան նախորդ վայրերում:
- Այնքան էլ շատ արեւ չկայ, բայց ես չեմ տեղափոխւել Մանչեսթըր լողափ գնալու համար (ժպտում է): Ես համեմատաբար հեշտ յարմարւեցի քաղաքին, որովհետեւ մարդիկ այստեղ շատ բարեհամբոյր են իմ հանդէպ: Մանչեսթըրը շատ դինամիկ քաղաք է, եւ ինձ դուր է գալիս կեանքն այնտեղ: Միակ բանը, որ կարօտում եմ, խաղաժամանակն է, բայց վստահ եմ, որ շատ շուտով կը լրացնեմ այդ բացը: Ես շարունակում եմ աշխատել, իսկ մնացածը կը գայ ժամանակի հետ:


- Ի՞նչ է ընդհանրապէս քեզ համար անգլիական ֆուտբոլը: Քո պատկերացրածն է՞ր արդեօք անգլիական ֆուտբոլի երկրպագուն:
- Նրանք պարզապէս ապրում են ֆուտբոլով, սիրում են իրենց խաղացողներին եւ միշտ աջակցում են թիմին՝ անկախ նրանից՝ թիմը պարտւում է, թէ յաղթում: Սա ստիպում է աւելի մեծ ցանկութեամբ խաղալ այդ թիմի համար: Անգլիայի Պրեմիեր-Լիգան աշխարհի լաւագոյն առաջնութիւնն է, որն ինձ տալիս է շատ տարբեր զգացողութիւններ եւ նոր մարտահրաւէրներ: Կարծում եմ՝ կարող եմ դառնալ աւելի ուժեղ ֆուտբոլիստ՝ խաղալով այստեղ:


- Հոգեբանական խնդիրներ կա՞ն, քանի որ դեռ չես հիմնաւորւել մեկնարկային կազմում, թէ՞ պատճառը ֆուտբոլային է: Հիասթափութիւններ ունե՞ս:
- Հիասթափութիւններ չկան, միայն մարտահրաւէրներ են. ես երբեք կանգ չեմ առնում կամ հիասթափւում, երբ արգելքների եմ հանդիպում իմ ճանապարհին: Ես ուղղակի շարունակում եմ պայքարել՝ իմ նպատակին հասնելու համար: Այսօր ես բաւականաչափ խաղաժամանակ չեմ ստանում՝ ուրեմն ես պէտք է ամէն ինչ անեմ, որպէսզի մարզչական կազմը ինձ աւելի շատ խաղալու հնարաւորութիւն ընձեռի: Ես վստահ եմ, որ կարող եմ յաջողութիւն ունենալ «Մանչեսթըր Իւնայթեդ»-ում, եւ ես ուզում եմ բոլորին ապացուցել, որ արժանի եմ այս թիմում եւ այս առաջնութիւնում առանցքային խաղացող լինել:


- Անգլիայում, թերեւս, ամենադժւարն է լինել ճանաչւած. տաբլոիդներ, պապարացիներ եւ այլն. Արդէն յարմարւե՞լ ես այդ ամենին եւ ինչպէ՞ս ես վերաբերւում ամենատարբեր լուրերի, որոնք տարածւում են քո մասին:
- Ես դեռեւս պրոբլեմներ չեմ ունեցել որեւէ թերթի կամ լրագրողի հետ Անգլիայում: Իմ կարծիքով մեդիայի ներկայացուցիչները լաւ են վերաբերւել եւ աջակցել են ինձ հէնց առաջին օրւանից, նոյնիսկ այն դէպքում, երբ ես ընդհանրապէս չէի խաղում:


- Ի՞նչ ես զգում, երբ քո շնորհիւ ճանաչում են Հայաստանն ամբողջ աշխարհում:
- Ես միշտ անում եմ առաւելագոյնը՝ իմ երկիրն աշխարհով մէկ յայտնի դարձնելու համար, որպէսզի մարդիկ իմանան նրա աշխարհագրական դիրքը եւ պատմութիւնը:


- Կրկին վերադառնանք հաւաքականին, Ռոման Բերեզովսկու հեռանալուց յետոյ դու դարձար Հայաստանի ազգային հաւաքականի աւագը: Ի՞նչ է փոխւում ֆուտբոլիստի մօտ աւագի թեւկապով խաղադաշտ դուրս գալիս:
- Դու աւելի մեծ պատասխանատւութեամբ ես դուրս գալիս խաղադաշտ, քանի որ պէտք է առաջնորդես թիմին խաղի ընթացքում: Ես պատրաստ եմ օգնել ցանկացած ֆուտբոլիստի, մենք մի թիմ ենք եւ մենք պէտք է առաջ շարժւենք միասին:


- Երկրպագուները միշտ հետաքրքրւում են՝ ինչո՞ւ դու չես իրացնում տուգանային հարւածները կամ 11-մետրանոցներն ակումբներում, ինչպէս դա անում ես ազգային հաւաքականում:
- Ակումբային մակարդակում սկզբից պէտք է յարմարւել թիմին եւ միայն յետոյ ստանալ հնարաւորութիւն դառնալ ստանդարտների հաստիքային իրացնողը: Ես իրացնում էի անկիւնայինները եւ տուգանայինները Դորտմունդում եւ կարծում եմ՝ վատ չէր ստացւում: Ինչ վերաբերում է 11-մետրանոցներին, միշտ կան հաստիքային իրացնողներ: Երբեք չեմ հրաժարւել 11-մետրանոց իրացնելուց, ուղղակի միշտ պահպանել եմ թիմային կարգապահութիւնը:


- Իրատեսական համարո՞ւմ ես այս խմբում դեռ պայքարել եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու համար:
- Մենք միշտ փորձում ենք անել առաւելագոյնը: Հասկանալի է, որ մենք մեծ թիմ չենք, ինչպէս, օրինակ, Ֆրանսիան, եւ չենք կարող միշտ դուրս գալ խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլ, բայց մենք փորձում ենք մօտենալ այդ մակարդակին: Եթէ դա մի օր ստացւի, ուղղակի հիանալի կը լինի:


- Խաղընկեր, ում հասկանում էիր կէս խօսքից:
- Ես սիրում եմ, երբ ֆուտբոլիստները իրար հասկանում են նոյնիսկ առանց նայելու: Ես ունէի այդպիսի հասկացողութիւն Օբամէեանգի հետ Դորտմունդում, եւ բրազիլացիների հետ՝ Դոնեցկում:


- Կարիերայիդ ընթացքում անընդհատ դէպի վեր ես բարձրանում: Ո՞րն է ֆուտբոլում այն նպատակը, որին դեռ չես հասել, բայց շատ կուզէիր:
- Ես չեմ սիրում խօսել այն մասին, թէ ինչի կարող էի կամ կուզէի հասնել: Ես նախընտրում եմ աւարտել գործը, յետոյ խօսել այդ մասին: Ես ձգտում եմ հասնել բարձրագոյն մակարդակի ֆուտբոլում, նւաճել շատ տիտղոսներ, որովհետեւ կարիերայի աւարտից յետոյ հէնց դա է յիշւելու:


- Ընդհանրապէս ի՞նչ է հարկաւոր ֆուտբոլիստին կարիերայում առաջ գնալու համար. տաղա՞նդ, բնաւորութիւն, թէ մէկ այլ բան:
- Բոլորը միասին: Միայն տաղանդը բաւական չէ, պէտք է համատեղել այն ծանր աշխատանքի եւ ուժեղ բնաւորութեան հետ:


- Ի՞նչ հիմնական տարբերութիւններ ես տեսնում ֆուտբոլիստ դառնալու եւրոպական եւ հայկական ճանապարհներում: Ինչ կը մաղթես մեր երիտասարդ ֆուտբոլիստներին:
- Հաւատալ նրան, ինչով զբաղւում են, ունենալ երազանքներ եւ շատ աշխատել՝ դրանք իրականացնելու համար: Նրանք պէտք է կառուցեն յաջողութեան իրենց ճանապարհը:

ՀՖՖ-ի
Մամուլի քարտուղարութիւն

Յարակից Հրապարակումներ

  • Մխիթարեանի մանչեսթերեան կեանքի մասին
    Մխիթարեանի մանչեսթերեան կեանքի մասին

    Մի քանի դժւար ամիսներից յետոյ Մխիթարեանը տեղ գտաւ «Մանչեսթեր Իւնայթեդի» հիմնական կազմում եւ բնակւում է «Լոուրի» հիւրանոցում, որտեղ ապրում է նաեւ Մոուրինիւն։

  • Զլաթանը փրկեց «MANU»-ին վերահաս պարտութիւնից
    Զլաթանը փրկեց «MANU»-ին վերահաս պարտութիւնից

    Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում երէկ՝ յունւարի 15-ին կայացաւ ֆուտբոլային աշխարհի ամենադասական դիմակայութիւններից մէկը:

  • Վարազդատ Յարոյեանը՝ տուրի խորհրդանշական հաւաքականում
    Վարազդատ Յարոյեանը՝ տուրի խորհրդանշական հաւաքականում

    «ԱԼԻՔ» -  Ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի եւ Մաշհադի «Փադիդէ» թիմի պաշտպան Վարազդատ Յարոյեանն ընդգրկւել է Իրանի բարձրագոյն լիգայի 16-րդ տուրի խորհրդանշական հաւաքականում:

    Ընտրութիւնը կատարել է «varzesh3.ir» կայքը:

    Վարազդատ Յարոյեանի մասին կայքի փորձագէտը գրել է. «Վերջին խաղում, պահեստայինների նստարանին յայտնւելուց յետոյ, հայ պաշտպանը մրցաշրջանի երկրորդ կէսը մեկնարկեց թիմի հիմնական կազմում: Նա «Փադիդէ»-«Սեփահան» խաղում փայլուն խաղ ցուցադրեց մրցակցի չափազանց արագաշարժ յարձակւողների եւ կիսապաշտպանների դէմ պայքարում՝ թոյլ չտալով նրանց սպառնալ դարպասապահ Շահաբ Գորդանի պաշտպանած դարպասը: Մրցակիցը հեռահար 2-3 հարւածից բացի, չունեցաւ որեւէ այլ ռէալ հնարաւորութիւն»:

    Կայքը նշում է, որ մեծ էր Վարազդատի դերակատարութիւնը՝ հզօր մրցակցից կորզած ոչ-ոքի արդիւնքում:

  • Դիտմար Համան.- «Մխիթարեանը ձեւաւորել է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի խաղաոճը»
    Դիտմար Համան.- «Մխիթարեանը ձեւաւորել է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի խաղաոճը»

    Գերմանիայի ֆուտբոլի ազգային հաւաքականի եւ «Լիւերպուլ»-ի նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը կարծիք էյ Հայաստանի հաւաքականի եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի մասին` ընդգծելով նրա կարեւորութիւնը մանկունեանցիների վերջին շրջանի յաջող խաղում:

  • Մխիթարեանը, Պոգբան և Իբրահիմովիչը ընթացիկ մրցաշրջանում ամենաշատն են ճանաչւել հանդիպման լաւագոյն ֆուտբոլիստ
    Մխիթարեանը, Պոգբան և Իբրահիմովիչը ընթացիկ մրցաշրջանում ամենաշատն են ճանաչւել հանդիպման լաւագոյն ֆուտբոլիստ

    «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի նորեկներ Հենրիխ Մխիթարեանը, Պոլ Պոգբան եւ Զլատան Իբրահիմովիչը ընթացիկ մրցաշրջանում ամենաշատն են արժանացել «հանդիպման լաւագոյն ֆուտբոլիստ» կոչմանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։